Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ի մատչելի բնակարանների նախագիծն այնքան էլ զինծառայողների սրտով չէ

Հունվար 31,2019 13:30

Սպայական կազմի զինծառայողների բնակարանային խնդիրները լուծելու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը նախագիծ է մշակել, որը, սակայն, այնքան էլ զինծառայողների սրտով չէ: «Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության նպատակային ծրագրով սպայական կազմի զինծառայողները կարող են Հայաստանի տարածքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերել մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման գործընթացի միջոցով: Զինծառայողները կարող են օգտվել 20 տարի ժամկետով հիփոթեքային արտոնյալ վարկավորման ծրագրից առավելագույնը 7% տարեկան տոկոսադրույքով եւ պետության կողմից բնակարանի արժեքի 10% կանխավճար վճարելու, տոկոսադրույքի 3%-ի սուբսիդավորումից, իսկ անմիջապես կառուցապատողից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում նաեւ մնացած 4%-ի վճարումն իրականացնել օրենքով սահմանված եկամտային հարկի հետ վերադարձման միջոցով:

Նախագիծը, սակայն, չի արժանացել զինծառայողների հավանությանը. այդ մասին վկայում են նախագծի վերաբերյալ հանրային քննարկումները: Օրերս Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, ավարտվեցին այս հարցի վերաբերյալ հանրային լսումները: Քննարկմանը մասնակցած քաղաքացիների 66 տոկոսը դեմ է քվեարկել նախագծին, եւ միայն 34 տոկոսն է կողմ եղել:

Ըստ նախագծի հեղինակների՝ զինծառայողներին բնակարանով ապահովելու նախկին ծրագրերն այնքան էլ արդյունավետ չեն եղել, եւ, ըստ նախարարության պատասխանատուների, գործընթացը դարձել է տնտեսապես ոչ շահավետ: Հաշվառման մեջ են գտնվում շուրջ 4.000 գործող եւ նախկին զինծառայողներ, պետության տնտեսական հնարավորությունները, սակայն, ըստ նույն աղբյուրի, թույլ էին տալիս լավագույն դեպքում տարվա ընթացքում իրականացնել մինչեւ 100 բնակարանների կառուցման եւ տրամադրման գործընթաց, որի արդյունքում շահառուների թիվը տարեցտարի աճում է:

Բնակարանի կարիք ունեցող զինծառայողները նախագծի քննարկումների ժամանակ հույս են հայտնել, որ նախագծի հեղինակները հաշվի կառնեն դեմ եւ կողմ քվեարկողների տոկոսային հարաբերակցության արդյունքները, առաջարկվող կարծիքները եւ կընդունեն նորմալ նախագիծ:

Արսեն Հովհաննիսյանը կարծում է, որ հավելված 1-ի 11-րդ կետը, որով նշվում է, որ զինվորական ծառայությունից արձակվելու դեպքերում զինծառայողի համար դադարում են պետության կողմից վարկի տոկոսի սուբսիդավորման եւ եկամտահարկի վերադարձման պայմանները, այնքան էլ հիմնավորված չէ զինծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման համատեքստում: «Մասնավորապես` նշված կարգավորումն ընդունելի չէ այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է երկարամյա ծառայության ստաժ ունեցող սպաներին: Օրինակ՝ անձը ծառայել է 20 տարի, որից հետո եւս 3 տարով երկարացրել է ծառայության ժամկետը եւ այդ ընթացքում արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերել, արդյոք 3 տարվա ժամկետի ավարտից հետո պե՞տք է դադարեն այդ արտոնյալ պայմանները: Ստացվում է, որ զինծառայողը 20 տարի ծառայելուց հետո եւս 10 կամ քսան տարի պետք է ծառայի, որպեսզի օգտվի արտոնյալ պայմաններով վարկավորման ծրագրից: Նման մոտեցումն արդարացված չէ եւ չի բխում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով ամրագրված զինծառայողի սոցիալական երաշխիքների ապահովման տրամաբանությունից ու սկզբունքներից»,- նախագծի վերաբերյալ իր դիտարկումն է արել Արսեն Հովհաննիսյանը՝ առաջարկելով քննարկել նախագծի 1-ին հավելվածի 11-րդ կետով նախատեսված իմպերատիվ կարգավորումը եւ փոփոխել այդ կետը:

Ըստ Ա. Հովհաննիսյանի՝ նշված նախագիծը մոտ է իդեալականին զինվորական կյանքը նոր սկսողի համար եւ որեւէ կերպ չի արտացոլում արդեն 20 եւ ավելի տարի ծառայած եւ դեռեւս ծառայությունը շարունակող զինծառայողների շահերը եւ սոցիալական պաշտպանվածությունը։

Պարոն Հովհաննիսյանի առաջարկն առայժմ արձագանք չի ստացել նախարարության մասնագետների կողմից:

Հրաչյա Պետրոսյանցի համոզմամբ՝ նախագիծն իր մեջ պարունակում է մի քանի ոչ լիարժեք պայմաններ, որոնք իրականում մեծ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, ինչպես նաեւ ձեւակերպումները հստակ չեն եւ կարող են երկակի չափորոշիչներով ընկալվել ինչպես շահառուների, այնպես էլ պետական լիազոր մարմինների կողմից։

Ըստ նրա՝ վիճահարույց է նաեւ նախագծի վերնագիրը. «Նախագծի հեղինակներին խորհուրդ կտամ ուսումնասիրել ՀՀ համապատասխան օրենքները եւ իրենց համար պարզել, թե ովքեր են հանդիսանում զինծառայողներ: Նախագիծը վերնագրված է «Մատչելի բնակարան զինծառայողներին…», իսկ առաջին իսկ կետում սահմանված է, որ այն միայն սպայական կազմի համար է: Ցանկացած շարքային, սերժանտ կամ ենթասպա նույնպես զինծառայող է, եւ տվյալ նախագիծը եթե վերնագրված է «զինծառայողներին» բառով, ապա նրանց նույնպես վերաբերում է»:

Արամ Ճուղուրյանը ՊՆ-ին առաջարկում է նախագիծը տարածել սահմանամերձ համայնքների բնակիչ հանդիսացող այն պայմանագրայինների եւ ենթասպայական կազմի վրա՝ համապատասխան հաշվառման վայրում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու համար, որոնք իրականացնում են մարտական հերթապահություն. «Սա ոչ միայն սոցիալական խնդիր կլուծի, այլեւ պայմանագրային հիմունքներով բանակի համալրումը խրախուսող գործիք կհանդիսանա: Բնակվելով սահմանամերձ համայնքում եւ ծանոթ լինելով բնակիչներիս խնդիրներին` կարող եմ բազմաթիվ դեպքեր ցույց տալ, երբ պայմանագրային զինծառայողը պայմանագիրն ավարտելուց հետո մեկնում է արտագնա աշխատանքի բնակարանային խնդրի լուծման նպատակով, որից հետո նորից անցնում է պայմանագրային ծառայության»:

Նախագծի հեղինակները Հրաչյա Պետրոսյանցի եւ Արամ Ճուղուրյանի դիտարկումներին էլ դեռեւս չեն արձագանքել:

Տիգրան Ավետիսյանը համարում է, որ նախագիծը «չափազանց անարդար» է երկարամյա ծառայողական ստաժ ունեցող սպաների հանդեպ. «Առաջարկում եմ սահմանել պետության կողմից կանխավճարի փոխհատուցման ճկուն գործակից, օրինակ՝ տվյալ դրությամբ մինչեւ 5 տարի ծառայողական ստաժ ունեցողների համար մայր գումարի 10%-ը, 6-10 տարի՝ 25%-ը, 11-15 տարի՝ 50%-ը, 16-20 տարի՝ 75%-ը, 21 եւ ավելի՝ 100%-ը։ Այս տարբերակը կիրառել մեկ անգամ, այնուհետեւ անցնել նախագծով առաջարկվող տարբերակին։ Նման ձեւաչափի կիրառման պարագայում կարելի է որոշակի մոտիվացիա ստեղծել նաեւ երկարամյա ծառայության կենսաթոշակառու, սակայն դեռ երիտասարդ սպաների համար՝ անցնելու պայմանագրային ծառայության եւ հնարավորություն ստանալու օգտվելու առաջարկվող՝ կանխավճարի փոխհատուցման ճկուն տարբերակից»։

Սուսաննա Պետրոսյանը նախարարությանը հորդորում է հնարավորինս շուտ հաստատել ծրագիրը, քանի որ 14 տարի վարձակալության հիմունքներով են ապրում եւ 2-րդ երեխայի ծնունդը բնակարանի բացակայության պատճառով հետաձգում են: Տիկին Պետրոսյանը հույս է հայտնում, որ այս նախագծում կընդգրկվի նաեւ ոստիկանության զորքերի սպայական կազմը, քանի որ նրանք նույն առաքելությունն են կատարում եւ կազմում են ՊՆ զորքերի մաս:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

30.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031