Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունն է՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ:
Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր որոշում դժվար թե լինի, ամենայն հավանականությամբ մինչեւ ժամը 18-ը նիստը կշարունակվի, որից հետո դատարանը կգնա խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Արամ Օրբելյանն ասաց, որ դրական ակնկալիքներ ունեն. «Մեր խնդիրն է հնարավորինս սեղմ ժամկետներում քննարկել բողոքը, պատասխանել հարցերին: Այսօր ես օբյեկտիվորեն չեմ պատկերացնում, որ ֆիզիկապես հասցնենք ունենալ որոշում: Եթե կողմերը կհամաձայնվեն ժամը 6-ից հետո շարունակել, մենք համաձայնելու ենք: Տեսականորեն կարող է վարույթն ավարտվել, բայց որոշում չի լինի: Չգիտեմ՝ 1, 2 օր կլինի, բայց ժամանակ է պետք»:
Թե Ռոբերտ Քոչարյանն այսօր ներկա կգտնվի՞ նիստին՝ Արամ Օրբելյանն ասաց, որ վերջնական չի կարող ասել. «Այսօր, երբ կգնան նրան տեղափոխելու, ինքը վերջնական որոշումը կկայացնի: Կարծում ենք, ներկա կլինի, բայց վերջնական չի, որովհետեւ քննարկել ենք, մի շարք փաստարկներ կան ներկա լինելու՝ կողմ եւ դեմ»:
Թե ինչո՞ւ Քոչարյանը չի ցանկանում մասնակցել դատական նիստերին՝ Արամ Օրբելյանը պատասխանեց, որ իր իմանալով ցանկանում է. «Նախորդ նիստին ներկա չլինելու հիմնական հարցը պայմանավորված էր այն հանգամանքով, որ գիտեինք, որ հետաձգվելու է նիստը: Ակնհայտորեն, կարիք էր լինելու հավելյալ ժամանակ խնդրել վարույթն իրականացնող մարմնին: Հիմա մի քանի հանգամանք ենք քննարկել, որի հետ կապված ինքը կամ ներկա կգտնվի, կա՛մ չի գտնվի, կարծում եմ՝ կգտնվի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լրացում. Այնուամենայնիվ, Քոչարյանը որոշեց մասնակցել: Նա եկել է նիստին: