Տավուշի մարզում տեղակայված, ՀՀ ՊՆ զորամասի հրամանատարի թիկունքի եւ ծառայության գծով տեղակալ, փոխգնդապետ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչ, 1973թ.ծնված Ա.Յ-ն մեղադրվում է այն բանում, որ նույն զորամասի հրամանատարի 2018թ. մարտի 2-ի հրամանով իրեն ենթակա ծառայության՝ նյութաապահովման վաշտի հաշվեկշռում գտնվող «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենայի միջոցով ախտահանման աշխատանքներ կազմակերպելու եւ կատարելու համար կազմել է ժամանակացույց, որի հիման վրա զորամասի պահեստից ստացել է 90 հազար 950 դրամին համարժեք 250 լիտր դիզելային վառելիք, որից հետո օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ իրեն վստահված 30 լիտր դիզելային վառելիքն ախտահանման աշխատանքներ կատարելու համար հատկացրել է «ԳԱԶ 66» ավտոմեքենայի վարորդ, պայմանագրային զինծառայող շարքային Արայիկ Ժամհարյանին, իսկ մնացած 220 լիտր դիզելային վառելիքը յուրացրել է, տեղափոխել իր բնակության վայր եւ օգտագործել իր անձնական կարիքների համար:
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Ա.Յ-ն կապիտան Վարդան Եղիազարյանի միջոցով 2018թ. մարտի 3-ին կազմված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ագրեգատի աշխատանքային թերթում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել, թե իբր ախտահանման աշխատանքները տեւել են 9 ժամ եւ ծախսվել է 248.4 լիտր դիզելային վառելիք: Նա դրանից հետո, զորամասի հրամանատարի 2018թ. մայիսի 16-ի հրամանով ախտահանման աշխատանքներ կազմակերպելու եւ կատարելու համար կազմել է ժամանակացույց, որի հիման վրա պահեստից ստացել է 91 հազար 677.6 դրամին համարժեք 252 լ դիզվառելիք, սակայն այն չի հատկացրել վարորդ Ա. Ժամհարյանին, այն յուրացրել է եւ օգտագործել իր անձնական կարիքների համար:
Ա.Յ-ն կապիտան Վարդան Եղիազարյանի միջոցով 2018թ. մայիսի 19-ին կազմված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ագրեգատի աշխատանքային թերթում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել, թե իբր ախտահանման աշխատանքները տեւել են 9 ժամ եւ ծախսվել է պահեստից ստացված 252 լիտր դիզվառելիքից 248.4 լիտրը: Ա.Յ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(«Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով») եւ 314 հոդվածով(«Պաշտոնեական կեղծիքը»):
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը: Սույն քրեական գործով դատավարությունը նշանակված է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ