Մենք չենք կարող քննարկել տարածքներ խաղաղության դիմաց տարբերակը, քննարկել անգամ չենք կարող, երեկ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության երդման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում: Վերջին օրերին, կամ ավելի շուտ՝ Դավոսի՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո հայկական կողմը նկատելիորեն կոշտացրել է իր հռետորաբանությունը: Համենայնդեպս, արտգործնախարարը հայտարարում է Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի օրակարգի մասին, վարչապետը հստակորեն հայտարարում է տարածքներ խաղաղության դիմաց բանաձևի անգամ քննարկելի չլինելու մասին:
Այնպես չէ իհարկե, որ այս մասին նախկինում չէր խոսվում, կամ խոսվում էր այլ բան: Հարցն այն է, որ վերջին օրերին խոսվել է բավականին ինտենսիվ, բավականին, այսպես ասած, խտությամբ՝ ներառյալ նաև Բանակի օրվա առիթով արված հայտարարություններն ու խորհրդակցությունը ՊՆ-ում:
Ինչ է կատարվել Դավոսում, որ հայկական կողմը ինտենսիվացրել ու կոշտացրել է իր հռետորաբանությունը: Եթե դրան են ավելացնում նաև այն, որ այս օրերին Ադրբեջանին ռազմական լուծումը բացառելու մասին ակնարկներ արեցին ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, դժվար է համարել, որ Դավոսում ճնշում է եղել հայկական կողմի վրա և դրանից էլ բխում է կոշտացումը:
Եղե՞լ է հակառակ ճնշում՝ դա էլ իհարկե դժվար է ասել, քանի որ այդ դեպքում հարց է առաջանում, թե ի՞նչ ուղղությամբ են փորձել ճնշել Ադրբեջանին: Այս հարցերն իհարկե կարող են դառնալ դիտարկումների առարկա, մենք արել ենք դրանք, նաև անկասկած կլինեն նոր անդրադարձեր առաջիկայում, սակայն այստեղ, թերևս, արժե Դավոսից հետո հայկական կողմի, վարչապետ Փաշինյանի վարքագիծը դիտարկել ներքին գործընթացների տիրույթում: Հայկական կողմի հռետորաբանության նկատելի, միաժամանակ զսպված կոշտացումը վկայում է այդ ճակատում դիրքերի ամրության մասին, չնայած ներքին դաշտում կանխատեսումներին կամ տագնապներին, որ հնչեցվում են ինչ-որ համաձայնագրերի վերաբերյալ:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում