Հայաստանում աշխուժացել են քննարկումները Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական պայմանագիր կնքելու հարցի վերաբերյալ: Այս թեմայի պայմանական մեկնակետ է հնարավոր դիտարկել ապրիլյան քառօրյա պատերազմը, որի ընթացքում Երևանում հանդիպելով ԵԱՀԿ երկրների դեսպաններին՝ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ԱԳՆ-ին հանձնարարել է պատրաստել այդ պայմանագիրը: Հրադադարից, հետագա քաղաքական իրադարձություններից, Վիեննայից և Սանկտ Պետերբուրգից անց պայմանագրի մասին որոշակիորեն մոռացվեց, և դրա վերաբերյալ հարցեր տալիս էին միայն լրագրողները ու ստանում պատասխան տարբեր պաշտոնյաներից, որ պայմանագիրը մշակման փուլում է, գործընթացը առկա է:
Ներկայումս վերստին աշխուժացել են դրա վերաբերյալ հարցադրումներն ու քննարկումները՝ տարբեր տեսակետներով: Կա թե՛ ռազմաքաղաքական պայմանագրին կողմ արտահայտվողների շոշափելի շրջանակ, թե՛ դեմ արտահայտվող շրջանակներ, որոնք համարում են, որ դա փաստացի նշանակում է Արցախի ճանաչում, ինչն էլ իր հերթին կսրի իրավիճակը, այսպես ասած, կարգավորման գործընթացում: Իսկ այդ գործընթացում ներկայումս հարաբերական անդորր է, բարենպաստ տպավորություն թողնող մի իրավիճակ, ինչը միաժամանակ գնահատվում է նաև դիրքային պայքար և նախապատրաստում ավելի ագրեսիվ քայլերի, մասնավորապես՝ Ադրբեջանից: Այդ ռիսկի գնահատումը կա թերևս նաև համանախագահների մոտ, ինչի վկայությունն է այն, որ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ռուսաստանը անցնող օրերին արեցին որոշակի հայտարարություններ ու ակնարկներ, որ պետք է բացառել ուժի կիրառումը:
Մյուս կողմից՝ եթե Հայաստանը ռազմաքաղաքական պայմանագիր կնքի Արցախի հետ, որը դե ֆակտո Արցախի անկախության ճանաչում է, Ադրբեջանին կտա Հայաստանին ապակառուցողականության համար մեղադրելու առիթ և լեգիտիմ ագրեսիայի հնարավորություն: Ըստ այդմ՝ քիչ հավանական է, որ Երևանը պաշտոնապես դրական արտահայտվի այս պահին ռազմաքաղաքական պայմանագիր կնքելու հարցին: Հատկանշական է, որ դրա անհրաժեշտությունն այս պահին չէր տեսել նոր խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որի դիրքորոշումը պետք է դիտարկել պաշտոնական Երևանի ընդհանուր համատեքստում: Այդ գիծը գործնականում պահպանվում է ապրիլյան քառօրյայից ի վեր, թերևս վերը նշված՝ ապակառուցողականության համար մեղադրանքի առիթ չտալու համար, քանի դեռ «կառուցողական» կպահի իրեն Բաքուն:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում