Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն ընդլայնում է բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների ծավալը և շահառուների քանակը

Հունվար 31,2019 13:58

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների ծավալը և դրանցից օգտվող շահառուների քանակը ավելացնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Նախատեսվում է փոփոխություն և լրացում կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, ըստ որի կկարգավորվեն առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում անվճար և արտոնյալ պայմաններով բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից օգտվելու հետ կապված հարաբերությունները: Շահառուների ցանկի և ծառայությունների քանակի փոփոխությունները պայմանավորված են 2019 թ. պետբյուջեով «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմամբ:

Ցանկում ներառված են հետևյալ խմբերում ընդգրկված անձինք՝ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք, բռնադատվածները, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք, ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ: Մասնավորապես՝ առաջարկվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններց օգտվող նպաստառուների անապահովության միավորը 36 բալից իջեցնել 30.01 բալ: 2019 թ. պետբյուջեով նախատեսվում է նաև ավելացնել առողջապահության նախարարության միջոցով իրականացվող ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծախսերը. առաջարկվում է անվճար բժշկական օգնություն մատուցել ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող բոլոր նպաստառուներին: Որոշմամբ առաջարկվում է նաև 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, մինչև 7 տարեկան երեխաներին, մինչև 18 տարեկան սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված երեխաներին, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց ստոմատոլոգիական բուժօգնությունը կազմակերպել անվճար՝ ներկայումս գործող համավճարային սկզբունքի փոխարեն: Բացի այդ, առաջարկվում է ավելացնել նաև մատուցվող ծառայությունների հետևյալ տեսակները՝ մինչև 18 տարեկան երեխաների լորձաթաղանթի հիվանդությունների բուժում, 18 տարեկանից բարձր անձանց կարիեսի բուժում, լրիվ կամ մասնակի շարժական թիթեղային պրոթեզի վերանորոգում և պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում ու տեղադրում (յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ):

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ ամբողջ փաթեթը մոտավորապես կազմում է 3 մլրդ դրամ: «Միջամտությունների գները մոտեցվել են շուկայական գներին, հետևաբար դա կնվազեցնի նաև անօրինական վճարումների ռիսկը»,-ասել է նախարարը:

Արսեն Թորոսյանը հայտնել է նաև, որ իր հրամանով փետրվարի 1-ից մեկնարկում է գլխուղեղի իշեմիկ կաթվածի (ինսուլտ) բուժման պետական ծրագիրը` երկու բժշկական կենտրոններում։ «Սուր ինսուլտի դեպքում, բժշկական ցուցումների առկայության ժամանակ, գլխուղեղի անոթների թրոմբոլիզիսն ու ստենտավորումը կատարվելու է պետական պատվերի շրջանակում՝ առանց հավելյալ վճարների։ Դրանք մոտավորապես 1-4 միլիոն դրամանոց միջամտություններ են», – ասել է նախարարը։

 

Կբարձրացվի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետությունը

ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Հիմնավորման համաձայն՝ նախորդ տարիներին սուբվենցիաների տրամադրման կարգով համայնքները ներկայացնում էին իրենց հրատապ հիմնահարցերը մարզպետներին, վերջիններս էլ՝ համապատասխան ոլորտային նախարարություններ, պետական կառավարման հիմնարկներ: Գործող կարգը չէր նախատեսում սուբվենցիաների հայտերի գնահատման կոլեգիալ մարմին, գնահատման չափանիշներ, առաջնահերթություններ, հայտադիմումի կոնկրետ ձևաչափ և այլն: Այդ ընթացակարգով պարզ չէր նաև, թե որ պետական կառավարման մարմիններն են պատասխանատու տարբեր բնույթի սուբվենցիոն ծրագրային առաջարկների գնահատման և բյուջետային հայտում ներառելու համար: Որոշմամբ առաջարկվում է սահմանել համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի մշակման, քննարկման և հաստատման կարգը, հայտերի ձևաչափը, գնահատման մեխանիզմները, ինչը հնարավորություն կտա սահմանել արդյունքային վերահսկողության ցուցանիշները յուրաքանաչյուր սուբվենցիոն հայտի համար, ծրագրերի իրականացումը և ֆինանսական միջոցների օգտագործումը կդարձնի ավելի թափանցիկ և վերահսկելի: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել ծրագրերի իրականացման համար համայնքների համաֆինանսավորման չափը՝ կախված ծրագրի ոլորտից և համայնքի աշխարհագրական դիրքից, հայտերի մշակման և ներկայացման պահանջները, միջգերատեսչական հանձնաժողովում հայտերի քննարկման և հաստատման գործընթացը։

Անդրադառնալով հարցին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ խոշորացված համայնքներում ակնհայտորեն ֆինանսական միջոցները հավելյալ գեներացվում են, քանի որ վարչական ծախսերն ավելի քիչ են, և նմանատիպ ծրագրերին այդ համայնքները կարողանում են մասնակցել:

 

Այլ որոշումներ. կառավարությունը մասնակի կսուբսիդավորի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները

Կառավարությունն ընդունել է ««Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման միջոցառման մասին» որոշում: Այսպիսով՝ բաժանորդների համար նախատեսված սակագները մեղմելու նպատակով կառավարությունը ընկերությանը կտրամադրի սուբսիդիա: Մասնավորապես, ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա՝ յուրաքանչյուր խորանարդ մետրի համար՝ գումարային 191,414 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 11,4 դրամի (ԱԱՀ-ով) չափով, ընդ որում՝ ջրամատակարարման ծառայության համար 162,702 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 9,702 դրամի (ԱԱՀ-ով) չափով և ջրահեռացման ծառայության համար՝ 28,712 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 1,712 դրամի (ԱԱՀ-ով) չափով:

Գործադիրի որոշմամբ Ավետիք Էլոյանն ազատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից:

Հաստատվել է ՀՀ-ում անապատացման դեմ պայքարի 2019-2020 թթ. գործողությունների ազգային ծրագիրը: Ըստ այդմ՝ հնարավորություն կընձեռնվի ապահովելու ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի մասին, երաշտի և/կամ անապատացման, ենթարկված երկրներում մասնավորապես Աֆրիկայում» կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների ամրագրումը ՀՀ օրենսդրությունում:

Սահմանել է նաև վարկանիշային ցուցակները կազմելու համար անցկացվող թեստավորման և հարցազրույցի կազմակերպման կարգը: Արդյունքում կկանոնակարգվեն մասնագիտական պաշտոնների համապատասխան ենթախմբերի պաշտոններում վարկանիշային ցուցակներից ընտրություն կատարելու հետ կապված հարաբերությունները:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031