Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է «Մարիոթ Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Արնե Սորենսոնի հետ՝ քննարկելու մեր երկրում ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները: Ինչպես Կառավարության հաղորդագրությունից տեղեկացանք, Արնե Սորենսոնը տեղեկացրել է, որ այժմ Հայաստանում ընթանում են «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի մասնակցությամբ ներդրումային ծրագրի իրականացման ու արդյունքում նոր հյուրանոցի բացմանն ուղղված աշխատանքներ։
Մեզ հայտնի դարձավ, որ Հայաստանի շուկա է մուտք գործելու Մարիոթի «Courtyard by Marriott» բրենդը, որը հատկապես հայտնի է որակյալ ու ոչ շատ թանկ հյուրանոցային ծառայությունների մատուցման սեգմենտում։ Նախագիծը հավանաբար Հայաստանի զբոսաշրջային շուկայի ուսումնասիրությամբ ու կարիքների գնահատմամբ է մշակվել և հյուրանոցի տեղակայումը նախատեսվում է զբոսաշրջիկների համար առավել գրավիչ տարածքում՝ Երևանի փոքր կենտրոնում։ Հյուրանոցային նախագիծը հարյուրավոր նոր աշխատատեղեր է ստեղծելու, իսկ հյուրանոցը կառավարումն իրականացնելու է հենց «Մարիոթ Ինթերնեյշնլը»։
Հիշեցնենք, որ Մարիոթի նոր հյուրանոցի կառուցումը նոր իշխանությունների օրոք երկիր մուտք գործող առաջին միջազգային հայտնի բրենդն է։