Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջապես՝ այդ ի՞նչ հարաբերություններ են պետության եւ եկեղեցու միջեւ, որոնք կարիք ունեն կարգավորման. «Հրապարակ»

Հունվար 31,2019 11:56

Հունվարի 29-ին հրապարակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որով կարգավորվելու են պետության եւ Հայ առաքելական եկեղեցու միջեւ հարաբերություններում առաջ եկած խնդիրները:

Մայր Աթոռը, ի դեմս իր խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանի, արդեն ողջունել է այդ հանձնաժողովի ստեղծումը՝ նշելով, որ «աշխատանքային խումբը ձեւավորվել է Ամենայն հայոց կաթողիկոսի եւ ՀՀ վարչապետի քննարկումների արդյունքում՝ փոխադարձ համաձայնությամբ»։ Առավել ստանդարտ եւ ոչինչ չասող հայտարարություն երեւի թե դժվար լիներ պատկերացնել։

Մինչդեռ հարցերը՝ կապված այս աշխատանքային խմբի հետ, բավականին շատ են. ո՞ւմ նախաձեռնությամբ է ստեղծվում այն, ի՞նչ հարցեր է քննարկելու, ի՞նչ լիազորություններ է ունենալու, որոշումների կայացման իրավունք ունենալո՞ւ է, թե՞ զուտ խորհրդակցական մարմին է լինելու, արդյոք այն ծնունդ է տալու մեկ այլ՝ ավելի բարձր իրավական կարգավիճակ ունեցող մարմնի, եւ վերջապես՝ այդ ի՞նչ հարաբերություններ են պետության եւ եկեղեցու միջեւ, որոնք կարիք ունեն կարգավորման։ Սրանք ծագող հարցերի մի մասն են միայն, որոնք մնում են բաց։

Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հայտարարությունից կարելի է հասկանալ, որ Առաքելական եկեղեցում առկա խնդիրների կարգավորման համար Նիկոլ Փաշինյանի եւ Գարեգին Բ-ի միջեւ քննարկումներ են տեղի ունեցել, որի արդյունքում կողմերը եկել են փոխհամաձայնության՝ ստեղծել նման եկեղեցա-պետական խառը հանձնաժողով՝ դրանք կարգավորելու համար։ Չի բացառվում, որ նման խմբի ստեղծման անհրաժեշտությունը Փաշինյանինը լինի։ Հատկապես, որ խումբը ղեկավարում է կառավարության ներկայացուցիչը՝ աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, այսինքն՝ նախաձեռնողականությունը պետությանն է, հակառակ պարագայում կլիներ, օրինակ, համաղեկավարություն՝ կառավարության եւ եկեղեցու ներկայացուցչի մասնակցությամբ։ Բացի այդ, խմբում 13 անդամից ութը ներկայացնում է պետությունը, 5-ը՝ եկեղեցին, ինչը կրկին խոսում է այն մասին, որ առաջարկն արվել է վարչապետի կողմից, իսկ Գարեգին Բ-ին այլ բան չի մնացել, քան համաձայնել։

Այն, թե ինչ խնդիրներ է քննարկելու կամ լուծելու այս խումբը, կարելի է հասկանալ խմբի կազմն ուսումնասիրելով։ Խմբում ընդգրկված են արդարադատության, տարածքային կառավարման, արտաքին գործերի, կրթության եւ գիտության, մշակույթի, պաշտպանության, տնտեսական զարգացման, ֆինանսների, ոստիկանության, կադաստրի, պետեկամուտների եւ սոցիալական ոլորտների գերատեսչական մարմինների ղեկավարների տեղակալները։ Այլ խոսքով ասած՝ կյանքի հիմնական ոլորտները։ Սա արդեն խոսում է այն մասին, որ, օրինակ, արտաքին գործերի նախարարության պարագայում հարցն առնչվելու է եկեղեցականների կամ եկեղեցու աշխատակիցների՝ արտասահման գործուղումների պարագայում վիզայի հետ կապված խնդիրներին, որին կմասնակցի նաեւ ոստիկանության ներկայացուցիչը։ Ոստիկանության ներկայացուցիչը կմասնակցի նաեւ կաթողիկոսի կամ եկեղեցապատկան տարածքների անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների քննարկումներին կամ կարգավորումներին։ ԱԳՆ ներկայացուցիչը մասնակցություն կարող է ունենալ նաեւ միջազգային կարեւոր հարթակներում՝ Գարեգին Բ-ի ելույթների կամ հայտարարությունների մշակմանն աջակցելով։ Ֆինանսա- տնտեսական բլոկը ներկայացնող նախարարությունների ներկայացուցիչների ներգրավվածությունը եւս հասկանալի է։ Մայր Աթոռը Հայաստանում խոշոր հարկատուներից է, նաեւ համարվում է խոշոր գործատու։ Բացի այդ, պարբերաբար ստանում է նյութական նվիրատվություններ տարբեր կազմակերպությունների ու անհատների կողմից, ինքն էլ ծիսական նշանակության մոմ պատրաստելու համար պարաֆին է ներկրում, եւ այս ամբողջը մաքսազերծելու, օրինականացնելու եւ հարկային դաշտ բերելու անհրաժեշտություն կա։

Տիգրան ՎԱՀԱՆԵ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031