Լրահոս
Օրվա լրահոսը

Այս փուլում նախարարության առաջնահերթություններից մեկը պիտի լինի դպրոցական ծրագրերի անհապաղ վերանայումը. «168 ժամ»

Հունվար 31,2019 12:45

Հայաստանի ներկայիս ուսումնական ծրագիրը մշակվել է 2004 թվականին, որից հետո 2011 թվականին մասնակիորեն վերանայվել է։ Այս ընթացքում աշխարհի բազմաթիվ երկրներ հասցրել են մի քանի անգամ վերանայել իրենց ուսումնական ծրագրերը։ Մինչդեռ Հայաստանում 2016 թվականին մշակված ծրագիրն այդպես էլ մնաց չընդունված։

Այս փուլում նախարարության առաջնահերթություններից մեկը պիտի լինի դպրոցական ծրագրերի անհապաղ վերանայումը։ Անհապաղ վերանայում չի նշանակում՝ 2-3 ամսում փոխել բոլոր ծրագրերը և հապճեպ հաստատել դրանք։ Անհապաղ նշանակում է՝ շատ արագ ստեղծել մասնագիտական խումբ, որը առաջնահերթ կձևակերպի ուսուցման հիմնարար սկզբունքները։ Ժամանակակից գիտությունը մշակել է սովորելու գիտականորեն հիմնավորված սկզբունքներ, որոնց վրա պետք է հիմնվեն առարկայական ծրագրերն ու դասագրքերը։ Օրինակ՝ ապացուցված է, որ դասը մի քանի անգամ կարդալը սովորելու ամենավատ ձևն է։ Մինչդեռ մեր աշակերտների մեծ մասը հենց այդպես է սովորում։ Դասը մի քանի անգամ կարդալու փոխարեն սովորողը պետք է մեկ անգամ կարդալուց հետո փորձի դուրս բերել նյութի հիմնական գաղափարները, դրանք կապակցի իրար և իր նախկին իմացածին։ Նման սկզբունքներ պետք է ձևակերպել ուսուցման բոլոր բաղկացուցիչների համար, ծրագրեր և դասագրքեր, ուսուցման գործընթաց, գնահատում։

Դրանք մշակելուց հետո նոր պետք է մշակվեն ուսումնական ծրագրերը։ Հայաստանի կրթական համակարգը հիմա հայտնվել է մի իրավիճակում, երբ այլևս չենք կարող հապաղել։ 2011 թվականից հետո Հայաստանի կրթության ոլորտում չի ընդունվել որևէ ռազմավարական փաստաթուղթ։ Անհուսալի վիճակում է նորարարությունը։ Գուցե ուսումնական հաստատություններում կան նորարար ուսուցիչներ, բայց այդ ամենը ոչ լուսաբանվում է, ո՛չ տարածվում, ո՛չ էլ քաղաքականություն դառնում։

Էական առաջընթաց չկա նաև ուսուցիչների վերապատրաստման ոլորտում։ 2004– 2006 թվականներին Հայաստանում մշակվել են ուսուցիչների վերապատրաստման մի քանի մոդուլներ Համաշխարհային բանկի, ԱՅՐԵՔՍ-ի և այլ կազմակերպությունների աջակցությամբ։ Դրանից հետո այդ ծրագրերն արմատապես չեն փոխվել։ Եվ այսօր էլ ուսուցիչների վերապատրաստման գործընթացում հիմնականում ներկայացվում են նախկին մեթոդներն ու հնարները։

Հայաստանի կրթության ոլորտում թարմության, նորարարության կարիք կա:

Սերոբ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031