Արդեն քանի օր է՝ բուռն քննարկումների առիթ է դարձել Հայաստանի պետական օրհներգի փոփոխության հարցը: Փոփոխության մասին այս անգամ խոսել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ առաջարկելով վերադարձնել Խորհրդային Հայաստանի հիմնը՝ Արամ Խաչատրյանի հեղինակությամբ: Ինչու ենք ասում այս անգամ, որովհետև առաջին դեպքը չէ, երբ քննարկվում է հիմնի փոփոխության հարցը: Նախկինում էլ այս հարցը պարբերաբար հայտնվում էր տեղեկատվական հոսանքներում և միառժամանակ զբաղեցնում հանրությանը: Հաշվի առնելով, սակայն, որ այս անգամ նման մտքի հեղինակը բարձրաստիճան պաշտոնյա է, մյուս կողմից էլ ոչ սովորական, այլ հեղափոխական իշխանության պաշտոնյա, ապա չենք կարող խնդրին չանդրադառնալ քաղաքական տեսանկյունից, ինչքան էլ որ Ալեն Սիմոնյանը կամ նրա մտահղացման կողմնակիցները պնդեն, թե հարցը զուտ գեղագիտական նշանակություն ունի:
Նախ, ինքնին հիմնի հարցը միայն գեղագիտական լինել չի կարող: Այն քաղաքական, պատմական կոնտեքստ ունի, ու լավ կլիներ, որ հիմնի փոփոխության ցանկացած առաջարկ ունենար հենց քաղաքական հիմնավորումներ:
Երկրորդ՝ որևէ կերպ չբացառելով հիմն փոխելու նախաձեռնություն ունենալու իրավունքը, ընդհանրապես պետական որոշ սիմվոլների վերանայման տեսական հնարավորությունը՝ հարկ է նշել, որ երբ նման նախաձեռնությամբ հանդես է գալիս իշխանության առանցքային համարվող դեմքերից մեկը, ապա այդ նախաձեռնությունն անպայմանորեն ունի քաղաքական ենթատեքստ, անկախ այն հանգամանքից՝ նախաձեռնության հեղինակները դա գիտակցում են, թե ոչ:
Երրորդ ու, ըստ էության, ամենակարևորը՝ հաշվի առնելով, որ նմանատիպ նախաձեռնությունն ուզած, թե չուզած, ունի քաղաքական նրբերանգ, միաժամանակ ի սկզբանե չկասկածելով, որ այդ նրբերանգի տակ անկեղծ մղումներ են, հարկ է նշել, որ հետհեղափոխական իրավիճակում հեղափոխական իշխանության կողմից նման առաջարկ լսելը ոչ այլ ինչ է, քան իշխանության հետհեղափոխական օրակարգ: Ավելի պարզ՝ եթե արտահերթ ընտրություններում 70 տոկոսից ավելի ձայներ ստացած ուժը, որն այդ ընտրությունների հետ կապում էր Հայաստանի թռիչքաձև զարգացումն ու խոստանում կերտել նոր Հայաստան, իր հետընտրական ամենաաղմկոտ առաջարկներից մեկը դարձնում է հիմնի փոփոխությունը, ապա կարող ենք ենթադրել, որ՝ ա. թռիչքաձև աճին հիմա էլ հիմնն է խանգարում, բ. թռիչքաձև աճի որևէ օրակարգ չկա, բայց կա սպասելիքների բարձր շեմ, որը պետք է ինչ– որ բանով լցնել:
ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում