Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի շուրջ 20 ուսանողներ և դասախոսներ փորձի փոխանակման կմեկնեն Լեհաստան (Ֆոտոշարք)

Հունվար 31,2019 13:43

Լուսանկարներում Լեհաստանի երիտասարդ քաղաքներից մեկի՝ 55 տարվա պատմություն ունեցող Յաշտժեբի Զդռոյի (Jastrzębie Zdrój) արհեստագործական ուսումնարանն է, որտեղ պրակտիկ գիտելիքներ ստանում են հենց լսարաններում. այստեղ օրինակ՝ սովորեցնում ու փորձարկում են հյուրանոցային բիզնեսի հմտությունները, հաճախորդի հետ շփման կուլտուրան, սեղանի ձևավորումը, խոհարարություն, մատուցողի մասնագիտության առանձնահատկությունները։

Այս ուսումնարանում առիթ ունեցանք լինելու հունվարի 12-19-ը «Կրթության և երիտասարդության ոլորտներում միջսեկտորային համագործակցություն» թեմայով ուսումնական այցի շրջանակներում, որին Վրաստանի, Լեհաստանի պատվիրակություններից բացի, մասնակցում էր նաև Հայաստանի 5 հոգուց բաղկացած պատվիրակությունը՝ երիտասարդության և ոչ ֆորմալ կրթության ոլորտների փորձագետ, «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի ղեկավար Արթուր Նաջարյանի գլխավորությամբ։

Հայկական պատվիրակության ղեկավարի և Յաշտժեբի Զդռոյի արհեստագործական ուսումնարանի ղեկավարության միջև հենց տեղում պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցություն սկսել վերոհիշյալ քոլեջի ու Շիրակի տարածաշրջանային արհեստագործական քոլեջի միջև։

Արթուր Նաջարյանն Aravot.am-ի հետ զրույցում որոշակի մանրամասներ ներկայացրեց հնարավոր համագործակցությունից.

«Ուսումնական այցի շրջանակներում այցելություններ են եղել ոչ միայն լեհական ու չեխական կազմակերպություններ, պետական կառույցներ, որտեղ միջսեկտորային համագործակցություն կա երիտասարդական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական դաշտի միջև, այլ նաև ուսումնական հաստատություններ։ Այստեղ առանձնակի կարևորությամբ իրականացնում են երիտասարդական աշխատանք. ուզում եմ հատկանշական ձևով ներկայացնել Լեհաստանում գտնվող արհեստագործական քոլեջներից մեկը, որտեղ տարբեր ծրագրեր էին իրականացնում հյուրանոցային ծառայությունների, սեղանի ձևավորման ծառայության և ռեստորանային ծառայությունների ոլորտներում։ Հատուկ համակարգ էր գործում Լեհաստանում, որը հնարավորություն էր տալիս իրենց ուսանողներին ուսուցանելուց բացի, երկարաժամկետ պրակտիկա անցնել այն կառույցներում, որտեղ իրենք պետք է հետագայում աշխատանքի անցնեին։ Եվ դա ոգևորություն առաջացրեց մեզ մոտ ու որոշեցինք առաջիկայում երկկողմանի՝ Հայաստան-Լեհաստան փորձի փոխանակման համար երիտասարդական փոխանակման ծրագիր կազմակերպել Գյումրիում գտնվող արհեստագործական քոլեջներից մեկի և լեհական այդ քոլեջի միջև՝ հնարավորություն տալով շուրջ 20 ուսանողների փորձի փոխանակման մեկնել, ինչպես նաև դասախոսական, ուսուցչական կազմին ուսումնասիրել ու հասկանալ, թե Լեհաստանում այդ համակարգը ինչպես է գործում և ինչպես դա կարելի է ներդնել Հայաստանում»։

Հարցին՝ գործնական բնույթ կրող նման դասերը նորություն կլինե՞ն Հայաստանի համար, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այն, ընդհանուր առմամբ, նորություն է ամբողջ Հայաստանում, բայց Գյումրիում մենք ունենք Շիրակի տարածաշրջանային քոլեջը, որը գերմանական GIZ կազմակերպության աջակցությամբ հիմա փորձում է հյուրանոցային ծառայություններ մասնագիտությունը դարձնել դուալ համակարգով ուսուցանվող։ Սա ենթադրում է, որ քոլեջում դասապրոցեսները կազմակերպելուց զատ, մոտ 70/30 հարաբերակցությամբ դասերի տեսական մասը լինում է քոլեջում, պրակտիկ մասը՝ որևիցե բիզնես սեկտորում։ Եթե հյուրանոցային ծառայություն է, ուսանողները դասերի 30 տոկոսն անցկացնում են հյուրանոցային ծառայություններով զբաղվող կառույցներում, որտեղ և՛ պրակտիկա են ձեռք բերում, և՛ միաժամանակ ուսուցանվում է իրենց համար։ Սա ուսանողին ավելի մրցունակ է դարձնում աշխատաշուկայում, հատկապես որ հիմա աշխատանքի վերցնելիս պահանջ կա դրված աշխատանքային ստաժ ունենալու, բայց մենք գիտենք, որ մեր կրթական համակարգում այդ պրակտիկան շատ քիչ է. երկշաբաթյա կամ մեկամսյա պրակտիկան իրականում մեծ բան չի կարող տալ չորս տարիների ընթացքում։

Այս հարցը հստակ լրացնում է այդ բացը. ուսանողն իր տեսական գիտելիքների հետ միաժամանակ պրակտիկ գիտելիքներ է ձեռք բերում՝ համապատասխան գործատուի և աշխատաշուկայի պահանջներին»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031