Aravot.am-ը տեղեկացրել է, որ Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնում կրքերը լարված են, եւ թատրոնին դատի է տվել գեղարվեստական ղեկավար Հայկ Մնացականյանն ու այնտեղ փորձաշրջանով աշխատած Էլեոնորա Հայրապետյանը: Վերջինիս չի հաջողվել թատրոնում կուրսային աշխատանքն իրականացնել:
Քանի որ բոլոր կողմերին լսել էինք, կապվեցինք նաեւ Էլեոնորա Հայրապետյանի հետ, որը նույն թատրոնում աշխատող դերասանուհիներից մեկի` Անահիտ Բադալյանի դուստրն է:
Aravot.am-ը Էլեոնորա Հայրապետյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է դատի տվել թատրոնին:
«Ես դատի եմ տվել, որովհետեւ ինձ անհիմն հեռացրել են աշխատանքից եւ այն էլ նախատեսվածից շուտ: Այսինքն, եթե 6 ամսով պայմանագիր էին կապել, բայց 4-րդ ամսին ինձ հեռացրել են»,-ասաց մեր զրուցակիցը:
Հարցրինք, թե ինչո՞ւ չէր ստացվում իր աշխատանքը, մանավանդ թատրոնի դերասանների պնդմամբ, 4 ամիս փորձ է արվել, եւ դա բավարար էր ներկայացում հանձնելու համար, իրենք էլ միշտ եկել են փորձերին, ընդ որում՝ ուսանողուհին նաեւ վարձատրվել է փորձաշրջանով աշխատելու պարագայում:
«Դա նորմալ է, եթե մարդը թեկուզ փորձաշրջանով ընդունվում է աշխատանքի, վարձատրվում է: Իսկ ինչու չի ստացվել աշխատանքը, որովհետեւ ինձ 6 ամիս էր տրված, 4-րդ ամսից ուղղակի ինձ հանել են աշխատանքից: Դերասանները փորձերին չէին գալիս: Ես խնդիր ունեցա դերասաններին փոխելու, ինչի մասին տեղեկացրի թատրոնի գեղարվեստական ղեկավարին: Հրապարակման մեջ Սամվել Ղազարյանն ասել էր, որ իբր իմ մայրիկն է ինձ բերել թատրոն, բայց մայրիկս այստեղ կապ չունի: Ես ունեմ բոլոր թղթերը, որ ինձ թատրոն է ուղարկել իմ կուրսի ղեկավար Երվանդ Ղազանչյանը: Մեր ինստիտուտում վաղուց ընդունված կարգ է, երբ որ դու երրորդ կուրս ես, քո դիպլոմային աշխատանքը պետք է կատարես որեւէ թատրոնում, եւ քանի որ ես Արարատի մարզից եմ, Երվանդ Ղազանչյանը նպատակահարմար գտավ, որ բեմադրություն անեմ Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնում, որպեսզի կեցության եւ այլ խնդիրներ չունենամ»,-պարզաբանեց մեր զրուցակիցը:
Էլեոնորա Հայրապետյանին հարցրինք, թե ի վերջո ի՞նչ է ակնկալում դատի արդյունքում:
«Ես չեմ սիրում, որ ինձ հետ անարդար բան է կատարվում, ես ուզում եմ, որ օրենքի սահմաններում արդարությունը վերականգնվի: Եվ եթե դատարանը որոշի, որ պետք է այդ թատրոնում աշխատեմ, ուրեմն կաշխատեմ: Ամո Խարազյանի անվան թատրոնում շատ փոքր տարիքից եմ եղել, շատ սիրում եմ, հիմա, ցավոք, թատրոնը վատ վիճակում է»,- ասաց թատրոնին դատի տված Էլեոնորա Հայրապետյանը: Նա նշեց, որ թեեւ նախկին տնօրենն է իրեն ազատել, սակայն նոր տնօրենն էլ շարունակել է նախկինի բռնած գիծը եւ չի էլ լսել իր տեսակետը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Էլեոնորա Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից: