Վարչապետ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական հայտնի «РБК» լրատվամիջոցին, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Մարտի 1–ի խնդրին ու Քոչարյանի կալանավորմանը: Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք արժեր այսքան տարի անց վերաբացել այս գործը, Փաշինյանը նշել է, որ ժամանակը կապ չունի, օրենքը թույլ է տալիս, և նրանք վերաբացել են, որպեսզի հասկանան, թե ինչ է եղել: Առաջին հայացքից պարզ և սովորական այս պատասխանն իրականում հերթական ցուցիչն է առ այն, որ Մարտի 1–ի գործով առայժմ որևէ տեղաշարժ չկա: Խնդիրը, ընդ որում, ոչ միայն խափանման միջոցի անվերջ փոփոխությունների շուրջ դատական նիստերն են ու բուն դատական պրոցեսի առկախումը: Խնդիրը նաև այն է, որ Մարտի 1–ի, ինչպես նաև այլ աղմկոտ քրեական գործերի մասով միջազգային հանրության մոտ ձևավորվում է որոշակի անորոշություն, անհասկանալիություն:
Ռուս լրագրողի հարցն այս իմաստով միակը չէր: ԵԽԽՎ–ում Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրություններից հետո հրապարակված զեկույցում ևս տողատակում ակնհայտ էր եվրոպական կողմի անհանգստությունները Հայաստանում դատական պրոցեսների հանդեպ:
Իսկ օրերս էլ հրապարակվել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի զեկույցը, որտեղ զեկուցողը նշում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի բացառվեն հնարավոր քաղաքական վրեժխնդրության կամ ընտրովի արդարադատության վերաբերյալ մեղադրանքները:
Մեծ հաշվով, իհարկե, կարելի է թքած ունենալ միջազգային կարծիքի վրա, եթե նույնիսկ մի կողմ թողնենք դրա քաղաքական հետևանքները: Բայց նույնիսկ այս դեպքում անորոշության խնդիրը մնում է: Երկրի ներսում էլ, ի վերջո, հնարավոր չէ թքած ունենալ հասարակական կարծիքի վրա, այն կարծիքի, որը հենց իշխանությունն է թեժացրել Մարտի 1–ի և այլ աղմկոտ գործերի բացմամբ կամ վերաբացմամբ: Այսինքն, հեղափոխության հաղթանակի առաջին ամիսներին բացվել են մի շարք քրեական գործեր, որոնց ավարտը չի երևում:
ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում