Ադրբեջանահայերը Հայաստանի իշխանությանը հորդորում են`1988-1992 թվականները Ադրբեջանում հայերի նկատմամբ տեղի ունեցածը ցեղասպանություն որակել: Այս հորդորն այսօր հնչեցվեց «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի» կազմկոմիտեի` «Ադրբեջանահայության հայրենազրկում 30 տարի» խորագրով միջոցառման ժամանակ:
Հիշեցնենք, 1988-ին Ադրբեջանի ԽՍՀ-ից սկսված հայերի բռնի տեղահանությունը տեւեց գրեթե չորս տարի եւ ավարտվեց 1992-ին Շահումյանի շրջանի անկումով: «Այս միջոցառումները կարեւոր են, քանի որ Ադրբեջանի իշխանությունն այժմ փորձում է սեփականաշնորհել տեղի պատմամշակութային ժառանգությունը`ներկայացնելով դրանք իբրեւ իր`տեղացի քրիստոնյա բնակչությանը պատկացած հարստություն»,-իր ելույթում ասաց «Ներուժ» գիտակրթամշակութային կենտրոնի նախագահ Ժասմինա Ղեւոնդյանը:
Ադրբեջանահայերը հույս ունեն, որ մի օր կվերադառնան իրենց բնակավայրեր, ուստի կարեւորում են դրանց պահպանությունը: Նրանք դիմում հղեցին նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի այդ հուշարձաններն իր հսկողության ներքո վերցնի:
Ադրբեջանահայերը մեկ այլ հորդոր էլ ունեն ՀՀ իշխանությանը` բանակցություններում ներառել հարցի իրավական փաթեթը եւս: Այն դեռ 15 տարի առաջ է մշակվել, ներկայացվել է ՀՀ բոլոր նախորդ իշխանություններին եւ մնացել անարձագանք:
Մանրամասները`տեսանյութում
«Ներուժ» գիտակրթամշակութային կենտրոնը տարբեր ֆիլմեր է նկարահանել այդ բնակավայրերի եւ հուշարձանների մասին, որոնցից դրվագեր ներկայացվեցին:
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Ստեփանյանն իր ելույթում Սումգայիթում եւ Բաքվում հայերի հետ կատարվածը ցեղասպանություն որակեց եւ երիտթուրքերի քաղաքականության շարունակականություն: Ըստ նրա, միջազգային իրավունքը, մարդկային խիղճն ու առողջ բանականությունը պահանջում են, որ Ադրբեջանի իշխանությունը ճանաչի ցեղասպանությունը եւ փոխհատուցի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ