ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն հունվարի 30-ին ընդունել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության փոխնախագահ Էդդի Րիչին և ԱՃԹՆ միջազգային քարտուղարության տարածաշրջանային ղեկավար Օլիանա Վալիգուրային:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հանքարդյունահանող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ նախատեսվող իրավակարգավորումները:
Փոխնախարար Քրմոյանը, գործընկերներին ներկայացնելով իրական սեփականատերերի բացահայտման նպատակով կիրառվող մեխանիզմների հնարավոր տարբերակները, ընդգծել է, որ Արդարադատության նախարարությունը նախընտրել է գնալ առավել հավաստի տվյալներ հրապարակելու ճանապարհով, և նախատեսվող մեխանիզմի ներդրմամբ ոչ միայն հրապարակվելու են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում առկա սեփականատերերի տվյալները, այլև իրավաբանական անձի գրանցման ներկայացված տվայալների հավաստիությունը ստուգվելու է նախքան գրանցում իրականացնելը, ապա և նոր՝ հրապարակվելու:
Սուրեն Քրմոյանն ընդգծել է նաև, որ իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները առաջին փուլում վերաբերելի են լինելու մետաղական հանքարդյունաբերական ընկերություններին, սակայն ստեղծվող իրական սեփականատերերի տվյալների շտեմարանը ունիվերսալ է լինելու և օրենքի հիման վրա կարող է ընդգրկել նաև այլ ոլորտներում գործող ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ:
Արձագանքելով փոխնախարարին՝ ԱՃԹՆ փոխնախագահ Էդդի Րիչը նշել է, որ այդպիսով Հայաստանը կունենա իրական սեփականատերերի բացահայտման լավագույն մեխանիզմներից մեկը տարածաշրջանում:
Հանդիպման ընթացքում Սուրեն Քրմոյանը ներկայացրել է նաև հակակոռուպցիոն անկախ մարմնի ձևավորման, շահերի բախման հայտարարագրման, անանուն ազդարարման հարթակի և մի շարք այլ թվային գործիքների ընձեռած հնարավորությունների համակցմամբ իրական սեփականատերերի բացահայտման հարթակի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքները:
Հանդիպման ավարտին ԱՃԹՆ միջազգային քարտուղարության տարածաշրջանային ղեկավար Օլիանա Վալիգուրան տեխնիկական և իրավական օգնության պատրաստակամություն է հայտնել իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ Արդարադատության նախարարության կողմից իրականացվող ծավալուն աշխատանքներին:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն