Լրահոս
Օրվա լրահոսը

Ումի՞ց են վախենում դատավորները

Հունվար 31,2019 10:00

Կարդացի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրքի այն դրվագը, որը վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ին: Այն, որ նա չի ընդունում մեղքի իր բաժինը եւ ամեն ինչ բարդում է Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա՝ դա, իհարկե, շատ վատ է: Զոհերն անշուշտ առաջին հերթին Քոչարյանի խղճին են՝ որպես գործող նախագահ նա պետք է գտներ հարցի քաղաքական լուծման որեւէ տարբերակ: Բայց դա քաղաքական, բարոյական գնահատական է: Իրավական ձեւակերպումը պետք է տա դատարանը: Մասնագետ չլինելով՝ ճիշտն ասած, լավ չեմ պատկերացնում, թե ինչպես էր Քոչարյանը, նախագահի պաշտոնը զբաղեցնելով, տապալում սահմանադրական կարգը: Նաեւ տարակուսում եմ, թե ինչու են իրավապահ մարմինները կենտրոնացել միայն «մարտի 1-ի» գործի վրա եւ չեն հետաքրքրվում, թե ինչպես է երկրորդ նախագահի ընտանիքը հարստացել:

Ես, բնականաբար, կարող է եւ սխալվեմ՝ հարցերի պատասխանը, կրկնեմ, պետք է տա դատարանը: Սակայն հարց է առաջանում՝ արդյոք մեր դատավորներն անկախ եւ անկաշկա՞նդ են: Օրինակ՝ դատարանը որոշում է ընդունում Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ: Հաշվի առնելով ողջ հասարակական եւ քաղաքական ենթատեքստը՝ կարող է, չէ՞, հարց առաջանալ՝ նման որոշում է կայացվում այն պատճառով, որ Քոչարյանը կարող փախչել կամ ազդե՞լ նախաքննության մարմնի վրա, թե՞ այն պատճառով, որ երկրորդ նախագահին խորապես ատողները կարող են ցույցեր անել, փակել միջպետական ճանապարհները, ֆեյսբուքում այդ դատավորների հասցեին գրել՝ «թուրք», «դավաճան» (ընտրում եմ ամենամեղմ բառերը), իսկ «վերեւներից» էլ գուցե կհորդորեն «խելքները գլուխները հավաքել»:

Ինձ թվում է՝ դատավորները պետք է անկախ լինեն ոչ միայն կառավարությունից, այլեւ հասարակական կարծիքից, նրանք չպիտի վախենան քարկոծվելուց, թուքումուր ուտելուց: Թե չէ կարելի է ընդհանրապես վերացնել դատարանները ու բոլոր «անվստահելի տարրերին» դատել հրապարակներում՝ հավաքվածների ձայների մեծամասնությամբ: Նման խնդիրներ գոյություն ունեն, բնականաբար, ոչ միայն Հայաստանում: Միացյալ Նահանգներում, օրինակ, դատավորներին ընտրում են, եւ դա, իմ կարծիքով, ունի երկու կողմ. դրական՝ գործադիր իշխանությունից անկախ լինելը, եւ բացասական՝ ամբոխահաճո որոշումներ ընդունելու վտանգը: Ինչպես գտնել երկու տեսակ ճնշումներից խուսափելու լավագույն տարբերակը՝ դա լուրջ խնդիր է, որով պետք է զբաղվեն մասնագետները:

Հիմա Հայաստանի քաղաքացիների մեծ մասն ուզում է, որ Քոչարյանը նստի: Խոստովանեմ՝ ես էլ եմ նույնն ուզում: Բայց ի տարբերություն մեծամասնության՝ ես ցանկանում եմ, որ նա նստի իրավական առումով անթերի քննության եւ անվիճելի մեղադրանքների հիման վրա: Պարզ հուզական բավարարվածություն ինձ պետք չէ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Մեծարգո և անմոռանալի պրն Աբրահամյան: Դատավորները վախենում են ամեն ինչից: Դա ավելի լավ է, քան ոչ մի բանից չվախենալը: Չեմ ալարել, ստուգել եմ դատավորների կրթական ցենզը նրանց օֆիցիալ տվյալներից: Նույնիսկ կան դատավորներ, որ արդեն փակված ԲՈՒՀ-ի դիպլոմով են աշխատում: Գոնե վախը ստիպի մի քիչ ինքնակրթությամբ զբաղվեն:

  2. Քաղաքացի says:

    Հասարակության մեջ արդարության շատ մեծ պահանջ կա այսօր, որոհետև անկախությունից ի վեր այն չի եղել Հայաստանում: Այդ իսկ պատճառով այդ գործառույթը իր վրա է վերցրել մեզանից յուրաքանչուրը, մոռանալով, որ դա մեր անելիքը չէ: Երբ զրուցում եմ պարզ մարդկանց հետ երկրում տեղի ունեցող իրադարձություններից, ամեն երկրորդը, եթե ոչ յուրաքանչուրը, որպես դժգոհություն հայտնում է, թե այս ինչ է, ոչ մեկին չեն նստեցնում, բռնում և բաց են թողնում, բռնում և բացեն թողնում: Առաջնահերթուտյունների շարքում ոչ թե ցածր աշխատավարձն է, կամ կենսաթոշակը, այլ այս կամ այն ավազակին բանտ նետելն է: Այստեղ է, որ երևում է արդարության հսկայական դեֆիցիտը և պահանջը: Այդ արդարության պակասից է, որ իմ երիտասարդ գործընկերների մի մասը, վաստակելով IT ոլորտում Հայաստանում գերազանց ապրելու համար բավարար գումարներ, շարունակում են լքել երկիրը, իսկ մյուս մասը, փրփուրը շուրթերին մեղադրում են Փաշինյանին թավշյա մեթոդների համար. «Թող վերադարձնեն թալանածը, իրենք ել բանտը նստեն: Գողի տեղը բանտն է:» Հասարակության մեծ մասի արդարացի պահանջը դա է, ուրիշ բան, որ դա մեր որոշելիքը չէ: Եթե մարդը իր վրա պատասխանատվություն է վերցնում երկիր կառավարել, նա պատասխանատու է ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ: Այս պահի դրությամբ էլ դատական համակարգը խարսխված է նախքին կադրերի վրա, նրանց կապերի, հանցագործ կապերի և շահերի վրա: Չեմ բացառում, որ այնտեղ էլ կային ազնիվ մարդիկ, սակայն նրանք այդ համակարգի ներքո, նույնիսկ տեսականորեն, ինչ-որ բան փոխելու հնարավորություն չունեին: Այժմ սկսել են երևալ նոր դեմքեր, որոնք ոչ միայն արհեստավարժ են, այլև ազնիվ՝ Վահե Գրիգորյան, Նորայր Նորիկյան և վստահ եմ այլոք: Կապրենք, կտեսնենք: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին: Մարդկային պատմության մեջ ինչ դեմքեր ասես չկան՝ Հիտլեր, Ստալին, որոնք այդքան մարդկանց կյանքեր են խլել, սակայն այս աստիճանի ատելությանը նույնիսկ նրանք չեն արժանացել: Սա ֆենոմեն է: Իհարկե, յուրաքանչուր դեպք, առանձին դեպք է և այստեղ, կարծում եմ, պետք է հոգեբաններ աշխատեն:

  3. Հ.Շ. says:

    Քոչարյանի նկատմամբ հայաստանցիների բացարձակ ատելութեան հիմնական աղբիւրը ռասիզմն է :
     
    Պարզապէս չկարողացաք «մարսել» որ այդ անտաշ Ալբանացին եկաւ, եւ Երեւանին տիրացաւ, այդտեղից ճամբելով ձեր նուրբ ու քաղաքակիրթ, իսկական հայաստանցի ԼՏՊ-ն: Եւ անկէ ալ յաջող նախագահ եղաւ, սրբագրեց անոր գործած աւերները իսկ, երկիրը ոտքի հանեց:
     
    Հիմա ել սակայն անոր վիճակուած ամօթալի հալածանքներն են որ մարսողութեան լուրջ խնդիրներ պիտի տան ձեր «Նոր Հայաստանին» – զորս իրականում մօտ երեսուն տարի առաջուայ Հայաստանն է – :
     
    Հայութեան մէջ ներազգային լարուածութիւնները այս աստիճան ծանր ու խորունկ չեն եղած, երկար ժամանակներէ ի վեր: Յատկապէս շշմեցուցիչ է Հայաստան vs Արցախ բախումը, մինչ Հայաստանը բանակցում է Արցախի նիւթով:

    Մի ինքնախաբէութիւն եւս, թէ այս ախտը չի վարակեր նաեւ Բանակը: Եւ թշնամիները այս ամէնը շատ լաւ են տեսնում, մատ ունին այս ամէնուն մէջ:

    Որեւէ պատկերացումով, այս պատմութիւնի լաւ պիտի չվերջանայ:

  4. Հ.Շ. says:

    Յ.Գ. Սերժ Սարգիսյանը երկու ճակատագրական սխալներ գործեց՝

    1. Լեւոն Տէր-Պետրոսյանը օրինական հետապնդման չենթարկել, Փետրուար 2008-ի պետական յեղաշրջման փորձին համար: Որու առիթով նաեւ կարելի էր դատարանների առջեւ քննարկել Հայաստանի նախնական թալանի հարցը:

    2. Ուզել նախագահ դառնալ, նոր Սահմանադրութեան հիման վրայ:

  5. Քաղաքացի says:

    Ինձ համար, վերջերս, ակընհայտ դարձավ մի անբացատրելի երևույթ՝ մարդիկ, նույնիսկ շատ կիրթ և տեղեկացված, տեսնում են իրականությունը այնպես, ինչպես ՈՒԶՈՒՄ են տեսնել: Նրանց համար փաստերն ու փաստարկները դեր չեն խաղում: Իհարկե, ցանկության և անհրաժեշտության դեպքում, յուրաքանչուր նման դեպքի արմատը ուսումնասիրելիս, հնարավոր է գտնել համապատասխան բացատրություն, որը, ինչ խոսք, մակերեսի վրա չէ: Սակայն նման դեպքերում դրա անհրաժեշտությունը բացարձակապես չկա, որովհետև դա բացարձակապես ոչինչ չի փոխում: Մենք ունենք այն, ինչ ունենք և մնում է միայն ընդունել իրողությունը, անկախ նրանից, ինչքանով է դա մեզ դուր գալիս, կամ ոչ: Այն որ, երեք նախագահների օրոք էլ դավադրությունները և խարդավանքները քաղաքական կյանքի անբաժանելի մաս էին կազմում, դա բոլորին այսօր պարզ է: ԼՊՏ-ն, չեզոքացնելով իրեն շրջապատող ազնվագույն և խելացի զինակիցներին՝ Վազգեն Մանուկյան, Բաբկեն Արարկցյան, Իգոր Մուրադյան, Ռաֆայել Ղազարյան և այս ցուցակը կարելի է շարունակել, արժանացրեց ժողովուրդը Քոչարյան—Սարգսյան դուետին: Կարծում էր, այս գավառաբնակ գործիչները իրեն համար մրցակիցներ չեն: Բայց ինքը, իր ակադեմիական ուղեղով, որտեղից իմանար, որ սրանք խարդավանքների նախահայրերն են: Այ, դրա համար նրան ներում չկա: ԼՊՏ-ին շրջապատող մարդիկ մեր ազգի ոչ միայն լավագույն ուղեղներն էին, այլև ԱԶՆԻՎ ՆՎԻՐՅԱԼՆԵՐ: Եթե լինեին նրանք, ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր: Երկրի կեսը փախավ, մյուս կեսն էլ մտածում է ինչպես փախնի: Հայաստանում մեկ ամբողջ ընտանիք գտնելը, գրեթե անհնար է: Եվ այդ ֆոնի վրա, մարդիկ տոկոսներ են հաշվում, 30 թե՞ 70: «Ոտքի հանած երկիրը» այսպիսի արագությամբ չի դատարկվում: Այո, հաշվառված են, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, սակայն չեն մասնակցում, որովհետև ապրում են՝ երաժիշտները – Գերմանիայում, կենսաբանները – Կանադայում, ծրագրավորողները – աշխարհի բոլոր երկրներում և այդպես շարունակ: Նրանք դասալիքներ չեն, նրանք հույսները կորցրած, օտարության մեջ գլուխը այս ու այն պատին խփելով, մեր հայրենակիցներն են: Նրանք այն մարդիկն են, որոնք ապահովությունն ու արդարությունը փնտրում են իրենց «ոտքի հանած երկրից» դուրս: Իսկ այս տոկոսը ո՞վ պետք է հաշվի և ո՞վ պատասխան տա:

    • Հ.Շ. says:

      Հայաստանը իր բնիկներից դատարկւում էր, 1970-ական թուականների սկիզբներից ի վեր: Այսինքն, այն պահէն սկսեալ երբ կարող էին, առաջին առիթով, լքել իրենց երկիրը:
       
      Արտագաղթը սաստկացաւ, այն օրէն իսկ սկսեալ երբ, շնորհիւ Անկախութեան, ա՛լ աւելի հեշտ դարձաւ փախչիլը, երկիրը քառասմբակ լքելը, անձնական հանգիստի եւ շահի ետեւից վազելով:
       
      Այնպէս որ, նոյնիսկ ձեր այդ հանճարեղ ԼՏՊ-ն չէ, յանցաւորը արտագաղթին:
       
      Հիմա, ծիծաղելի չափերով իտէալացնում էք ԼՏՊի թագաւորութեան մինչդեռ շատ մթին, նաեւ արիւնալի օրերը: Երեւի տարիքի հարց է…
       
      Ես ձեզ ասեմ, աւելի երկար ժամանակ իրաւաբան եմ եղել – նորմալ երկրի մը մէջ – քան թէ այժմու Հայաստանի լրիւ գոյութիւնը: Անհնար է ջանալ աշխարհին ծախել այն խաբկանքը թէ այսուհետեւ Հայաստանը Օրէնքի Գերակայութեան հաստատման ճանապարհին վրայ, եւ միաժամանակ՝ Քոչարյանի նկատմամբ այսպիսի հալածանքը գործադրել:
       
      Ձեր Փաշինյանն ալ, ԼՏՊ-ն ալ, պրավո իրենց, շա՜տ հեշտօրէն կարող են խաբել իրենց ժողովուրդի մի մասը: Սակայն անոնք վստահաբար չունին նոյն աճպարարական կարողութեան նշոյլը, արտաքին աշխարճի նկատմամբ, սկսեալ դասական Սփիւռքի հայերից: Շնայած, պահ մը, ԼՏՊ-ն ալ հմայեց որոշ սփիւռքահայեր, այդ օրերի յատուկ յուզմունքին մէջ: Սակայն անոն գոնէ յետոյ արթնցան, դարմանուեցան: Տարոսը ձեզի, երեւի դեռ մի քանի սերունդներ ետք:

  6. Հ.Շ. says:

    . եթէ ոչ ուղղակի վախկոտ, ըսենք… զգուշաւոր անձեր,
    . նոր ու երեւութապէս զօրեղ իշխանութենէն անձնական ակընկալութիւններ ունեցող անձեր,
    . համացանցային ժխորէն ազդուող անձեր,
    լռում են…

    եւ այդպէս, գոյանում է այն պատրանքը թէ հայերու մեծամասնութիւնը հանաձայն է, Երկրորդ Նախագահի դէմ այժմու հալածանքներուն

    սակայն ահա, Ռոբերտ Քոչարյանի ճակատաբաց պաշտպանողական մը, դասական Սփիւռքի պատկանող, ստորագրեալին կողմէ ՝
    https://haytougchamlian.blog/ռոբերտ-քոչարյան-պաշտպանողական-2018/

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա

    • Aha says:

      You’re not alone, I’m with you on this one.

      Let me add that within my immediate family there are radically opposite views on the Kocharian issue, it has become a taboo subject, to the point that we don’t talk about it among ourselves in order to avoid additional inner tensions.

      • Հ.Շ. says:

        very wise, Aha… one should never let political discussions affect any (close) family relationship… it’s just not worth it…

      • Հ.Շ. says:

        … having said that, since the personal situation that you are mentioning is quite widespread, we can note that the movement which is supposed to inspire and establish “Love and Harmony”, in fact, has not only fragmented the entire Armenian World, generated incredible internal tensions between Armenians in general and all around, but it has even divided couples, families… way to go…

  7. Ruben says:

    Դե, ԼՏՊ-ի մասին չասեմ, որ Աբրահամյանին, չվրդովեցնեմ:
    Հասկանալի է, որ Քոչարյանը պետական գաղտնիք կրող է: Դատավարությունը կտեւի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է ժողովրդի դժգոհությունը պարպելու համար: Եվ հենց նա արդարացվի եւ ազատ է արձակվի, «դուխով բոլշեւիկները» կգնան «արժանի» հանգստի եւ իշխանության կգան սոցիալ-հեղափոխականները հրով ու թրով: Իսկ Քոչարյանը պատմության մեջ կմնա որպես գործիք:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031