Լրահոս
Օրվա լրահոսը

Աղասի Ենոքյան. «Ինչ-որ բան է նախապատրաստվում Արցախի շուրջ, որտեղ դրսից ետընթաց ենք նկատում այն սկզբունքից, որ Արցախի խաղաղության ամենամեծ երաշխավորը միջազգային կարգավիճակն է. «168 ժամ»

Հունվար 31,2019 12:33

«168 Ժամի» հետ զրույցում քաղաքագետ Աղասի Ենոքյանը փորձեց բացատրել, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ ԱՄՆ նախագահի խորհրդականն Ադրբեջանի նախագահի հետ քննարկում է ԼՂ հիմնախնդիրը, իսկ ՀՀ վարչապետի հետ՝ ոչ։ Քաղաքագետն ասաց, որ պարզապես չի հավատում պնդմանը, որ Արցախյան հակամարտության կարգավորման հարցը չի քննարկվել Փաշինյան-Բոլթոն հեռախոսազանգի ընթացքում։ Ըստ նրա՝ եթե այդ զրույցի ընթացքում քննարկվել են միջազգային, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, ապա նշանակում է, որ Ղարաբաղյան հարցը ևս քննարկվել է, քանի որ այս հակամարտությունը տարածաշրջանային անվտանգության հարց է։ «Չեմ կարծում, որ քննարկվել է Վենեսուելայի Մադուրոյի հարցը»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց Ենոքյանը։

Նրա կարծիքով՝ ԼՂ հարցի շրջանցումը կողմերի կողմից նախնական պայմանավորվածության արդյունք կարող է լինել։ Ա. Ենոքյանի խոսքով՝ նկատելի է, որ Փաշինյանը փորձում է Արցախյան դիսկուրսը «ցածր» պահել, շրջանցել Հայաստանում։ Նրա դիտարկմամբ՝ սա ակնհայտ է, քանի որ որոշակի արհեստական խնդիրներ են ստեղծվում, հուզվում է ժողովուրդը, մամուլն է սկսում քննարկել այդ հարցերը, և ուշադրությունը շեղվում է այլ ուղղությամբ։

«Գուցե խնդրանք է եղել Բոլթոնին՝ հրապարակայնորեն չանդրադառնալ այս հարցին։ Այն հանգամանքը, որ այդ խնդիրը գոյություն ունի, ամենաթեժն է, փաստ է։ Փաստ է նաև, որ Փաշինյանը չի ցանկանում, որպեսզի այն քննարկվի, ինչը խոսում է այն մասին, որ գաղտնի ինչ-որ բան է պատրաստվում։ Իսկ դա արվում է, որպեսզի պայմանավորվածությունները չխախտվեն, կեղծ օրակարգեր ձևավորվեն, որի ներքո Ղարաբաղյան հարցը հնարավոր կլինի պլստացնել։ Դա նույնն է, երբ ասում է՝ Ալիևի հետ հանդիպեցինք, ԼՂ հարցը չքննարկեցինք, բայց այդ հանդիպմանը քննարկվելիք այլ օրակարգ չկա։ Եթե քննարկել են, կեղծ օրակարգ է, ամենակարևոր հարցը դա է, ուրեմն՝ իզուր ես գնացել այնտեղ»,- ասաց Ա. Ենոքյանը։

Նա նաև ընդգծեց. «Տեսնում ենք, որ հեղափոխությունից հետո, ընտրությունների շրջանում՝ դրանից անմիջապես առաջ և հետո, խիստ ինտենսիվացել են Ղարաբաղի շուրջ քննարկումները։ Դա նշանակում է, որ ինչ-որ մի բան պատրաստվում է։ Այն ձեռքբերումները, որ եղել են մինչ այսօր՝ ԵԱՀԿ ԱԽ շրջանակում համաձայնություններ, Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները, որոնք հայկական կողմը կարողացել էր ձեռք բերել քառօրյա պատերազմից հետո, ջրվում են։ Գոնե համանախագահների հայտարարությունների մեջ կրկին չի շեշտվում այդ հանգամանքը»։

Աղասի Ենոքյանը ծանոթ է նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի դիտարկումներին, որ հայկական կողմը չի հրաժարվել Արցախի կարգավիճակի և անվտանգության վերաբերյալ ունեցած ավանդական մոտեցումներից։ Սակայն, ըստ Ենոքյանի, Մնացականյանի խոսքն ավելի հավաստի կլիներ, եթե խոսեին համանախագահները, որոնք մինչև Փաշինյանի կառավարության ներգրավումը բանակցային գործընթացին՝ նշում էին այդ մասին։ «Ինչ-որ բան է նախապատրաստվում Արցախի շուրջ, որտեղ դրսից ետընթաց ենք նկատում այն սկզբունքից, որ Արցախի խաղաղության ամենամեծ երաշխավորը միջազգային կարգավիճակն է, բայց այսօր «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևն է առաջ մղվում»,- նման կարծիք հայտնեց Ա. Ենոքյանը։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031