6-րդ գումարման Ազգային ժողովի 105 պատգամավորների եւ աշխատակազմի ղեկավարի ու տեղակալների 2018 թ. դեկտեմբեր ամսվա պարգևավճարը կազմել է 154 հազար ԱՍՆ դոլար։ ՀԺ-ն Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք սա էլ մեծ գումար չէ՝ հաշվի առնելով երկրում առկա աղքատության ցուցանիշը։ «Ես չեմ հիշում, որ մենք ամեն տարի դեկտեմբերին ստանանք 13-րդ աշխատավարձ։ Այս տարի ստացել ենք միայն մեկ անգամ՝ մեկ աշխատավարձի չափով, եթե չեմ սխալվում 400 հազար դրամի չափով, սա չի եղել 3 մլն, 10 մլն կամ 14 մլն դրամ։ Պատգամավորները մեկ անգամ են ստացել, իսկ աշխատակազմը՝ մի քանի անգամ, բայց համեստ գումարներ»։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ մեր հայտարարեց, որ պարգեւավճարների հետ կապված իշխանություններին քննադատելու առիթ հասարակությունն ունի, քանի որ անհամաչափ մեծ գումար են ստացել՝ կատարելով անհամաչափ փոքր աշխատանք։ «Դավիթ Անանյանի դեպքը վառ օրինակ է: Սա վատ սկիզբ է, որովհետեւ, եթե նախկինները դա արել են, չի նշանակում, որ կարելի է նույնը կրկնել, քաղաքացիները փողոց դուրս չեն եկել, որ կրկնեն հների դերը»։
Գորգիսյանը նշեց, որ այդ գումարները պետբյուջե վերադարձնելու մեխանիզմներ չկան, բայց, քանի որ այդ անձինք զբաղեցնում են քաղաքական պաշտոններ՝ պետք է քաղաքական պատասխանատվության ենթարկվեն։ «Դա կարող է լինել անգամ պաշտոնից հեռացում, կամ գոնե վարչապետի կողմից նկատողություն»։
«Հայկական ժամանակ»-ը Գեւորգ Գորգիսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է խորհրդարանական ընդդիմությունն անտարբեր ինքնապարգեւատրվածներին լսելու հարցում։ Մասնավորապես, հունվարի 29-ին ՊԵԿ նախագահից պարզաբանումներ պահանջել է միայն «Իմ քայլը» իշխող խմբակցությունը։ Սակայն հանդիպումից սղագրողներին մանրամասն պարզաբանում չի տրվել։ «Մենք սպասում ենք նրանց պատասխանին, որովհետեւ բացահայտումը կա եւ հիմա գնդակը մեծամասնության դաշտում է, նրանք պետք է որոշեն, թե ինչ անեն նման պաշտոնյաների հետ»,- ասաց նա։
Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում