Երեկ ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը ներկայացրեց 2018 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը, ըստ որի՝ այն աճել է 11,2%-ով (2267-ով ավել)՝ կազմելով 22 հազար 551 դեպք։ Ըստ Շտաբի պետի՝ հիմնականում աճը գրանցվել է երկու ոլորտում։ Առաջինը կոռուպցիայի հետ կապված հանցագործություններն են. արձանագրված դեպքերի թիվը 634-ից հասել է 1353-ի (2,5 անգամ աճ)։
– Հանցագործները հանցավոր ինքնավստահություն ունեն եւ պաշտոնատար անձանց տներ են թալանում։ Թալանեցին ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի տունը, փորձ արեցին գողություն անել Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի տնից, ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա հարձակվեցին։ Մուտք գործեցին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի տուն եւ այսպես շարունակ։ Չե՞ք ամաչում՝ որպես ոստիկանության լուրջ պաշտոնյա, որ հանցավոր ինքնավստահություն ունենալով՝ անգամ փոխոստիկանապետի տուն են թալանում։ Արդյոք սա ամոթ չէ՞ ոստիկանության համար։
– Գիտե՞ք, հարցը ամոթի մեջ չէ։ Իհարկե, ես ինձ շատ վատ եմ զգում, բայց միայն խնդիրը ոստիկանապետի տեղակալի կամ դատախազի կամ մեկ այլ պաշտոնատար անձի տունը մտնելը չէ, այլ ցանկացած քաղաքացու տուն՝ անկախ այն բանից՝ ինչ ունեցվածք ունի նա, ինչ դիրք ու ձիրք։ Ինձ համար մեծագույն ցավ է, բայց դրա դեմ համակարգված պայքար պետք է տանել, դա միայն ոստիկանական ուժերով հնարավոր չէ։
Օրինակ բերեմ, մենք շատ ենք խոսում բնակարանային գողություններից, որ շքամուտքերի վրա տեղադրեն կոդային փականներ։ 2008 թվականին մշակվել էր հանցագործությունների կանխարգելման ծրագիր, սակայն, ցավոք, հնարավոր չեղավ տնտեսվարողներին պարտադրել՝ բերեն, տեղադրեն, բայց բավական գործ արվեց։ Հիմա եթե վերլուծում ենք, թե որտեղ են կատարվում այդ դեպքերը, տեսնում ենք, որ կոդային փականներ ունեցող շենքերում շատ հազվադեպ են լինում բնակարանային գողություններ։ Խնդիրը համակարգային է, կողոպուտների մասով պատշաճ լուսավորությունը կանխարգելիչ գործառույթ ունի:
– Այսինքն՝ Դուք դիմում եք քաղաքապետարանին, որ ապահովեն, նրանք չե՞ն անում։
– Միանշանակ դիմել ենք, եւ նման հանձնարարականներ նաեւ եղել են այդ ծրագրի շրջանակներում, բայց պետք է տնտեսվարողներին հորդորել, որ իրենց օբյեկտներում տեղադրեն տեսանկարահանող սարքավորումները եւ ոստիկանության պահանջով անհրաժեշտության դեպքում տրամադրեն, որ մենք կարողանանք պայքարել։ Հանցավորությունը օր օրի գնալով ավելի տեխնիկապես հագենում է, հանցագործները ավելի կատարելագործվում են ու տեխնիկապես ավելի պատրաստ են, ուստի մենք պետք է կարողանանք մեր կազմակերպվածության շնորհիվ, առավել արդյունավետ կազմակերպել։
Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում