Այսօր նախագահի նստավայրում կառավարության անդամների երդման արարողությունն էր: Վարչապետից սկսած, մինչեւ ոլորտային բոլոր նախարարները երդվեցին հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման՝ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորությունները, պահպանել Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանությանը եւ շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը:
Ուշագրավ է, որ կառավարության կառուցվածքում ներկայումս դեռ 17 նախարարություն է գործում, բայց այսօր երդվեց 11 նախարար, նրանք, ովքեր ենթադրվում է, որ կառավարության կառուցվածքի փոփոխություններից հետո կմնան նախարար: Մյուս նախարարությունները, ինչպես հայտնի է, դեռ գործում են, բայց առանց նախարարի: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բացակայում էր:
Արարողությունից հետո շամպայնով կառավարության անդամները միմյանց շնորհավորեցին:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հարցին, թե ո՞վ է հիմա առաջին փոխվարչապետի գործառույթներն իրականացնելու՝ պատասխանեց, որ դեռ որոշված չէ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ