Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Polexit. ԵՄ ապաինտեգրման հերթական իրական հեռանկա՞ր, թե՞ քարոզչություն

Հունվար 31,2019 14:55

Անի Եղիազարյան 

ՄԱՀՀԻ  ասոցացված փորձագետ, եվրոպագետ

Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա)

քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող

  

ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ

 

  • 2015թ. Լեհաստանի նախագահական ու խորհրդարանական ընտրություններում հաղթեց պահպանողական «Իրավունք և արդարություն» («ԻևԱ») կուսակցությունը, որով 1989թ. հետո ժողովրդավարական Լեհաստանով մեկ կուսակցությունն առաջին անգամ հնարավորություն ստացավ առանց կոալիցիա կազմելու ղեկավարել երկիրը՝ իր ձեռքում կենտրոնացնելով ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունը։
  • Հաշվի առնելով «ԻևԱ»-ի ուղղվածությունը, նախընտրական շրջանում նրա տված խոստումները, հնչեցրած կարգախոսները՝ Վարշավայի ու Բրյուսելի միջև կոնֆլիկտն ակնկալելի էր։
  • Վարշավայի ու Բրյուսելի միջև կոնֆլիկտն այնքան խորացավ, որ Լեհաստանում, և ոչ միայն, սկսեցին խոսել Polexit-ի հնարավորության մասին։
  • «ԻևԱ»-ի իշխանության գալուց հետո Լեհաստանը դարձել է ԵՄ-ի խնդրահարույց անդամներից մեկը։

 

 

ԼԵՀԱՍՏԱՆ 2015. ՇՐՋԱԴԱՐՁԻ ՀԻՄՔԵՐԸ

 

2015թ. հոկտեմբերի 25-ին Լեհաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին ընդդիմադիր «ԻևԱ»-ի համոզիչ հաղթանակով, որը հավաքեց քվեների 37.6%-ը՝ ստանալով Սեյմի 460 մանդատներից 235-ը և Սենատի 100 մանդատներից 61-ը։ Իշխող «Քաղաքացիական հարթակ» («ՔՀ») կուսակցության ներկայությունը Սեյմում 207-ից կրճատվեց մինչև 138-ի, իսկ Սենատում՝ 63-ից մինչև 33-ի («ՔՀ»-ը հավաքեց քվեների 24.1%-ը)։ Այդպիսով, 1989թ.-ից հետո ժողովրդավարական Լեհաստանով մեկ կուսակցությունն առաջին անգամ հնարավորություն ստացավ առանց կոալիցիա ձևավորելու ղեկավարել երկիրը՝ իր ձեռքում կենտրոնացնելով թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր իշխանությունը։ Հիշեցնենք, որ 2001թ. «ԻևԱ»-ն լիբերալ-կոմունիստների դեմ պայքարի կարգախոսների ներքո հիմնել են Լեհ և Յարոսլավ Կաչինսկի եղբայրները։ Դրանից հետո այն Լեհաստանում նկատելի պահպանողական ուժ էր, և այնուամենայնիվ, մինչև 2015թ. կուսակցությանը որևէ անգամ չէր հաջողվել մեծամասնություն ստանալ Սեյմում։

Հարկ է նշել, որ 2015թ. (կես տարվա ընթացքում) լեհերը փաստորեն քվեարկում էին երկրորդ անգամ. մայիսին Լեհաստանում անցկացվել էին նախագահական ընտրություններ, որոնք երկրին տվել էին պետության նոր ղեկավար՝ պահպանողական Անջեյ Դուդա, ով մինչ այդ ներկայացնում էր «ԻևԱ»-ն (Դուդան ստացավ քվեների 51.5%-ը)։ Այն ժամանակ «ՔՀ»-ը վստահ էր, որ նախագահական ընտրություններում հաղթելու է իր թեկնածու Բրոնիսլավ Կոմորովսկին, ով այդպես էլ հրաժարվեց մասնակցել բանավեճերի (Կոմորովսկին հավաքեց քվեների 48.5%-ը)։ «ՔՀ»-ին նման վստահություն էր ներշնչել այն, որ նա արդեն 8 տարի էր, ինչ գտնվում էր իշխանության ղեկին և չէր կասկածում դրա շարունակականության մեջ։ Իսկ ինչո՞ւ «ՔՀ»-ը ձախողվեց 2015թ.՝ այն էլ միանգամից երկու ընտրություններում, և ինչո՞ւ հաջողության հասավ «ԻևԱ»-ն։ Դա ունի մի շարք պատճառներ.

Տնտեսական – Նախ նշենք, որ «ՔՀ»-ի տվյալ վստահությունը հիմնականում հենված էր Լեհաստանի տնտեսական վերջին հաջողությունների վրա. 2005-2015թթ. Լեհաստանի ՀՆԱ-ն աճեց գրեթե կրկնակի, իսկ Լեհաստանը դարձավ տարածաշրջանում ամենամեծ բանկային սեկտորն ունեցող երկիրը, երկրում կատարվեցին օտարերկրյա լուրջ ներդրումներ, որոնք դրսևորվեցին ոչ միայն փողի տեսքով, այլև՝ արևմտյան խոշոր կոնցեռների արտադրությունների բացմամբ։ «ՔՀ»-ի եվրոպամետ համոզիչ կուրսը նպաստեց նրան, որ Լեհաստանը դիտարկվի որպես ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի ամենահուսալի գործընկերներից մեկը (Լեհաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել է 1999թ., իսկ ԵՄ-ին՝ 2004թ.)։ Եվ, ընդհանրապես, 2010-ականների կեսերին Լեհաստանը համարվում էր Արևելյան Եվրոպայի երկրների թվում հետկոմունիստական տրանսֆորմացիայի ամենահաջող օրինակներից մեկը։ Չնայած այս ամենին՝ հարցն ուներ նաև հակառակ կողմը. պլանային տնտեսությունից շուկայատնտեսությանն արմատական անցում կատարելը հազվադեպ է տեղի ունենում առանց ցավոտ կողմերի։ Լեհաստանում տնտեսական վերափոխումն ուղեկցվում էր իրավական տեսանկյունից ոչ մշտապես անթերի սեփականաշնորհման գործընթացով, գործազրկության աճով (գործազրկության մակարդակը կայուն աճում էր և 2013թ. դրությամբ կազմում էր 13-15%), բնակչության շերտավորման մեծացմամբ և այլն։ ՀՆԱ-ի աճն իրենց վրա չզգացին շատ լեհեր և հատկապես երկրի արևելյան գյուղական շրջանների բնակիչները։ Լեհաստանի մի շարք շրջաններ շատ չզարգացան, փակվեցին բազմաթիվ ձեռնարկություններ, իսկ նրանցում, որոնք շարունակեցին աշխատել, միջին աշխատավարձը շարունակեց մնալ նույնը՝ 2000-3000 զլոտի (1 եվրոն հավասար էր 4.18 զլոտիի)։ Բացի այդ, ԵՄ-ին անդամակցելուց հետո կայուն աճում էր Լեհաստանից աշխատանքային ներգաղթյալների հոսքը դեպի Արևմտյան Եվրոպա՝ 2007թ. գերազանցելով 2 մլնը։ Այս ամենը վկայում է, որ Լեհաստանի բնակչության մի զգալի հատված դժգոհ էր մնացել «ՔՀ»-ի տնտեսական քաղաքականությունից։ Մինչդեռ «ԻևԱ»-ն նախընտրական շրջանում առաջ քաշեց «500+» ծնելիության խթանմանն ուղղված նախագիծը, որը նախատեսում էր ընտանիքներին վճարել ամսական 500 զլոտի յուրաքանչյուր երեխայի համար՝ սկսած երկրորդից։ 3000 զլոտի ամսական եկամտով բազմազավակ ընտանիքների համար դա զգալի հավելում էր։ Այդպիսով, «ԻևԱ»-ն շեշտը դրեց բնակչության ոչ այնքան ապահով շերտերի ֆինանսական վիճակը բարելավելու վրա, ինչը տվեց իր արդյունքները։

Գաղափարական – Չնայած նրան, որ Լեհաստանի գրեթե բոլոր բնակիչներն աջակցում էին ԵՄ-ին Լեհաստանի անդամակցությանը, այնուամենայնիվ, նրանց մի զգալի հատվածին դուր չէր գալիս «կրտսեր գործընկերոջ» կարգավիճակը, որը, նրանց կարծիքով, Լեհաստանը զբաղեցնում էր եվրոպական կազմակերպություններում։ Լեհաստանի նախկին արտգործնախարար (2015թ. նոյեմբեր – 2018թ. հունվար) Վիտոլդ Վաշչիկովսկին հայտարարել է, որ միամիտ կլինի կարծելը, թե իրենց համար բավարար է որևէ կազմակերպությանն անդամակցելն ու մնացյալ Եվրոպայի հետ հոսանքին համընթաց «լողալը»։ Նրա խոսքերով՝ Լեհաստանը ձգտում է պաշտպանել ազգային շահերը և կողմ է, որ երկրներին իրավունք տրվի անձամբ ընտրել դաշնակիցներ ու զարգացման ուղի։ Կարելի է ասել, որ ընտրարշավի ժամանակ «ՔՀ»-ի թույլ կողմերից մեկը գաղափարախոսությունն էր (նրա համար գլխավորը երկրի քաղաքացիների համար ընդունելի կենսամակարդակ ապահովելն էր), մինչդեռ գաղափարախոսությունն «ԻևԱ»-ի ուժեղ կողմերից մեկն էր։ 2015թ. ընտրողների մի զգալի հատվածի մոտ ձևավորվել էր այնպիսի զգացողություն, որ «ՔՀ»-ը չի կարողանում պաշտպանել Լեհաստանի ազգային շահերը, մինչդեռ պահպանողական դիրքերից հանդես եկող «ԻևԱ»-ն ունակ է անել դա։ «ԻևԱ»-ն դժգոհ զանգվածներին առաջարկում էր ոչ միայն ֆինանսական վիճակի բարելավում, այլև՝ «Ուժեղ և անկախ Լեհաստանի գաղափար» (Make Poland Great Again), որը կապրի ավանդական արժեքներին համապատասխան և ամեն հարցում այլևս չի ենթարկվի ԵՄ-ին։ Նկատենք, որ Լեհաստանը ԵՄ-ի ամենապահպանողական երկրներից մեկն է, բնակչության 95%-ը կազմում են էթնիկ լեհերը, որոնց ճնշող մեծամասնությունն (2011թ. հարցումների համաձայն՝ ավելի քան 87%-ը) իրեն համարում է հավատացյալ կաթոլիկ (ծագումով լեհ Հռոմի նախկին պապ Հովհաննես Պողոս Երկրորդի կերպարը երկրի քաղաքացիների համար շարունակում է մնալ որպես ամենասրբազան դեմքերից մեկը)։ Հարցումների համաձայն՝ Լեհաստանի բնակչության զգալի մասի համար գրավիչ չէ ո՛չ աշխարհիկությունը, ո՛չ էլ բազմամշակութայնությունը (2016թ. լեհերի միայն 14%-ն է հասարակության համար օգտակար համարել էթնիկ ու մշակութային բազմազանությունը)։ Այս ամենը վկայում է, որ «ԻևԱ»-ն վայելում էր լեհական եկեղեցու աջակցությունը և անգամ նրանց միջև «ռազմավարական դաշինքի» ձևավորման մասին (երկուսն էլ կողմ էին ընտանիքի ինստիտուտի ու կրոնի ամրապնդմանը)։ «ԻևԱ»-ն նաև գտնում էր, որ «ՔՀ»-ն անհրաժեշտ ձևով չի պայքարել կոմունիստական մնացուկների դեմ, որոնք, նրա կարծիքով, պահպանվել են գործող իշխանությունների անգործության և անգամ հովանավորչության պարագայում։

ԵՄ-ում միգրացիոն ճգնաժամ – 2015թ. Լեհաստանում նախագահական ու խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին ԵՄ-ում ծագած միգրացիոն լուրջ ճգնաժամի խորապատկերին։ «ՔՀ»-ի կառավարությունը, հետևելով ԵՄ-ի պահանջներին, խոստացավ, որ Լեհաստանը կընդունի Մերձավոր Արևելքը ներկայացնող 7000 փախստականի։ «ԻևԱ»-ն կտրուկ դեմ հանդես եկավ դրան (պատճառների մասին կխոսվի ստորև)։ Արդեն նշվեց, որ Լեհաստանը Եվրոպայի ամենապահպանողական երկրներից մեկն է, և բնական է, որ նրա բնակիչների մի զգալի մասը չէր ցանկանում երկրում տեսնել մահմեդական փախստականների։ «ԻևԱ»-ն էլ խոստանում էր պայքարել, թույլ չտալ մահմեդական փախստականների մուտքը երկիր, ինչը լայն արձագանք էր գտնում երկրի ներսում։

Ուժերի գերագնահատում և թերագնահատում – Արդեն նշվեց, որ «ՔՀ»-ը վստահ էր 2015թ. ընտրություններում (համենայն դեպս՝ նախագահական ընտրություններում) իր հաղթանակի մեջ։ Տնտեսական հաջողություններից բացի, հաշվի էր առնվում նաև այն, որ «ՔՀ» առաջնորդ Դոնալդ Տուսկը 2014թ. ընտրվել էր Եվրոպական խորհրդի նախագահ։ Կարելի է ասել, որ «ՔՀ»-ը գերագնահատեց իր հնարավորությունները և թերագնահատեց «ԻևԱ»-ի հնարավորությունները՝ չնայած նրան, որ դեռևս 2013թ. Լեհաստանում անցկացված որոշ սոցհարցումների արդյունքներն արդեն ահազանգում էին «ՔՀ»-ի առաջիկա ձախողման մասին։ Մասնավորապես 2013թ. սեպտեմբերին Homo Homini կենտրոնի անցկացրած հարցման համաձայն՝ «ԻևԱ»-ն ուներ 34% աջակցություն, մինչդեռ «ՔՀ»-ի ցուցանիշը կազմում էր 21%: Սոցհարցումները և ամենակարևորը՝ 2015թ. ընտրությունների արդյունքները վկայեցին պահպանողականների հանրաճանաչության աճի մասին, և դա այն պայմաններում, որ «ԻևԱ»-ն գործնականում չէր փոխվել, նրա հիմնական կարգախոսները մնացել էին նույնը. բարոյական հեղափոխություն, հայրենասիրություն, լեհական ավանդույթներ, կոռուպցիայի դեմ պայքար, ազգային արժույթ, և ամենակարևորը` նոր պետության գաղափարը/կոմունիստական գաղափարախոսությունից ձերբազատված նոր մտածելակերպի գաղափարը[1]: Ընդգծենք, որ նախընտրական շրջանում «ԻևԱ»-ն նաև աչքի ընկավ ակտիվ գործողություններով (հանրահավաքներ, գործադուլներ և երթեր, մասնագիտական խմբերի մասնակցությամբ կոնֆերանսների կազմակերպում՝ պետության արդի խնդիրների վերաբերյալ, ողջ երկրում շրջագայություններ և այլն), ինչը նույնպես նպաստեց նրա վարկանիշի բարձրացմանը։ Այդպիսով, «ԻևԱ»-ի նախընտրական արշավը կառուցվեց պահպանողական արժեքների (ընտանիք, եկեղեցի, հայրենասիրություն) և վելֆերիզմի (բնակչության անապահով խավերին հովանավորող ծրագրերի առաջ քաշում) միավորման վրա, ինչը տվեց իր պտուղները[2]:

ԵՄ-ՌԴ «տնտեսական պատերազմ» – 2014թ. Ուկրաինայի հայտնի դեպքերի (Ղրիմ, Դոնբաս) կապակցությամբ ԵՄ-ը մի շարք պատժամիջոցներ սահմանեց ՌԴ-ի նկատմամբ, որն էլ շուտով իր հերթին սահմանեց պատասխան պատժամիջոցներ։ Մասնավորապես 2014թ. օգոստոսի 1-ից ՌԴ-ն արգելեց մրգերի ու բանջարեղենի (խնձոր, տանձ, սերկևիլ, կեռաս, բալ, կաղամբ) գործնականում ողջ ներկրումը Լեհաստանից։ Լեհական արտադրանքի մուտքը ՌԴ արգելվեց անգամ երրրորդ երկրների միջոցով։ ՌԴ-ն իր այդ որոշումը պատճառաբանեց «Լեհաստանի կողմից իր բուսասանիտարական նորմերի շարունակական խախտումներով»` մանրամասնելով, որ միայն 2013թ. գրանցվել է նմանատիպ 916 խախտում[3]։ Ընդգծենք, որ սա լուրջ հարված էր լեհ ֆերմերներին և հատկապես խնձոր աճեցնողներին, որոնց արտադրանքի ավելի քան 50%-ն արտահանվում էր հենց դեպի ՌԴ։ Ի դեպ, խնձոր աճեցնելու ոլորտում Լեհաստանը ԵՄ-ի բացարձակ առաջատարն է. 2013թ. Լեհաստանում աճեցվել է 3.1 մլն տ խնձոր, ինչը կազմում էր ԵՄ-ում արտադրված խնձորների (12 մլն տ) 26%-ը[4]։ Ելնելով այս ամենից՝ կարելի է ենթադրել, որ ԵՄ-ՌԴ «տնտեսական պատերազմը» Լեհաստանում լուրջ դժգոհությունների տեղիք է տվել թե՛ «ՔՀ»-ի կառավարությունից, թե՛ ԵՄ-ից ընդհանրապես։

Ամփոփելով վերոնշյալը՝ նշենք, որ «ԻևԱ»-ին հաջողվեց ցույց տալ, որ հիրավի ունակ է անել այն ամենը, ինչ խոստանում է, և ընտրազանգվածի մի զգալի հատվածը հավատաց նրան, ինչն էլ արտացոլվեց 2015թ. նախագահական ու խորհրդարանական ընտրությունների արդյունքներում։ Ակնհայտ էր, որ Լեհաստանում «ԻևԱ»-ի (միանձնյա) իշխանության գալուց հետո լուրջ կոնֆլիկտ է առաջանալու Վարշավայի ու Բրյուսելի (նաև Բեռլինի) միջև։ Այն իրեն երկար սպասեցնել չտվեց, ինչի հիմքում ընկած էր երկու հիմնական գործոն՝ ա) «ԻևԱ»-ի ձեռնարկած բարեփոխումներ, բ) ԵՄ-ի միգրացիոն քաղաքականություն։

 

 

«ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Իշխանության գալուց հետո «ԻևԱ»-ն անմիջապես ձեռնամուխ եղավ դատական համակարգին և ԶԼՄ-ներին առնչվող մի շարք բարեփոխումների իրագործմանը։ Դատական համակարգին առնչվող բարեփոխումները կարելի է պայմանականորեն բաժանել երկու մասի՝ հարկադրված և չհարկադրված։

Հարկադրված բարեփոխումներ (սահմանադրական ճգնաժամ) – 2015թ. դեկտեմբերին Լեհաստանում ճգնաժամ ծագեց ՍԴ-ի (տրիբունալ) շուրջ, քանի որ այն չէր կարողանում աշխատել ողջ կազմով՝ կապված իր անդամների ընտրության օրինականության շուրջ ծագած տարաձայնությունների հետ[5]։ Բանն այն էր, որ 2015թ. մայիսին՝ նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո, որոնցում հաղթել էր «ԻևԱ»-ի թեկնածու Ա. Դուդան, խորհրդարանական մեծամասնությունը՝ «ՔՀ» և «Ժողովրդական կուսակցություն» կոալիցիան, որոշեց ՍԴ-ի մասին օրենքում մտցնել ժամանակավոր դրույթ, որը կկարգավորեր ՍԴ դատավորների նշանակման գործընթացը. 2015թ. ավարտվում էր հինգ դատավորի (այսինքն ՍԴ-ի ողջ կազմի 1/3-ի) պաշտոնավարման ժամկետը. երեք դատավորինը՝ 2015թ. նոյեմբերին (7-րդ գումարման խորհրդարանի ժամկետ), իսկ երկու դատավորինը՝ 2015թ. դեկտեմբերին (8-րդ գումարման խորհրդարանի ժամկետ)։ Եվ ահա 2015թ. հոկտեմբերին Լեհաստանի 7-րդ գումարման խորհրդարանն իր վերջին նիստում նշանակեց ՍԴ ոչ թե 3, այլ 5 նոր դատավորի (Լեհաստանի նախագահը չընդունեց նրանց երդումը)։ Սակայն խորհրդարանական ընտրություններից օրեր անց՝ նոյեմբերին, Սեյմը չեղարկեց ՍԴ հինգ նոր դատավորի նշանակումը, իսկ դեկտեմբերի 2-ին նշանակեց ՍԴ հինգ նոր դատավորի։ Ապա Լեհաստանի նախագահը գիշերը լրագրողների բացակայությամբ ընդունեց նրանց երդումը։ Լեհական ընդդիմությունը («ՔՀ», ձախ կուսակցություններ) «ԻևԱ»-ի այդ գործողությունները որակեց ապօրինի և Վարշավայի փողոցներ դուրս բերեց 50.000 մարդ։ Ցուցարարներն «ԻևԱ»-ին մեղադրեցին ՍԴ-ը սեփականաշնորհելու փորձի, ժողովրդավարության հիմքերը խաթարելու և սողոսկող պետական հեղաշրջում իրականացնելու մեջ։ «ԻևԱ»-ն էլ հայտարարեց, որ «ՔՀ» կառավարման 8 տարիներին ՍԴ-ը վերածվել է ձեռքով ղեկավարվող կուսակցական օրգանի։

Դեկտեմբերի 19-ին մեկնարկեց բողոքի զանգվածային ակցիաների երկրորդ ալիքն ավելի քան 20 քաղաքում, այդ թվում նաև Վարշավայում, Կրակովում, Պոզնանում, Շչեցինում, Լյուբլինում, Վրոցլավում, Գդանսկում, Կատովիցեում։ Ուշագրավ է, որ ցուցարարներն իրենց պաստառներում զուգահեռներ էին անցկացնում 1930-ականների Ավստրիայի հետ՝ ընդգծելով, որ 1934թ. ֆաշիստների իշխանության գալն ու Գերմանիայի հետ անշլյուսը սկսվել էր հենց ՍԴ-ի չեզոքացումից հետո։ Լեհական ընդդիմությունն «ԻևԱ»-ի գործողությունները բողոքարկեց ՍԴ-ում, որն էլ օրենքի խախտման համար մեղադրեց երկու կողմին էլ։ ՍԴ-ը վճռեց, որ 7-րդ գումարման («ՔՀ») խորհրդարանն իրավասու էր նշանակել ՍԴ միայն 3 դատավորի, քանի որ նրանց լիազորությունների ժամկետը լրանալու էր 2015թ. նոյեմբերի 3-ին, ինչը տեղավորվում էր 7-րդ գումարման խորհրդարանի լիազորությունների վերջնաժամկետում (նոյեմբերի 12)։ Եվս 2 դատավորի նշանակելու իրավունք ուներ արդեն նոր՝ 8-րդ, գումարման խորհրդարանը։ Այդպիսով, ՍԴ-ի որոշմամբ «ՔՀ»-ն խախտել է օրենքը, երբ մինչև աշնանային խորհրդարանական ընտրություններ անլեգալ ընտրել է ՍԴ-ի 2 անդամի, իսկ «ԻևԱ»-ն խախտել է օրենքը, երբ նախագահը երդման հարցում մերժել է երեք դատավորի, որոնց «ՔՀ»-ն ընտրել է օրինական, ինչից հետո պահպանողականներն ընտրել են 5 սեփական դատավորի՝ շրջանցելով ՍԴ-ի կարծիքը։ Ընդ որում, ՍԴ-ն ընդգծեց, որ երկրի նախագահի պարտականությունն է անհապաղ ընդունել նորանշանակ դատավորների երդումը։ Լեհական ընդդիմությունը մտավախություն ուներ, որ ՍԴ-ի անկյունաքարային այս որոշումը չի հրապարակվի ընդհանրապես, ինչը նույնպես կլիներ օրենքի խախտում և իշխող կուսակցությանը կընձեռեր մանևրելու հնարավորություն, սակայն ՍԴ որոշումն «Օրենքների տեղեկագրում» պաշտոնապես հրապարակվեց դեկտեմբերի 16-ին, այսինքն՝ դրա ընդունումից միայն երկու շաբաթ անց։ Դրանով այդ որոշումն օրինականորեն մտավ ուժի մեջ, սակայն Դուդան հստակ հասկացնել տվեց, որ չի կատարելու այն և ՍԴ-ի դատավորների ընտրության հարցը համարեց փակված։

Ապա Լեհաստանի կառավարությունը որոշեց փոփոխություններ կատարել ՍԴ-ի մասին օրենքում, որը դեկտեմբերի 23-ին ընդունվեց Սեյմի (181 կողմ, 4 ձեռնպահ), իսկ դեկտեմբերի 24-ին՝ Սենատի (58 կողմ, 28 դեմ, 1 ձեռնպահ) կողմից։ Դրա համաձայն՝ ՍԴ-ն այսուհետ կարող է որոշումներ ընդունել միայն ամբողջական կազմով, ինչը նշանակում է 15 դատավորներից առնվազն 13-ի և ոչ թե 9-ի ներկայություն, ինչպես որ պահանջվում էր ավելի վաղ։ Ընդ որում՝ որոշումները պետք է ընդունվեն ոչ թե ձայների պարզ մեծամասնությամբ, ինչպես որ նախկինում էր, այլ՝ քվեների 2/3-ով։ ՍԴ անդամները նաև պետք է երդում տան Սեյմի խոսնակի և ոչ թե նախագահի առջև։ Բացի այդ, առաջարկվում էր, որ ՍԴ-ը գործերը քննի ոչ թե ըստ դրանց կարևորության, այլ՝ ըստ դրանց ստացման հերթականության։ Ընդ որում՝ տվյալ ժամանակ ՍԴ-ի դիտարկման ներքո առկա էր ավելի քան 300 գործ։ Դեկտեմբերի 24-ին օրինագիծն ուղարկվեց նախագահի գրասենյակ, իսկ դեկտեմբերի 28-ին նախագահ Ա. Դուդան ստորագրեց այն։

Լեհական ընդդիմությունն այս օրինագիծը որակեց որպես դատարանների անկախության վերացման ճանապարհին կատարած ևս մեկ քայլ։ Օրինագիծը դատապարտեցին Լեհաստանի նախկին նախագահներ Ալեքսանդր Կվասնևսկին ու Բ. Կոմորովսկին, նախկին վարչապետ Էվա Կոպաչը, նախկին արտգործնախարարներ Ռադոսլավ Սիկորսկին ու Գժեգոժ Սխետինը, Սեյմի ու Սենատի մամուլի նախկին խոսնակներ, Վարշավայի համալսարանի իրավագետները, Յագելոնի համալսարանի Իրավունքի ու կառավարման ֆակուլտետի Գիտական խորհուրդը. ժամանակին կրակովյան հենց այս համալսարանն է ավարտել և իրավունքի դոկտոր դարձել Ա. Դուդան։

2016թ. մարտի 9-ին Լեհաստանի ՍԴ-ը հակասահմանադրական ճանաչեց ՍԴ-ի մասին օրենքում կատարված փոփոխությունները, որոնց խորհրդարանն ընդունել էր 2015թ. դեկտեմբերին (որոշումների ընդունում 2/3-ի աջակցության դեպքում, 13 դատավորի առկայության պարագայում քվորումի ճանաչում, գործերի հերթական քննում՝ ըստ դրանց ստացման և այլն)[6]։ Լեհաստանի կառավարությունը, սակայն, հրաժարվեց ճանաչել ՍԴ-ի այս որոշումը և այն հրապարակել «Օրենքների տեղեկագրում», ինչը նշանակում էր, որ օրենքը չի մտնում ուժի մեջ[7]։ Օրեր անց հրապարակվեց Վենետիկյան հանձնաժողովի 25 էջանոց եզրակացությունը, ըստ որի՝ Լեհաստանի ՍԴ-ի աշխատանքն արգելափակված է համապատասխան օրենքում արված փոփոխություններով (2015թ. դեկտեմբերի 25-ին Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին Սեյմի ու Սենատի ընդունած ՍԴ-ի մասին օրենքն ուղարկել էր Վենետիկյան հանձնաժողովին՝ իմանալու համար վերջինիս կարծիքը տարաձայնություններ հարուցած օրենքի մասին)։ Վենետիկյան հանձնաժողովի գնահատմամբ՝ ՍԴ-ի մասին օրենքի փոփոխությունները կաթվածահար են անում դատարանի աշխատանքի արդյունավետությունը և խաթարում ԵԽ-ի բոլոր երեք հիմնական սկզբունքները՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և արդարադատություն: Եզրակացությունում նաև նշված էր, որ Լեհաստանը պետք է լուծի սահմանադրական ճգնաժամը՝ կատարելով մարտի 9-ին ՍԴ-ի ընդունած որոշումը[8]։

Վերոնշյալը վկայում էր, որ 2015-2016թթ. Լեհաստանի սահմանադրական ճգնաժամն ուներ երկու ասպեկտ, որոնցից առաջինն առնչվում էր ՍԴ նոր դատավորների նշանակման ընթացակարգին, իսկ երկրորդը՝ օրենսդրական այն փոփոխություններին, որոնք լեհական ընդդիմության ու Վենետիկյան հանձնաժողովի կարծիքով (և ոչ միայն) կոչված էին կաթվածահար անելու ՍԴ աշխատանքը։  Եվրոպացի բազմաթիվ փորձագետների կարծիքով՝ Լեհաստանի սահմանադրական-քաղաքական ճգնաժամը սահմանադրական տրիբունալի դատավորներին նշանակելու համար քաղաքական տարբեր ուժերի պայքարի հետևանքն էր։ Մեր կարծիքով՝ Լեհաստանի սահմանադրական ճգնաժամի ակունքները դրվել են հենց «ՔՀ» իշխանությունների կողմից, որոնք հեռանալիս իրենց հետևից «շրխկացրեցին դուռը» (ՍԴ 5 դատավորի նշանակում)։ Մյուս կողմից էլ դա հիանալի առիթ/պատրվակ դարձավ «ԻևԱ»-ի համար՝ թիրախավորելու համար ՍԴ-ը, որը լեհական իրավական համակարգում զսպումների ու հակակշիռների մեխանիզմի առանցքային տարրերից մեկն է և իրավասու է ստուգել, թե որքանով է երկրի օրենսդրությունը՝ ներառյալ օրենսդրական ու նորմատիվային-իրավական ակտերը և միջազգային պայմանագրերը, համապատասխանում Սահմանադրությանը։ ՍԴ-ը նաև մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կարևոր տարր է. յուրաքանչյուր անձ, ում հիմնարար իրավունքները կամ ազատությունները խախտվել են, ունի ՍԴ-ին դիմելու իրավունք։

Սահմանադրական այս ճգնաժամն իր բացասական ազդեցությունը թողեց նաև ԶԼՄ-ների ոլորտի վրա։ Մասնավորապես, 2016թ. հունվարին Լեհաստանի նոր կառավարությունը ձեռնամուխ եղավ պետական ԶԼՄ-ների բարեփոխմանը։ Հեռուստա և ռադիոհեռարձակման նոր օրենքով նախատեսվում էր կասեցնել Լեհաստանի հանրային հեռուստատեսության (TVP) և Լեհական ռադիոյի վերահսկիչ ու կառավարման խորհուրդների լիազորությունները և կրճատել այդ խորհուրդների քանակը։ Նոր օրենքով՝ Լեհաստանի ֆինանսների նախարարն իրավունք ստացավ նշանակելու այդ մեդիաների ղեկավար կազմն ու փոխելու դրանց կանոնադրությունը։ Այն բանից հետո, ինչ ուղղումները մտան ուժի մեջ, աշխատանքից զրկվեց մոտ 140 լրագրող՝ ներառյալ խմբագրությունների  (TVP-TVP1, TVP2, TVP-Մշակույթ) ղեկավարները[9]։ TVP նոր ղեկավար դարձավ Յացեկ Կուրսկին՝ Յ. Կաչինսկու հավատարիմ դաշնակիցը, ով TVP-ի նախկին ղեկավարությանը մեղադրեց միայն ձախ-լիբերալ քաղաքական ուժերի դիրքորոշումը ներկայացնելու համար։ Եվ զարմանալի չէր, որ TVP նոր ղեկավարության առաջին քայլերից մեկը դարձավ 2016թ. մարտին հակակառավարական ցույցերն ուղիղ եթեր հեռարձակելու արգելքը (ապրիլի 14-ի բողոքի ակցիայի ժամանակ TVP-ը նախընտրեց ուղիղ եթեր հեռարձակել Լեհաստանում քրիստոնեության ընդունման 1050-ամյակին նվիրված պատարագը՝ որպես օրվա հիմնական իրադարձություն)։ Ընդդիմությունը ԶԼՄ-ների մասին նոր օրենքն անվանեց հարված խոսքի ազատությունը՝ այն որակելով որպես «լեհական ԶԼՄ-ների պատմության սև օր»։ ԶԼՄ-ների մասին նոր օրենքի դեմ բողոքի ակցիաներ անցկացվեցին Լեհաստանի բոլոր խոշոր քաղաքներում, ինչպես նաև Պրահայում[10]։ Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) մտավախություն ուներ, որ օրենքը կվնասի լեհական մամուլը և կնվազեցնի նրա անկախությունը։ Եվրոպական լրագրողների ասոցիացիան էլ հայտարարեց, որ օրենքը հնարավորություն է տալիս ԶԼՄ-ների ղեկավարությունում նշանակելու այնպիսի մարդկանց, որոնք կիսում են կուսակցական շահերը[11]։ Եվրոպական հանձնաժողովն (ԵՀ) էլ լսումներ նշանակեց ԶԼՄ-ների ազատության խնդրի շուրջ՝ Լեհաստանի կառավարությանը խնդրելով պարզաբանում տալ առաջարկած ուղղումների համար և կարևորելով ԶԼՄ-ների ազատության պաշտպանությունը[12]։ 2016թ. հունվարին ԵՄ-ը սկսեց աննախադեպ հետաքննություն՝ պարզելու համար, թե արդյոք Լեհաստանի կառավարությունը խախտե՞լ է ԵՄ ժողովրդավարական չափանիշները` դատական համակարգի ու ԶԼՄ-ների նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն ստանձնելով[13]:

Նկատենք, որ ԶԼՄ-ներին առնչվող  նոր օրենքի ընդունումը և հատկապես հակակառավարական ցույցերն ուղիղ եթեր հեռարձակելու արգելքը տեղի ունեցան 2015թ. դեկտեմբերին Լեհաստանի բազմաթիվ քաղաքներում գրանցված վերոնշյալ բողոքի ակցիաներից հետո։ Այնպես որ դատական ոլորտի փոփոխությունները սերտորեն շաղկապված էին ԶԼՄ-ների ոլորտի փոփոխությունների հետ, և կարելի է ասել նաև պատճառահետևանքային կապ էին։ Սակայն Լեհաստանի իշխանությունները չէին պատրաստվում բավարարվել ձեռք բերվածով՝ ընդ որում այդ երկու կարևոր ոլորտում էլ։ 2016թ. ապրիլին Լեհաստանի կառավարությունը խորհրդարանին ներկայացրեց ԶԼՄ-ների մասին նոր օրենք (ԶԼՄ-ների մասին «Մեծ օրենք»), որի դրույթներից մեկի համաձայն՝ հասարակական-իրավական ԶԼՄ-ները, որոնք մինչ այդ բաժնետիրական ընկերություններ էին, պետք է ազգայնացվեն, վերածվեն պետական ընկերությունների և ենթարկվեն Հեռուստառադիոհեռարձակման ազգային խորհրդին և գործեն Լեհաստանի քրիստոնեական ավանդական արժեքներին համապատասխան։ Լեհական ընդդիմությունը դա որակեց «հանրային ԶԼՄ-ների դատավճիռ»։ Փաստորեն, ԶԼՄ-ների «բարեփոխումը» պետք է իրականացվեր երկու փուլով (ԶԼՄ-ների մասին «Մեծ օրենքը», սակայն, ուժի մեջ չմտավ 2016թ. հուլիսի 1-ին, ինչպես որ ծրագրված էր, քանի որ անհրաժեշտություն առաջացավ ընդունելու ժամանակավոր օրենքներ)։ Նույնը կարելի է ասել դատական ոլորտի մասին, ուր սկզբում փորձ արվեց նվազեցնել ՍԴ-ի անկախությունը, ապա այդ մոտեցումը տարածվեց ողջ դատական համակարգի վրա։ Դատական ոլորտի նոր, սակայն այս անգամ չհարկադրված բարեփոխումներն է՛լ ավելի սրեցին ներքաղաքական ճգնաժամը, ինչպես նաև ԵՄ-ի հետ փոխհարաբերությունները։

Չհարկադրված բարեփոխումներ և ԵՄ-ի արձագանքը – Իշխանության գալուց հետո «ԻևԱ»-ն իրականացրեց նաև մի շարք «չհարկադրված» բարեփոխումներ։ Ընդհանուր առմամբ՝ լեհական իշխանությունները 2016-2018թթ. ընդունեցին 13 օրենք դատական բարեփոխումների շրջանակներում, որոնք ԵՄ-ի ու լեհական ընդդիմության կարծիքով՝ խաթարում են իրավունքի գերակայության սկզբունքներն ու քաղաքական իշխանություններին տալիս են դատական իշխանությունների նկատմամբ վերահսկողություն։ Այդ օրենքները շոշափել են դատական համակարգի բոլոր կառույցներին՝ ՍԴ, Գերագույն դատարան, սովորական դատարաններ, Դատական գործերի ազգային խորհուրդ, Դատախազություն և Իրավունքի ազգային դպրոց։ Կարելի է ասել, որ ԵՄ-ը սկզբնական շրջանում որոշակի համբերատարություն էր ցուցաբերում Լեհաստանի իշխանությունների հանդեպ՝ միգուցե նաև հուսալով, որ նրանք շատ հեռու չեն գնա այդ ոլորտում, սակայն ԵՄ-ի «համբերության բաժակը» թերևս լցվեց, երբ 2017թ. հուլիսին Լեհաստանի խորհրդարանը քվեարկեց այն օրինագծերի օգտին, որոնց համաձայն՝ Լեհաստանի Գերագույն դատարանն անցնում է արդարադատության նախարարության ենթակայության ներքո, Արդարադատության նախարարն իրավունք է ստանում նշանակելու վերաքննիչ և շրջանային դատարանների դատավորներին՝ առանց դատական մարմինների ներկայացուցիչների հետ համաձայնեցման, Գերագույն դատարանի անդամների թիվը 9-ից հասցվում է 15-ի։ Բացի այդ փոփոխվում է Ազգային դատական խորհրդի (սահմանադրական մարմին, որը երաշխավորում է դատարանների անկախությունը) ձևավորման կարգը։ Նրա 25 անդամներից 15-ին ընտրելու է ոչ թե դատական համայնքը, ինչպես որ մինչ այդ էր, այլ՝ խորհրդարանը[14]։

Լեհական ընդդիմությունը դատապարտեց այս բարեփոխումը՝ «ԻևԱ»-ին մեղադրելով պետական հեղաշրջում իրականացնելու և բռնապետություն հաստատելու փորձի մեջ։ Լեհաստանի խոշոր քաղաքներում անցկացված բողոքի ակցիաներին մասնակցեց 100.000 մարդ։ ԵՀ-ն էլ հայտարարեց, որ բարեփոխումը ոչնչացնում է դատարանների անկախությունը Լեհաստանում՝ կոչ անելով հետաձգել դրա իրագործումը և հակառակ դեպքում սպառնալով պատժամիջոցներով։ Ի պատասխան՝ Վ. Վաշչիկովսկին հայտարարեց, որ արտաքին գերատեսչությունների համար թույլատրելի չէ լեհական բարեփոխումների ընթացքին միջամտելը։ Հուլիսի 25-ին Ա. Դուդան ստորագրեց դատական համակարգի բարեփոխումների վերաբերյալ երեք օրենքներից մեկը, որն առնչվում էր ընդհանուր դատարաններին և մերժեց Գերագույն դատարանի վերակազմավորման ու Ազգային խորհրդի դատական կառուցվածքի վերաբերյալ օրինագծերը՝ գտնելով, որ դրանք հակասում են Սահմանադրությանը։ Դուդան դրանով իսկ փորձեց մանևրել Լեհաստանի կառավարության ու ԵՄ-ի միջև և է՛լ ավելի չսրել Բրյուսելի հետ կոնֆլիկտը։

ԵՀ փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը ողջունեց Դուդայի կողմից վետոն կիրառելու իր իրավունքից օգտվելը։ Դրա հետ մեկտեղ նա ընդգծեց, որ հենց Լեհաստանի կառավարությունը սկսի հեռացնել Գերագույն դատարանի դատավորներին, Բրյուսելն անմիջապես ընթացակարգ կսկսի ԵՄ-ի պայմանագրի 7-րդ հոդվածով, որը նախատեսում է ընդհուպ մինչև ԵՄ Խորհրդում խախտող-երկրին ձայնի իրավունքից զրկում։ 2017թ. հուլիսի 29-ին ԵՀ-ը նամակ հղեց Վարշավային՝ պաշտոնապես իրազեկելով Լեհաստանի հանդեպ պատժամիջոցային ընթացակարգ սկսելու մասին։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, ինչ հուլիսի 28-ին պաշտոնապես հրապարակվեց և ուժի մեջ մտավ Լեհաստանի ընդհանուր դատարանների մասին օրենքը[15]։ Դրա հետ կապված՝ Ֆ. Թիմերմանսը հայտարարեց, որ այդ օրենքը հարուցում է ԵՄ-ի մտահոգությունը, քանի որ տղամարդ և կին դատավորների համար սահմանում է թոշակի անցնելու տարիքային տարբեր շեմ, ինչը խախտում է ԵՄ-ի մասին պայմանագիրն ու գենդերային հավասարության ու զբաղվածության մասին հրահանգը։ Թիմերմանսի խոսքերով՝ օրենքն արդարադատության նախարարին տալիս է դատավորներ նշանակելու և հեռացնելու լիազորություններ, ինչը կարող է խաթարել լեհական դատարանների անկախությունը։ Թիմերմանսն ընդգծեց, որ Վարշավային տրվել է մեկ ամիս ժամանակ՝ այդ ամենը շտկելու համար։ Պատժամիջոցային ընթացակարգն անցնում է մի քանի փուլով։ Եթե դժգոհությունների մասին պաշտոնական նամակին չի տրվում բավարար պատասխան, ապա ԵՀ-ը կայացնում է մոտիվացիոն եզրակացություն։ Եթե խախտում արած երկիրը սահմանված ժամկետում իր քաղաքականությունը չի համապատասխանեցնում այդ եզրակացությանը, ապա ԵՀ-ը կարող է դիմել ԵՄ-ի Դատարան։

Սակայն Լեհաստանի իշխանությունները տեղի չտվեցին, և 2017թ. դեկտեմբերին ԵՀ-ը վճռեց Լեհաստանի նկատմամբ ակտիվացնել ԵՄ-ի մասին պայմանագրի 7-րդ հոդվածը, ինչը կարող էր հանգեցնել նրան, որ պատմության մեջ առաջին անգամ Լեհաստանին զրկեին ԵՄ-ում քվեարկության իրավունքից։ Պատժամիջոցային մեխանիզմի գործարկման համար անհրաժեշտ էր ԵՄ-ի 27 անդամ երկրներից առնվազն 22-ի (3/5-ի), իսկ մինչ այդ էլ՝ Եվրոպական խորհրդարանի աջակցությունը։ Լեհաստանի իշխանություններն այս անգամ էլ տեղի չտվեցին, ԵՀ-ի որոշումը որակեցին «քաղաքական» ու խոստացան շարունակել բարեփոխումները։ Այդ ժամանակ Ռ. Սիկորսկին (2007-2014թթ. Լեհաստանի արտգործնախարար) «Zet» ռադիոկայանի եթերում հայտարարեց, որ ԵՄ-ի ու Լեհաստանի հարաբերությունները կարող են ավարտվել Polexit-ով (ԵՄ-ից Լեհաստանի դուրս գալով), եթե երկրի իշխանությունները շարունակեն հակաեվրոպական քաղաքականություն վարել։

Լեհաստանի դատական համակարգի առանցքային, մեծ աղմուկ բարձրացրած փոփոխություններից մեկը դարձավ 2018թ. ապրիլին ընդունված և հուլիսի սկզբին ուժի մեջ մտած Գերագույն դատարանի մասին օրենքը, ըստ որի՝ դատավորները պաշտոնաթող են լինում ոչ թե 70, այլ 65 տարեկանում, ինչի հետևանքով դատական կազմի մեծ մասը՝ ներառյալ նրա ղեկավարը, հայտնվում են վաղաժամ պաշտոնաթողության սպառնալիքի առջև։ Համաձայն նոր օրենքի՝ նրանք կարող են դիմում ներկայացնել նախագահի անունով և տեղեկանք՝ առողջության մասին, որպեսզի մնան իրենց պաշտոնին։ Լեհական իշխանությունները հայտարարեցին, որ Գերագույն դատարանի մասին օրենքն ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարին և դատական համակարգն ավելի ժամանակակից դարձնելուն։

2018թ. օգոստոսին ԵՀ-ը Լեհաստանի իշխանություններին տվեց մեկ ամիս՝ ԵՄ-ի պահանջներին համապատասխան դատական բարեփոխումներ անցկացնելու համար և ակտիվացրեց Լեհաստանի հանդեպ ընթացակարգի երկրորդ փուլը՝ Վարշավային տալով «Գերագույն դատարանի մասին լեհական օրենքի վերաբերյալ փաստարկված եզրակացություն»։ ԵՀ-ի կարծիքով՝ 13 օրենքները, որոնց լեհական իշխանությունները վերջին երկու տարում ընդունել են դատական բարեփոխումների շրջանակներում, խաթարում են իրավունքի գերակայության սկզբունքներն ու քաղաքական իշխանություններին տալիս են դատական իշխանությունների նկատմամբ վերահսկողություն։ Ավելի վաղ ԵՀ-ը Վարշավային ներկայացրել էր 4 խորհուրդ-առաջարկ՝ կոչ անելով օրենսդրությունը համապատասխանեցնել ԵՄ-ում գործող նորմերի շրջանակներին[16]։ Ի պատասխան՝ Լեհաստանի իշխանությունները հայտարարեցին, որ Բրյուսելին ներկայացրել են անհրաժեշտ բոլոր պարզաբանումները։

2018թ. սեպտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ դադարեցվել է Լեհաստանի անդամակցությունը Դատական իշխանության հարցերով խորհուրդների եվրոպական ցանցին (ENCJ)։ Եվրոպայի 20 երկրների խորհուրդները, որոնց միավորում է այդ կազմակերպությունը, պետական մարմիններ են, նրանց առաջադրանքն է հետևել, որ դատարանները լինեն անկախ, որ որևէ բան չսպառնա դատավորների անկախությանը։ ENCJ-ի ղեկավար խորհուրդը կազմակերպության անդամներին առաջարկել էր կասեցնել Լեհաստանի անդամությունը «հիմնական չափանիշներին չհամապատասխանելու համար, այն է՝ օրենսդիր ու գործադիր իշխանությունից անկախ լինելը»։ Լեհաստանի անդամության սառեցման օգտին քվեարկել են բոլոր երկրների ներկայացուցիչները[17]։

Սեպտեմբերին ԵՀ-ը դիմեց ԵՄ դատարան՝ խնդրելով գնահատական տալ Լեհաստանի դատական ոլորտում կատարված փոփոխությունների օրինականությանը։ Հոկտեմբերին ԵՄ դատարանը կայացրեց որոշումը «ԵՀ-ն ընդդեմ Լեհաստանի» գործով, ըստ որի՝ Լեհաստանը պետք է անմիջապես դադարեցնի ապրիլին ընդունված և հուլիսի սկզբին ուժի մեջ մտած նոր օրենքի կիրառումը[18]։ Արդեն նոյեմբերին Լեհաստանի խորհրդարանն ընդունեց Գերագույն դատարանի բարեփոխումից հրաժարվելուն ուղղված օրինագիծը։ Դա նշանակում էր, որ դատական վիճելի բարեփոխումը չեղարկվում էր՝ հանուն ԵՄ-ի օրենքների պահպանման[19]։

2018թ. նոյեմբերին ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը, ով 2007-2014թթ. եղել է Լեհաստանի վարչապետը, հայտարարեց, որ «Բրյուսելի հետ լուրջ տարաձայնությունների պատճառով Լեհաստանը ԵՄ-ից դուրս գալու եզրին է, և շատ լուրջ սպառնալիք կա, որ «Polexit»-ը կարող է պատահաբար տեղի ունենալ, եթե երկրի ղեկավարների ու Բրյուսելի միջև հակամարտությունը շարունակվի, և կողմերն ընդհանուր հայտարարի չգան։ Ես մտավախություն ունեմ, որ Եվրոպայում Լեհաստանին ամեն գնով պահելու ցանկությունը շատ ավելի քիչ կլինի, քան Մեծ Բրիտանիայի դեպքում էր»։ Տուսկը Լեհաստանի գործող ղեկավարությանը կոչ արեց դադարեցնել Բրյուսելի հետ հակամարտությունը[20]։ Յ. Կաչինսկին հերքեց տարածում գտած այն լուրերը, թե «ԻևԱ»-ն նպատակադրվել է երկիրը դուրս բերել ԵՄ-ի կազմից՝ դրանք որակելով «կեղծիք» և ընդգծելով, որ Լեհաստանը կշարունակի հետևել ԵՄ օրենսդրությանը[21]։

Այսպիսով, ձեռնարկելով դատական նորանոր բարեփոխումներ՝ Լեհաստանի իշխանությունները միայն խորացրեցին սահմանադրական ճգնաժամը, քանի որ, ըստ էության, այդ բարեփոխումներն առաջին հերթին միտված էին դատական համակարգն ու ԶԼՄ-ները իշխանություններին ենթարկեցնելուն։ Անկախ դատարանի ապամոնտաժմամբ Լեհաստանը փաստացիորեն իրեն հակադրեց այն իրավական համակարգի հիմքերին, որին այդքան երկար փորձում էր ինտեգրվել։ Թեև 2018թ. նոյեմբերին Լեհաստանի իշխանությունները զիջման գնացին Գերագույն դատարանի բարեփոխման հարցում, սակայն դատական ոլորտի բարեփոխումների կապակցությամբ խնդիրները շարունակում են մնալ, ինչը նշանակում է, որ Լեհաստան-ԵՄ հարաբերությունները կշարունակեն զարգանալ վայրիվերումներով՝ ժամանակ առ ժամանակ առաջացնելով լարվածություն։ Բնականաբար, կոնֆլիկտի տևականությունը կախված է նաև Լեհաստանում իշխող «ԻևԱ»-ի ներքին հաղթարշավից։ 2018թ. հոկտեմբերի 21-ին Լեհաստանում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքները վկայեցին, որ ԻևԱ-ի վարկանիշը շարունակում է մնալ բարձր՝ չնայած վիճահարույց բարեփոխումների ընդունմանն ու ԵՄ-ի հետ կոնֆլիկտին (նոյեմբերի 4-ին Լեհաստանի մի շարք շրջաններում անցկացվեց ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը)։ «ԻևԱ»-ն հաղթանակ տարավ նաև ՏԻՄ ընտրություններում՝ հավաքելով քվեների 34.1%-ը և ստանալով 552 մանդատից 254-ը («ՔՀ»-ի ցուցանիշը կազմեց 194 մանդատ)[22]: Եվ չնայած այս հաջողությանը՝ լեհական ընդդիմությունը շատ լուրջ արդյունք ցուցաբերեց՝ հաղթանակ տանելով Լեհաստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում՝ Վարշավա, Կրակով, Լոձ, Վրոցլավ, Պոզնան, Բելոստոկ, Գդանսկ։ Նախորդ ընտրությունների նման այս ընտրությունները նույնպես վկայեցին, որ ընտրական պլանում Լեհաստանը բաժանված է երկու մասի, որ նրա հարավ-արևելյան շրջանները քվեարկում են պահպանողականների, իսկ հյուսիս-արևմտյան շրջանները՝ լիբերալների օգտին։ Խոշոր քաղաքներում և հատկապես Վարշավայում կրած պարտությունները պետք է լուրջ ահազանգ հանդիսանան «ԻևԱ»-ի համար, որն ընտրություններից հետո սկսեց զիջման գնալ ԵՄ-ի հետ իր դիմակայությունում։ Ընդ որում՝ ՏԻՄ ընտրությունները բավական կարևորվում էին նաև այն առումով, որ 2019թ. Լեհաստանում պետք է անցկացվեն խորհրդարանական ընտրություններ, և ՏԻՄ ընտրությունները որակվում էին որպես դրանց նախերգանք։ Թերևս նաև այդ հանգամանքով էր պայմանավորված այն, որ ՏԻՄ ընտրություններում քվեարկությանը մասնակցածների թիվը գերազանցել է 30 մլն-ը, ինչն աննախադեպ բարձր ցուցանիշ է սկսած 1989թ.-ից։

 

 

ՄԻԳՐԱՑԻՈՆ ՃԳՆԱԺԱՄ

 

Արդեն նշվեց, որ «ԻևԱ»-ն հրաժարվում է ընդունել 7000 փախստականի Մերձավոր Արևելքից ու Աֆրիկայից, ինչպես որ 2015թ. որոշել է ԵՄ-ը։ Այս հարցում էլ ԵՄ-ի համբերության բաժակը լցվեց 2017թ. հունիսին, երբ ԵՀ-ը հետաքննություն սկսեց Լեհաստանի, ինչպես նաև Հունգարիայի ու Չեխիայի նկատմամբ, քանի որ այդ երկրները հրաժարվում են ընդունել Իտալիա և Հունաստան ժամանած փախստականների և դրանով իսկ չեն կատարում 2015թ. փախստականների վերաբաշխման վերաբերյալ ԵՄ-ի հաստատած կանոնները (Չեխիան և Հունգարիան պետք է ընդունեին համապատասխանաբար 1600 և 1300 ներգաղթյալի)։ ԵՄ-ի՝ միգրացիոն հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսն ընդգծել է, որ գործադրել է բոլոր ջանքերը՝ փոխելու համար Վարշավայի, Բուդապեշտի ու Պրահայի դիրքորոշումը, սակայն ապարդյուն[23]։

Նկատենք, որ Լեհաստանը, ինչպես նաև Չեխիան ու Հունգարիան հանդիսանում են Վիշեգրադյան քառյակի անդամներ՝ Սլովակիայի հետ մեկտեղ։ Ի դեպ, Սլովակիան ու Հունգարիան Եվրոպական դատարանում վիճարկում են ներգաղթյալների քվոտաների տրամադրման հարցը՝ գտնելով, որ 2015թ. 120.000 ներգաղթյալի վերաբաշխելու ԵՄ-ի որոշումն ընդունվել է խախտումներով։ Ինչո՞ւ Լեհաստանն ու Վիշեգրադյան քառյակի մյուս երկրները չեն ցանկանում ընդունել մուսուլման փախստականների։ Այստեղ կան բազում գործոններ.

  • Ժողովրդագրական գործոն – 2017թ. ամերիկյան PEW Research Center սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած հարցման համաձայն՝ մինչև 2050թ. Արևմտյան Եվրոպայի բնակչության մեջ կտրուկ կավելանա մահմեդական բնակչության մասնաբաժինը (ներգաղթի տեմպերի պահպանման դեպքում Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում նրանց մասնաբաժինը կկազմի 18-20%, իսկ Շվեդիայում՝ մինչև 30%)։ Սակայն նույն պատկերը չի սպառնա Վիշեգրադյան քառյակին, որը մեծապես խոչընդոտում է Մերձավոր Արևելքից ու Աֆրիկայից փախստականների հոսքին։ Արդյունքում, Լեհաստանում նրանց մասնաբաժինը չի գերազանցի 0.1-0.2%-ը։
  • Պատմական գործոն – Վիշեգրադյան քառյակի երկրների մոտ գերակայում է այն կարծիքը, որ իրենք մշտապես ծառայել են որպես քրիստոնեական Եվրոպայի վահան և նրան պաշտպանել են թուրքերի ու թաթար-մոնղոլների (մահմեդականների) հարձակումներից։ 1683թ. Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան թուրքերի հարձակումից փրկվել է լեհ թագավոր Յան Սոբեսկու օգնությամբ, ինչից հետո Լեհաստանն ու Հունգարիան իրենց հաճախ անվանում են Եվրոպայում քրիստոնեության «պաշտպանիչ վահան»։ Վիշեգրադյան քառյակի երկրները, ըստ ամենայնի, համարում են, որ կատարել են իրենց պատմական տվյալ առաքելությունը։
  • Գաղութատիրական գործոն – Վիշեգրադյան քառյակի երկրները հայտարարում են, որ, ի տարբերություն Արևմտյան Եվրոպայի երկրների, որոնք նախկինում խոշոր գաղութներ են ունեցել Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում, չեն հանդիսացել նման երկրներ և, հետևաբար, պատասխանատու չեն Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի ժողովուրդների գաղութացման և արևմտաեվրոպացիների «մեղքերի» համար։ Նրանք նաև հայտարարում են, որ իրենք որևէ կապ չունեն վերջին տարիներին Լիբիայում ու Սիրիայում ռազմական գործողությունների ծավալման հետ։
  • Մշակութային-քաղաքակրթական գործոն – Վիշեգրադյան քառյակի երկրները ցանկանում են պահպանել ազգային ինքնությունը և հրաժարվում են ընդունել մահմեդական ներգաղթյալների՝ հաշվի առնելով արժեքների ոչ համատեղելիությունը։ Դրա հետ մեկտեղ նրանք չեն բացառում Մերձավոր Արևելքից սահմանափակ թվով քրիստոնյա ներգաղթյալների մուտքը։ Նրանք կտրուկ մերժում են բազմամշակութայնության գաղափարը, իրենց երկրներում Արևմտյան Եվրոպայի օրինակով մզկիթների կառուցումն ու մահմեդական թաղամասերի առաջացումը։ Մահմեդականների ներհոսքի դեմ կտրուկ առարկում են ոչ միայն կաթոլիկ Լեհաստանն ու Հունգարիան, այլև առավելապես աթեիստական հայացքներ ունեցող Չեխիան, որն իրեն համարում է քրիստոնական ավանդույթների երկիր։
  • Անվտանգային գործոն – Վիշեգրադյան քառյակի երկրներից այս հարցում ամենախիստ դիրքորոշումն ունի Լեհաստանը, որը մահմեդական փախստականների ներհոսքի հարցում անխուսափելի է համարում մերձավորարևելյան ահաբեկիչների ներթափանցումը երկիր, ինչի մասին վկայում է Արևմտյան Եվրոպայի երկրների փորձը, ուր գրանցվեցին մի շարք խոշոր ահաբեկչություններ։ Նշենք, որ Եվրոպոլի տվյալներով՝ 2015թ. ԵՄ-ի տարածքում կատարված ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 151 և վիրավորվել ավելի քան 360 մարդ, իսկ 2016թ.՝ զոհվել է 142 մարդ, որոնցից 135-ը դարձել են իսլամականների զոհ։
  • Առողջապահական գործոն – Լեհաստանը բարձրացնում է նաև առողջապահական խնդիրների հարցը, եթե համաձայնի ներգաղթյալներ ու փախստականներ ընդունել Մերձավոր Արևելքից ու Հյուսիսային Աֆրիկայից։ Յ. Կաչինսկին հրապարակավ հայտարարել է, որ մահմեդական փախստականները սպառնալիք են երկրի համար՝ մանրամասնելով, որ նրանց պատճառով հունական կղզիներում տարածվել է խոլերա, իսկ Վիեննայում՝ դեզինտերիա[24]։
  • Ֆինանսական/ինտեգրման գործոն – Վիշեգրադյան քառյակի՝ դեռևս ոչ այնքան հարուստ երկրները գտնում են, որ չունեն այնքան գումարներ, որ կարողանան ֆինանսավորել մահմեդականների ինտեգրման բարդ գործընթացը, նրանց լեզու սովորեցնելու ու հմտություններ յուրացնելու գործընթացը։ Լեհաստանն ու Չեխիան ակտիվորեն օգտագործում են հարյուր հազարավոր ուկրաինացի գաստարբայտերների աշխատանքը, սակայն նրանց հետ չի առաջանում լեզվական ու մշակութային ադապտացման խնդիր. ուկրաինացիները հեշտությամբ ինտեգրվում են տեղական իրողություններին։ Մինչդեռ Ֆրանսիայի ու Արևմտյան Եվրոպայի մյուս երկրների փորձը ցույց է տալիս, որ ժամանակակից հասարակություններին մահմեդականների ինտեգրումը չափազանց դժվար գործընթաց է։
  • Ուկրաինական գործոն – «ԻևԱ»-ն ԵՄ-ի հետ իր «փախստականային դիմակայությունում» լայնորեն օգտագործում էր ուկրաինացի փախստականների հարցը։ Վ. Վաշչիկովսկին շարունակ մատնանշում էր, որ Լեհաստանը 2014թ.-ից հետո ընդունել է 1 մլն ուկրաինացի փախստականի, որոնք տուժել են ՌԴ-ի ագրեսիայից, և հետևաբար ԵՄ-ը պետք է գիտակցի այս ամենը և փախստականների հարցով չանհանգստացնի Լեհաստանին[25]։ Եվ թեև կան կարծիքներ, որ Լեհաստանում հանգրվանած ուկրաինացիները պարզապես աշխատանքային ներգաղթյալներ են, որոնք ստացել են կեցության իրավունք և վճարում են հարկեր, Լեհաստանում համաձայն չեն այդ մոտեցման հետ։ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է, որ 2014թ.-ից հետո Լեհաստանն ընդունել է 1.5 մլն ուկրաինացու, որոնց մեծ մասը եկել է պատերազմով բռնկված ուկրաինական շրջաններից[26]։
  • Սահմանային գործոն – Լեհաստանի իշխանությունները կարծում են, որ միգրացիոն ճգնաժամն անհրաժեշտ է լուծել առաջին հերթին ԵՄ-ի սահմաններից դուրս։ Լեհական իշխանությունները հայտարարում են, որ իրենք պատասխանատու ձևով պահպանում են ԵՄ-ի մի քանի հազար կիլոմետրանոց սահման, ինչն էլ իր հերթին Շենգենի պահպանման երաշխիք է։
  • Մերկելի գործոն – Վիշեգրադյան քառյակի երկրների իշխանությունները կարծում են, որ ԵՄ-ի ներկայիս միգրացիոն ճգնաժամի պատճառը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի «անմիտ գործողություններն» են, և որ դա «մաքուր գերմանական խնդիր է»։ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ «եթե Մերկելն է, Գերմանիան է ներգաղթյալներին հրավիրել Եվրոպա, ապա թող նաև պատասխանատվություն կրի նրանց համար»։

Այսպիսով, միգրացիոն քաղաքականության հարցում մի կողմից Լեհաստանի, ինչպես նաև Վիշեգրադյան քառյակի մյուս երկրների, իսկ մյուս կողմից՝ ԵՄ-ի միջև վեճը դեռ ընթացքի մեջ է (2018թ. հունիսին միգրացիոն ճգնաժամի հարցում առավել խիստ դիրքերից հանդես եկող Վիշեգրադյան քառյակը բոյկոտեց Բրյուսելում միգրացիոն ճգնաժամի շուրջ կազմակերպված հանդիպումը, որին մասնակցեցին 16 երկրների առաջնորդներ)։ Ընդ որում՝ այն ունի է՛լ ավելի թեժանալու միտում՝ հաշվի առնելով ԵՄ-ի ցուցաբերած համբերատարության սպառումը վերջին շրջանում։ ԵՄ-ը կարող է ֆինանսական հարված հասցնել Վիշեգրադյան քառյակին՝ կրճատելով նրանց ֆինանսական հատկացումները, քանի որ այդ երկրները չեն կատարում իր պահանջները։ Հատկանշական է վերջին տարիներին Վիշեգրադյան քառյակի դերի աճը, ուր Լեհաստանը, կարելի է ասել, ունի առաջատարի դիրքեր։ Կարծում ենք, որ ԵՄ-ը պարզապես չի կարող այս հարցում զիջման գնալ Վիշեգրադյան քառյակին, քանի որ դա կարող է դառնալ նախադեպ և տապալել նրա միգրացիոն ռազմավարությունը։ Ի դեպ, նույնը կարող ենք ասել նաև դատական համակարգի ու ԶԼՄ-ների ոլորտում Լեհաստանի իշխանությունների ձեռնարկած փոփոխությունների մասով, քանի որ եթե ԵՄ-ը զիջման գնա այս հարցում, «լեհական փորձը» կարող են կիրառել նաև ԵՄ-ի անդամ այլ երկրներ։ Լեհաստանի ու ԵՄ-ի «միգրացիոն կոնֆլիկտի» շարունակությունը նույնպես մեծապես կախված կլինի «ԻևԱ»-ի ներքին հաղթարշավի տևականությունից։

 

 

ԱՄՓՈՓՈՒՄ

 

Վերոնշյալը վկայում է, որ Լեհաստանում «ԻևԱ»-ի իշխանության գալն ու նրա գործունեությունը լուրջ խնդիրներ է ստեղծել ԵՄ-ի (Բրյուսել) հետ հարաբերություններում, ընդ որում՝ երկու հիմնական ոլորտում՝ ա) Լեհաստանի նոր իշխանությունների բարեփոխումներ, բ) ԵՄ-ի միգրացիոն ճգնաժամ։ Ներկա դրությամբ երկու ոլորտում էլ տարաձայնությունները հարթված չեն։ Բացի այդ վերջին շրջանում լուրջ խնդիրներ են ի հայտ եկել նաև Լեհաստանի ու ԵՄ-ի առաջատար երկիր Գերմանիայի միջև, որոնք նույնպես ազդում են Վարշավայի ու Բրյուսելի փոխհարաբերությունների վրա։ Մասնավորապես, 2017թ. Լեհաստանում հրապարակվեց 40 էջանոց փաստաթուղթ, որն առնչվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայի կողմից Լեհաստանն անեքսիա ենթարկելու հետևանքներին։ Փաստաթղթի համաձայն՝ Գերմանիան պատճառած վնասները փոխհատուցելու համար պետք է Լեհաստանին վճարի 258 մլրդ մինչպատերազմական զլոտի, ինչը ներկա դրությամբ համարժեք է 48.8 մլրդ դոլարի։ Գերմանիայում, սակայն, կարծում են, թե հարցը փակվել է 1953թ., երբ Լեհաստանը հրաժարվեց Գերմանիայի հանդեպ փոխհատուցում ստանալու պահանջներից։ Ի պատասխան՝ Լեհաստանի ներկայիս իշխանությունները հայտարարում են, որ դա եղել է այլևս գոյություն չունեցող երկու երկրների՝ կոմունիստական Լեհաստանի ու ԳԴՀ-ի միջև պայմանավորվածություն։ Ընդ որում, դա արվել է Մոսկվայի ճնշման ներքո։ Գերմանացի փորձագետները դրան հակադարձում են՝ նշելով, որ Գերմանիան ԵՄ-ի խոշորագույն դոնորն է, որի բյուջեից Լեհաստանն ամեն տարի ստանում է 14 մլրդ եվրո, և որ Գերմանիան ակտիվորեն աջակցել է ոչ միայն ՆԱՏՕ-ին, այլև՝ ԵՄ-ին Լեհաստանի անդամակցությանը։ Բացի այդ, հայտնի է, որ Լեհաստանը մեծապես դեմ է «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագծի իրագործմանը, որին կողմ է Գերմանիան, և որին դեմ է ԱՄՆ-ը։ Լեհական իշխանությունները հայտարարում են, որ «Հյուսիսային հոսք 2»-ը սպառնալիք է Ուկրաինայի ու Սլովակիայի, ինչպես նաև Լեհաստանի համար՝ մտավախություն հայտնելով, որ այդ գազատարի կառուցումից հետո ՌԴ-ը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա։ Ընդ որում, «Հյուսիսային հոսք 2»-ի հարցում Լեհաստանին սատարում է ԱՄՆ-ը։ Եվ ընդհանրապես, ներկայումս կան կարծիքներ, որ Brexit-ից (Մեծ Բրիտանիայից) հետո ԵՄ-ում ԱՄՆ շահերի ամենամեծ պաշտպանը դարձել է հենց Լեհաստանը։ Հատկանշական է, որ 2017թ. հուլիսին (Լեհաստանի ու ԵՄ-ի լարված հարաբերությունների ժամանակ) Վարշավա այցելեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով խոսեց 20-րդ դարում լեհ ժողովրդի կրած զրկանքների ու ցուցաբերած հերոսական դիմադրության մասին, այդ թվում նաև նացիստների (Գերմանիա) պատճառած զրկանքների մասին։ Թրամփն ընդգծեց, որ հանդես է գալիս «Եվրոպայի աշխարհագրական սրտում» և լեհ ժողովրդի մեջ տեսնում է «Եվրոպայի ոգին»։ Այս ամենը վկայում է, որ «ԻևԱ»-ի ու Բրյուսելի միջև կոնֆլիկտը, ըստ էության, կարելի է տեղավորել շատ ավելի խոշորամասշտաբ կոնֆլիկտների կամ հակասությունների համատեքստում, ինչպիսիք են «Վիշեգրադյան քառյակ-Բրյուսել (ԵՄ առաջատար երկրներ)», «ԱՄՆ-ԵՄ», «Լեհաստան-Գերմանիա» ձևաչափերը։ Լեհաստանի նախկին իշխանությունները (Ռ. Սիկորսկի, Դ. Տուսկ) շարունակ ահազանգում են Polexit-ի հնարավորության մասին, սակայն ներկա փուլում դա իրատեսական չէ (ԱՄՆ-ին նույնպես ձեռնտու չէ Polexit-ը)։ Մեր կարծիքով՝ «ԻևԱ»-ն, չնայած հասցեագրված մեղադրանքներին, իրականում նպատակադրված չէ Լեհաստանը դուրս բերել ԵՄ կազմից՝ գիտակցելով նաև, որ Լեհաստանի քաղաքացիների 85%-ը ողջունում է ԵՄ-ին անդամակցումը։ Կարծում ենք, որ «ԻևԱ»-ն փորձում է հնարավոր առավելագույն զիջումները ստանալ ԵՄ-ից և պաշտպանել ազգային շահերը։ Համակարծիք չենք Տուսկի այն մտքի հետ, որ Եվրոպայում Լեհաստանին ամեն գնով պահելու ցանկությունը շատ ավելի քիչ կլինի, քան Մեծ Բրիտանիայի դեպքում էր։ Այստեղ նշենք երկու գործոն. ա) Polexit-ի մասին խոսակցությունները սկսվել են Brexit-ից հետո (թեև այն ամբողջովին դեռ չի իրագործվել) և վերջին տարիներին շարունակ ընդլայնված ԵՄ-ի համար ցանկալի չէ, որ սկսվի հակառակ գործընթացը՝ ի դեմս նաև  Polexit-ի. հնարավոր Polexit-ը կարող է(ր) վարակիչ լինել նաև Վիշեգրադյան քառյակի մյուս երկրների համար։ Բացի այդ, 2019թ. անցկացվելու են Եվրոպական խորհրդարանի ընտրություններ, որոնք լինելու են Brexit-ից հետո նմանատիպ առաջին ընտրությունները։ Europe Elect վիճակագրական գործակալությունը վերլուծել է ԵՄ բոլոր երկրներում առկա վարկանիշները և հանգել նրան, որ ներկա դրությամբ եվրոսկեպտիկները ստանում են 705 պատգամավորական մանդատներից 161-ը, և որ միավորման դեպքում նրանց խումբը կարող է դառնալ թվով երկրորդ խոշոր խումբը ԵՄ-ում և անգամ առաջինը (դրա համար անհրաժեշտ է ստանալ 20-ից մի փոքր ավելի մանդատներ)։ Բ) Լեհաստանը (Վիշեգրադյան քառյակ) շարունակում է ԵՄ-ի համար դիտարկվել որպես ճակատային երկիր՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների մասով։ Այդ կտրվածքով Polexit-ը ԵՄ-ի համար կարող է է՛լ ավելի անցանկալի լինել, քան՝ Brexit-ը։

Լեհաստանի հետ առկա կոնֆլիկտների համատեքստում «Բրյուսել-Բեռլին» տանդեմից պահանջվում է մի կողմից մեծ հաշվով անզիջում/պատժամիջոցային քաղաքականություն որդեգրել Լեհաստանի (Վիշեգրադյան քառյակի) նկատմամբ, որպեսզի ԵՄ անդամ մյուս երկրները չփորձեն գնալ «լեհական ճանապարհով», իսկ մյուս կողմից էլ պահանջվում է Լեհաստանի (Վիշեգրադյան քառյակի) հանդեպ վարել հնարավորինս ճկուն քաղաքականություն՝ իրավիճակն է՛լ ավելի չթեժացնելու և գործը հետագայում Polexit-ին չհասցնելու համար։ «ԻևԱ»-ի իշխանություններից էլ պահանջվում է որոշակի զիջումների գնալ Բրյուսելի հետ հարաբերություններում, քանի որ հնարավոր ֆինանսական պատժամիջոցները կարող են սասանել նրա տնտեսական հիմքը, ինչը բավական բացասական ազդեցություն կունենա 2019թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մինչդեռ լեհական ընդդիմությունը հզոր հայտ ներկայացրեց 2018թ. ՏԻՄ ընտրություններում՝ հաղթելով Լեհաստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում։ 2019թ. Լեհաստանի խորհրդարանական ընտրություններում «ԻևԱ»-ի ու «ՔՀ»-ի հաղթելու հնարավորությունները համարում ենք 50/50, և դրանցում «ՔՀ»-ի հնարավոր հաղթանակն ինքնաբերաբար (գոնե ժամանակավորապես) վերջակետ կդնի Polexit-ի հնարավորության մասին խոսակցություններին։ Ամեն դեպքում հաշվի առնելով, որ ներկայումս Լեհաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է ԵՄ-ին երկրի անդամակցությանը, խորհրդարանական ընտրություններում «ԻևԱ»-ի հնարավոր հաղթանակը չի նշանակի Polexit-ի հավանականության մեծացում, սակայն այդ դեպքում կարող են է՛լ ավելի թեժանալ ԵՄ-ի հետ առկա կոնֆլիկտները (խնդիրները) և անգամ առաջանալ նորանոր կոնֆլիկտներ (տարակարծություններ)։

 

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

[1] Яна Пачкаускайте, НаПраво за Справедливостью: Польша снова предпочитает Качиньского?, Rubaltic.ru, 16 Сентября 2013.

[2] Նույն տեղում։

[3] Россия запретила ввоз фруктов и овощей из Польши, Forbes, 30.07.2014.

[4] Statistical book on agriculture, forestry and fishery Facts and figures on agriculture in the European Union, Еurostat, 20.02.2015.

[5] Chronology: Poland clashes with EU over judicial reforms, rule of law, 04.07.2018.

[6] Конституционный суд назвал новый закон о деятельности КС неконституционным, Радио Польша, 09.03.2016.

[7] Правительство не признает заключение Конституционного суда о новом законе о КС, Радио Польша, 08.03.2016.

[8] Opinion on amendments to the Act of 25 June 2015 on the Constitutional Tribunal of Poland, adopted by the Venice Commission at its 106th Plenary Session (Venice, 11-12 March 2016),  Venice Commision, 12.03.2016.

[9] Новый закон о СМИ в Польше: свобода слова в опасности, 03.05.2016.

[10] По всей Польше прошли протесты против закона о СМИ, 09.01.2016.

[11] Новый закон о СМИ в Польше: свобода слова в опасности, 03.05.2016.

[12] EU takes unprecedented step against Poland over rule of law,  04.01.2016.

[13] Chronology: Poland clashes with EU over judicial reforms, rule of law, 04.07.2018.

[14] Парламент Польши подчинил Верховный суд Минюсту, DW, 15.07.2017.

[15]European Union launches legal challenge against Poland, DW, 29.07.2017.

 

[16] В Варшаве заявили, что позиция Суда ЕС могла повлиять на результаты выборов, 23.10.2018․

[17] Poland suspended from EU judicial organization, By JAN CIENSKI, 9/17/18.

[18] Суд ЕС обязал Польшу приостановить реализацию судебной реформы, Интерфакс, 19.10.2018.

[19] Польша отказалась от судебной реформы по требованию ЕС, Интерфакс, 19.10.2018.

[20] EU ON THE BRINK: Top Brussels official Tusk warns of ‘very serious POLEXIT threat’, Joe Barnes, Brussels Correspondent,  Nov 7, 2018.

[21] Качиньский: Заявления оппозиции о Polexit являются ложью, 29.10.2018.

[22] https://parlament2015.pkw.gov.pl/pliki/1445898069_Komunikat-pkw-zbiorcze-wyniki-glosowania.pdf.

[23] Еврокомиссия открыла дело против Польши, Венгрии и Чехии за отказ принимать беженцев, Европейская правда, 13.06.2017.

[24] Константин Бенюмов, Тотальная путинизация Как в Польше борются за традиционные ценности — и против коммунизма, мигрантов и свободы СМИ, 14.12.2017.

[25] Ващиковский: В ЕС не хотят знать, что Польша приняла более миллиона украинцев, Европейская Правда, 09.01.2018.

[26] Премьер Польши: мы приняли 1,5 млн украинцев, тысячи – из зоны военных действий, Европейская Правда, 04.01.2018.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031