Թեղենիս լեռան լանջին ընթանում է Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS) տարեկան միջոցառումների ծրագրում ընդգրկված Լեռնադահուկային սպորտի «Զարգացող երկրների գավաթի» միջազգային առաջնությունը:
Հայաստանի դահուկային մարզաձեւերի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մասնակցում է հինգ երկրի 30 լեռնադահուկորդ: Բայց մենք համատեղ նույն FIS-ի ծրագրով անցկացնում ենք նաեւ Հայաստանի բաց առաջնություն, որի արդյունքում մասնակիցների ընդհանուր թիվը ավելի մեծ է:
Առաջին փուլը «Զարգացող երկրների գավաթի» առաջնությունն է, երկրորդ փուլը՝ համաշխարհային ֆեդերացիայի միավորներով վարկանիշային մրցաշարը, որն այսօր մեր մարզիկներին հնարավորություն է տալիս օլիմպիական միավորներ վաստակել: «Զարգացող երկրների գավաթի» երկու փուլ դեռ ունենք կազմակերպելու հսկա ոլորավայրէջքից»:
Ծաղկաձորի լեռնուղիներում մեկնարկի են ելել նաեւ հաշմանդամություն ունեցող մարզիկները, որոնք հանդես են գալիս Հայաստանի առաջնությունում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ