Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետարանը գործարկում է երեխաների հերթագրման գործընթացն առավել թափանցիկ ու քաղաքացիների համար առավել հասանելի դարձնող կայքը

Հունվար 31,2019 11:27

mankapartez.yerevan.am. Երևանի քաղաքապետարանը գործարկում է երեխաների հերթագրման գործընթացն առավել թափանցիկ ու քաղաքացիների համար առավել հասանելի դարձնող կայքը:

«Էլ ավելի հասանելի դառնալ հանրությանը, մեր քաղաքացիներին, լինել բաց և թափանցիկ աշխատանքի մեջ: Կայքի գործարկումն, ինձ թվում է, շատ մեծ արձագանք կունենա մեր սիրելի ծնողների մոտ, ովքեր սպասում են իրենց բալիկների հերթի հասնելուն»,- նշել է փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը:

«Առաջնային և կարևորագույն քայլը թափանցիկությունն է, որպեսզի մեր համաքաղաքացիները հնարավորություն ունենան գործընթացին հետևելու առցանց և այն բոլոր կասկածները փարատվեն, որ հերթագրման գործընթացում տեղի են ունենում արհեստական խոչընդոտներ, հերթագրման գործընթացներում ներգրավվում են մարդիկ, որոնք, դուրս գալով իրենց ազգանուններից, մականուններից, հեղինակությունից, հնարավորություն են ունենում ազդելու գործընթացի վրա և իրենց երեխային փորձում են ավելի հարմար դիրքում տեղադրել և շուտ ընդունել մանկապարտեզ»,- նշել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

160 մանկապարտեզ, 948 խումբ, նախակրթարան հաճախող 29 823, հերթագրված՝ 8285 երեխա: Բոլոր տվյալները տեղ են գտել կայքում և մատչելի են բոլորին:

Մանկապարտեզների կառավարման այս համակարգն ստեղծելիս հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների անձնական տվյալների գաղտնիության ապահովմանը:

«Կայքը հանրայնացնելով՝ որևէ երեխայի իրավունք չի խախտվում և սա նույնպես շատ կարևոր գործընթաց է, որ մենք կարողացանք անել: Ցանկացած լավ գործ և հանրային հնչեղության գործ անելիս մենք պետք է նաև իրավական մասը պահենք աշխատանքի»,- նշել է Տիգրան Վիրաբյանը:

«Էլեկտրոնային այս դարում, որտեղ շատ դժվար է անձնական տվյալները գաղտնի պահելը, լուրջ աշխատանքներ են տարվել, որպեսզի տվյալները չհրապարակվեն»,- նշել է Սերգեյ Հարությունյանը:

Իրենց երեխաների հերթին սպասող ծնողները, որոնք այսուհետ անձամբ կհետևեն համակարգի ողջ ընթացքին, գործ կունենան միայն իրենց անձնական տվյալների հետ:

Իսկ, ի՞նչ է պետք՝ համակարգ մուտք գործելու համար:

«Անհրաժեշտ է ընտրել մանկապարտեզը, նշում ենք երեխայի ծննդյան ամիս-ամսաթիվը և երեխայի անձը հաստատող փաստաթղթի համարը, որը ծնողը ներկայացրել է մանկապարտեզ՝ գրանցելիս: Այստեղ մենք արդեն տեսնում ենք, թե տվյալ մանկապարտեզում, տվյալ տարիքային խմբում քանի երեխա կա հերթագրված, տեսնում ենք, ի դեպ, միայն այդ երեխայի տվյալը և թե այդ երեխան որ հերթում է»,- նշել է նորարարական համակարգերի նախագծման և զարգացման բաժնի պետ Իզաբելլա Նիկողոսյանը:

Մասնագետները նշում են. արվել է հնարավորը՝ համակարգը մատչելի դարձնելու համար: Պարզապես հարկավոր է հետևել համապատասխան հրահանգներին:

«Սա ծանոթություն է, որը մանրամասն ներկայացնում է, թե ինչ են դաշտերն իրենցից ներկայացնում: Մեզ մոտ գույները չորսն են. կանաչը և կապույտը նշանակում են, որ երեխան համապատասխանում է իր տարիքային խմբին, կարմիրը՝ որ չի համապատասխանում, իսկ նարնջագույնը՝ որ երեխան արտահերթությամբ կարող է ընդունվել պարտեզ»,- նշել է Իզաբելլա Նիկողոսյանը:

Արտահերթ ընդունվող երեխաների ցանկը սահմանվել է Երևանի քաղաքապետի 2011թ. համապատասխան որոշմամբ, որը ևս առկա է կայքում՝ հղման միջոցով: Արտոնությունների ցանկում ընդգրկված են մի շարք խմբեր:

Քաղաքապետի որոշումը տարածվում է ազատամարտիկ ծնող, զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ, ՀՀ ԶՈՒ-ում պարտադիր ժամկետային կամ պայմանագրային զինծառայող ծնողներ ունեցող, զոհված զինծառայողի, երկկողմանի ծնողազուրկ, սիրիահայ, բազմազավակ ընտանիքների երեխաների վրա և այլն:

Կայքը գործարկելուց որոշ ժամանակ անց հանրությանը մատչելի կդառնա նաև առցանց հերթագրման հնարավորությունը, որն այժմ մշակման փուլում է:

«Մեր ծնողները, որոնք ցանկանում են իրենց երեխաներին հերթագրել, իրենք այլևս կարիք չեն ունենա բնակարանից դուրս գալ՝ գործառույթը կատարելու համար»,- նշել է Սերգեյ Հարությունյանը:

«Չեմ բացառում, որ կարող են ներքին օղակներում լինել խնդիրներ: Ես ուղղակի խնդրում և կոչ եմ անում մեր հասարակությանը, մեր սիրելի երևանցիներին. ցանկացած դեպք, երբ կնկատեն, որ հերթագրումը խախտվում է, ոտնահարվում են իրենց իրավունքները, այլ մեխանիզմներով, զարտուղի ճանապարհներով մարդիկ փորձում են իրենց երեխաներին տեղավորել մանկապարտեզներում՝ միանշանակ դիմեն Երևանի քաղաքապետարան: Ցանկացած ահազանգ խորությամբ ուսումնասիրվելու է, մեղավորները պատժվելու են և վերականգնվելու է իրենց իրավունքը»,- ընդգծել է Տիգրան Վիրաբյանը:

https://www.facebook.com/Yerevanofficial/videos/244758383089257/%C2%A0

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031