Հունվարի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ «Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին: Հանդիպումը տեւեց մոտ ժամուկես»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Փաշինյանը։ Իսկ կառավարության տարածած մամլո հաղորդագրությունից տեղեկացանք ընդամենը, որ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպման ընթացքում «մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների շուրջ»: Տարածված տեսանյութում նկատվում էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մոտ որոշակի լարվածություն կա, թեեւ նրանք դա փորձում էին թաքցնել՝ ժպտալով:
Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հանդիպման հաջորդ օրը Փաշինյանը տեղեկացրեց. «Սա Իլհամ Ալիեւի հետ երրորդ հանդիպումն է, երրորդ խոսակցությունն է, եւ նախկինում էլ պլանավորված չի եղել որեւէ հանդիպում։ Դուշանբեում, երբ մենք հանդիպեցինք, դրանից առաջ ինչքան հավանականություն կար, որ մենք կհանդիպենք, այնքան էլ հավանականություն կար, որ մենք չենք հանդիպի։ Նույնն էլ Սանկտ Պետերբուրգում, երբ որ մենք ուղղակի այլ միջոցառման առիթն օգտագործեցինք։ Այդպես ստացվեց։ Խնդիր կար մշակելու պլան, երբ այսպիսի միջոցառումներին, երբ որ երկուսս էլ մասնակցում ենք, ինչպիսին պիտի լինի մեր մոտեցումը, որ առնվազն չխուսափենք միմյանցից»։ Ապա նա հավելեց՝ սրանք ո՛չ պաշտոնական հանդիպումներ են եւ ոչ էլ պաշտոնական զրույցներ. «Ըստ էության, մենք քննարկում ենք ավելի շատ բանակցային գործընթացի պատմությունը՝ երբ, ինչ, ինչպես տեղի ունեցավ, որ փուլում ինչ իրավիճակ էր, իհարկե քննարկում ենք նաեւ հնարավորությունները, թե ինչ պայմաններ կան կարգավորման կոնտեքստում, ինչ հնարավորություններ կան, ինչ անհնարինություններ կան, եւ ես ուզում եմ ասել, որ ոչ մի էսպես կոնկրետ դետալ մենք չենք քննարկում, մենք ուղղակի մտքեր ենք փոխանակում: Սա նաեւ ինչ-որ առումով մտքեր փոխանակելու, բանակցային գործընթացի ընկալումներին փոխադարձաբար ծանոթանալու, շփվելու հնարավորություն է, եւ ես շատ ուղիղ ուզում եմ ընդգծել, որ էդ բանակցություններում, քննարկումներում խոսվում է էն ամենը, ինչ մենք խոսում ենք նաեւ հրապարակային»:
Այսպես, կայացավ Փաշինյան-Ալիեւ եւս մեկ հանդիպում, որից օրեր առաջ անցկացվել էր մեկ այլ հանդիպում: Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կայացած Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը ստացավ արժանի արձագանքներ միջազգային հանրության կողմից:
Հիշեցնենք. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ հունվարի 16-ին Փարիզում կայացած ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման առթիվ միջնորդները փաստել էին, որ տեղի էր ունեցել մտքերի օգտակար եւ կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաեւ առավել լայն փոխըմբռնման եւ փոխվստահության հաստատմանը: Նրանք հայտնել էին, որ ավելի քան չորս ժամ տեւած հանդիպման ընթացքում զրուցակիցներն «անդրադարձել են խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը»:
Ահա, միջազգային հանրությունը «որսաց» միջնորդների կարեւոր ուղերձը: Նախ` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարություն տարածեց գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտարեշի անունից: Ողջունելով Մնացականյանի եւ Մամեդյարովի հանդիպումը՝ ասվում էր. «Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատում ԼՂ-ի ձգձգված հակամարտության լուծման համաձայնեցված եւ խաղաղ ուղիներ որոնելու կողմերի հանձնառությունը եւ, մասնավորապես, ողջունում է ժողովուրդներին խաղաղության պատրաստելու ուղղությամբ կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին նախարարների համաձայնությունը: Գլխավոր քարտուղարը վերահաստատում է լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի կարեւոր միջնորդական ջանքերին»:
Հաջորդ արձագանքն արդեն ԵՄ-ից հնչեց: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ինչպես նաեւ երկու երկրների արտգործնախարարների միջեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո տեղի ունեցած հանդիպումները դրական ազդակ են հաղորդում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ասվում էր Եվրամիության դիվանագիտության ղեկավարի խոսնակ Մայա Կոսյանչիչի հայտարարության մեջ:
«Եվրամիությունն անհամբերությամբ սպասում է բանակցությունների արդյունքների՝ ներառյալ երկրների արտգործնախարարների՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար կոնկրետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին վերջերս ձեռք բերված համաձայնության ամբողջական իրականացմանը, ինչպես նաեւ բանակցություններին նոր լիցք հաղորդելուն ուղղված քայլերին»,- նշվեց Եվրամիության դիվանագիտության ղեկավարի խոսնակի հայտարարության մեջ: ԵՄ-ից նույնպես փաստում էին, որ շարունակում են լիովին աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության շրջանում վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերին: Հայտարարության համաձայն՝ բոլոր կողմերը կշահեն երկարաժամկետ խաղաղության հաստատումից, ինչը կօգնի Հարավային Կովկասի տարածաշրջանին գործի դնել իր ամբողջ ներուժը:
Այսպիսով, Եվրամիությունը, ըստ ԵՄ արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի գրասենյակի տարածած հայտարարության, դրական ազդակներ է մատնանշում Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում եւ ակնկալում է, որ կողմերը լիարժեքորեն կիրագործեն վերջին հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները: Ավելին, ԵՄ-ից կողմերին շտապեցնում են, ասելով՝ Եվրամիությունն անհամբերությամբ սպասում է բանակցությունների արդյունքների՝ ներառյալ երկրների արտգործնախարարների՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար կոնկրետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին վերջերս ձեռք բերված համաձայնության ամբողջական իրականացմանը:
Անցյալ տարի նոյեմբերի կեսերին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ընդունելով Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպաններին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ, գոհունակություն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում ԵՄ ցուցաբերած հավասարակշռված դիրքորոշման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցություն ցուցաբերելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր Արցախի ժողովրդի կարիքներին ու ձգտումներին առավել մոտիկից ծանոթանալու կարեւորությունը: Նա ուշադրություն էր հրավիրել ԵՄ հետ կնքվող փաստաթղթերում համաձայնեցված՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը համահունչ ձեւակերպումների կիրառման անհրաժեշտության վրա, ինչպես նաեւ կարեւորել տարածաշրջանը ռազմական էսկալացիայից եւ սադրանքներից զերծ պահելու ուղղությամբ Եվրոպական միության հետեւողական ջանքերը:
Ձեւավորվել է մթնոլորտ, երբ միջազգային հանրությունը՝ միջնորդների գլխավորությամբ, 2016թ. ապրիլից հետո Ադրբեջանին ուղղված իրենց կոչերը մի կողմ դնելով, որոնք ենթադրում էին սահմանային միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմների ներդրումը, այժմ բոլորովին այլ ակնկալիքներ ունի: Համենայնդեպս, նրանց հրապարակային հայտարարություններն այժմ բոլորովին այլ ուղղությամբ են: Տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են բոլոր վիճելի հարցերը՝ մնացել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը:
Բացի այդ, այս առումով մեկ այլ ուշագրավ հանգամանք էլ կա. ո՞ր կողմն է մինչ այժմ հանդես եկել ռազմատենչ հայտարարություններով, պատերազմի շանտաժով, եւ ո՞ր կողմն է հարեւան երկրի նկատմամբ ատելության քարոզով հանդես եկել: Այսինքն՝ այս դեպքում էլ միջազգային հանրության կոչերի հասցեատերը նախեւառաջ պետք է Ադրբեջանը լինի:
Եթե այս ամենին գումարենք ԱՄՆ նախագահի՝ վերջերս Փաշինյանին հղված ուղերձն իր որոշ նրբերանգներով, ապա կարելի է փաստել, որ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո միջազգային հանրությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ոչ միայն ինտենսիվացում, այլեւ կոնկրետ արդյունքներ է ակնկալում: Ավելին՝ այդ արդյունքի հետ են կապվում Հայաստանի զարգացման հնարավորությունները՝ գործընկեր պետությունների հետ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական իր ուղերձում, որը հղել էր Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նշել էր. «Միացյալ Նահանգներն աջակցում է բարգավաճ, ժողովրդավարական եւ հարեւանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին: Միասին մենք կարող ենք առաջընթաց արձանագրել մեր երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի խորացման, համաշխարհային անվտանգության ամրապնդման եւ կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի այդ ջանքերին: Իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Ձեզ եւ Հայաստանի ժողովրդին»:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
30.01.2019