Սանալ Կումար Սասիդհարանը 2001 թ. իր գործընկերների հետ ստեղծել է Kazhcha Chalachithra Vedi կինո արտադրությունը, որը ֆիլմերը ստեղծում է քրաուդֆանդինգի միջոցով: Նա մի քանի ֆիլմերի հեղինակ է, որոնցից «Ցանկալի Դուրգան» 2017 թ. արժանացել է Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի «Վագր» եւ երեւանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակներին:
Իր Death of Insane ֆիլմի մի մասը, որը ալեգորիկ ասք-հեքիաթ է, Սանալը նկարել է Գեղարդում, ավելին, այնտեղ օգտագործվել է հայկական հոգեւոր երաժշտություն: Ֆիլմի երաժշտության հեղինակն էլ մեր հայրենակից Լուսինե Հովհաննիսյանն է:
Սանալ Կումար Սասիդհարանը «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում հայտնեց, որ չնայած իր մի քանի հեղինակավոր մրցանակներին, իրեն հայտնի ռեժիսոր չի համարում, բացի այդ, որ հայտնի դառնալը իր ցանկությունների ցանկում չի էլ եղել: «Ես ընդամենը մի քանի կինոյի մարդ գիտեմ, որոնք իսկապես մտածում են կինոյի մասին ու լավ ֆիլմեր են ստեղծում…Լավ ֆիլմեր նկարելը դեռ մանկուց եղել է գլխումս, դա իմ երազանքն ու հավակնությունն է եղել: Չնայած իմ ընտանիքում հանգամանքներն այնքան բարեհաջող չէին, սակայն ես խորապես սիրահարված էի իմ երազանքին: Սա է միակ պատճառը, որ ինձ կինոռեժիսոր է դարձրել»,- ասում է մեր զրուցակիցը: Սանալը հավելում է, որ ֆիլմ ստեղծելը բարդ եւ դժվարին ստեղծագործական գործընթացների մի ամբողջություն է, չի կարծում, թե աշխարհում այն հեշտ է տրվում ամեն մեկին:
«Իմ ֆիլմերի համար իսկապես մրցանակներ եմ ստացել, իսկ «Ցանկալի Դուրգան» ուղղակի դռներ է բացել ինձ համար դեպի նոր աշխարհ: Դրա համար շնորհակալ եմ Ռոտերդամի միջազգային կինոփառատոնին, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակը եւս նույնքան արժեքավոր է ինձ համար»,-նշեց ռեժիսոը:
Խնդրեցինք ներկայացնել նոր ֆիլմը եւ հետաքրքրությունը` կապված հայկական թեմաների ու հայկական հոգեւոր երաժշտության հետ:
«Ես Հայաստանում եղել եմ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շնորհիվ: Այն հրաշալի փառատոն է, որն ինձ հնարավորություն տվեց տեսնելու մի չքնաղ երկիր: Ես բախտ ունեցա այցելել Սերգեյ Փարաջանովի թանգարան, ներշնչվել վարպետի աշխատանքներից: Եղա նաեւ Գեղարդում եւ լսեցի, թե ինչպես են մի խումբ մարդիկ երգում հին հայկական հոգեւոր երգեր: Դա անչափ գեղեցիկ էր, հենց այդ ժամանակ էլ մտածեցի ֆիլմ նկարելու մասին: Ֆիլմս ազատություն երազող մարդու մասին է, որի երազները իշխողներին զայրացնում են»,- պատմում է Սանալ Կումար Սասիդհարանը: Նրա ձեւակերպմամբ, հերոսը մտացածին է, բայց նաեւ հեռու չէ մեր իրականությունից: Ռեժիսորն ասում է, որ հենց Գեղարդում է հասկացել, թե ինչպիսի երաժշտություն է անհրաժեշտ իր ֆիլմին եւ դիմել է Լուսինե Հովհաննիսյանի օգնությանը:
Մեր զրուցակցին հարցրինք` իր կարծիքով կինոն, լինելով համամարդկային լեզու, ի զորո՞ւ է օգնել մարդկանց, նպաստել աշխարհում խնդիրների հաղթահարմանը:
Ռեժիսորը պատասխանեց, որ ֆիլմը չի կարող լուծել հասարակության կամ որեւէ ժողովրդի խնդիրները, բայց կարող է ազդել, պրովոկացիայի ենթարկել, որ մարդիկ մտածեն այդ խնդիրների հնարավոր լուծումների մասին. «Իրականում մտածողությունը շատ կարեւոր քայլ է լուծումներ փնտրելիս: Ինչ վերաբերում է իմ Unmadiyude Maranam (Death of Insane) ֆիլմին, այն «կիսում» է մարդկության մասին մտահոգությունները: Ավտորիտար, բռնատիրական գաղափարներն ամենուրեք փորձում են սպանել անկախ մտածողությունն ու ինքնարտահայտման ազատությունը: Իսկ ամենավտանգավորն այն է, որ հասարակությունը անտարբեր է դառնում ստրկության հանդեպ, համակերպվում, որ անհատական ազատություն իրեն անհրաժեշտ չէ»:
Հարցրինք նաեւ, թե ո՞վ է իր ֆիլմի հասցեատերը, լսարանը: Սանալն ասաց, որ պոետիկ այս ֆիլմը ինչ-որ առումով էքսպերիմենտալ ֆիլմ է, իրական կադրերով, որոշ հատվածներ էլ նկարվել են իր iPhone-ով: Հավելեց, որ երբ ճամփորդում էր «Ցանկալի Դուրգայի» հետ, նոր ֆիլմն արդեն գլխում էր: Ասաց նաեւ, որ Death of Insane -ը հասցեագրված է բոլորին, կարծում է այն ոմանց դուր կգա, բայց մեծամասնությանը հավանաբար դուր կգա վաղը կամ տարիներ անց:
Իսկ ինչպիսի՞ աշխարհի մասին է ինքը երազում: Ռեժիսորն ասաց, որ երազում է այնպիսի աշխարհի մասին, որտեղ մարդիկ կապրեն առանց սահմանների: «Դա պետք է լինի մեր սրտերում, ու երակներում հոսող արյան նման, որը միայն մեկ հույզ ու գույն ունի, այն կարմիր է»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Հայ կինոգործիչների ու երաժիշտների հետ համագործակցությանն էլ անդրադարձ եղավ: Սանալը Հայաստանը բնորոշեց հարուստ մշակույթ ու շքեղ բնություն ունեցող երկիր, իսկ Լուսինե Հովհաննիսյանի հետ համագործակցության փորձը` ֆանտաստիկ: Իր ֆիլմի համար երաժշտություն գրած Լուսինե Հովհաննիսյանի հետ համագործակցությունը հնդիկ կինոռեժիսորը համարում է մշակույթների եւ մարդկայնության յուրատեսակ փոխանակում: Նա մտադիր է եւս մեկ ֆիլմ նկարել Հայաստանում, որի մասին այս պահին ձեռնպահ մնաց «փակագծեր» բացելուց:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Վիքիպեդիայից:
«Առավոտ» օրաթերթ,
30.01.2019