Այդքան քննադատված Ուսուցիչների վարքականոնի հետ կապված այսօր լրագրողների հետ զրույցում Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հարցին, որ ուսուցիչները դժգոհում են՝ ձեր պահանջներն անգամ ֆինանսական առումով չեն կարող բավարարել, աշխատավարձերը այդքան ցածր են, իսկ դուք հագուկապի հետ կապված պահանջներ եք ներկայացնում, բազմաթիվ բաց նամակներ են գրել, որ այս մեծ պարգեւավճարներից հետո ուսուցիչների նկատմամբ ձեր պահանջներն անտեղի են՝ պատասխանեց. «Ուսուցիչները բազմաթիվ նամակներ են գրում, քննադատում են նախարարին, որեւէ մեկդ կարո՞ղ էր պատկերացնել, որ մինչեւ ապրիլ, մայիս ամիսը ուսուցիչներ, տնօրեններ հանգիստ քննադատեն նախարարին ու չզրկվեն իրենց պաշտոններից»:
Դիտարկմանը, որ եթե նախկինում նման արատավոր երեւույթներ եղել են, դա չի նշանակում, որ հիմա պարծենալու բան է՝ Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Երբ որ ասում են ոլորտում առաջընթացը քիչ է, այն, որ ուսուցիչն այսօր ազատ է իր համոզմունքներում, դա մեծամեծ ձեռքբերումներից մեկն է»:
Վարքականոնի ու էթիկայի կանոնների հետ կապված նախարարն ասաց. «Յուրաքանչյուր ուսուցիչ, որ մանկավարժություն է սովորում բուհում, նա այս վարքականոնին ծանոթանում է, այստեղ որեւէ ավել բան չկա: Երբ որ սա դրվել է, ասվել է, որ սա նախագիծ է, այսինքն, յուրաքանչյուր ոք կարող է կարդալ, առաջարկություններ անել, քննադատել, ավելացնել: Սա հիմա դրված է հանրային քննարկման ու որեւէ արտառոց բան չկա»: Նա ասաց, որ ուսուցիչները դրանից չպետք է նեղանան, նախարարի խոսքով՝ այս վարքականոնը շրջանառության մեջ դնելով՝ ուզել են որոշ անբարեխիղճ ուսուցիչների հիշեցնել իրենց պարտականությունների մասին:
Լրագրողները փոխանցեցին վարքականոնի հետ կապված այն դժգոհությունը, որ «պատշաճ, ազնիվ վերաբերմունք» եւ այս տիպի արտահայտություններ են, մեկի համար պատշաճը մի բան է, մյուսի համար՝ այլ բան ու եթե գրում են՝ «պատշաճ հագնված պետք է լինել», մեկի համար դա կարող է լինել ծնկից վերեւ շրջազգեստը, մյուսի համար՝ ծնկից ներքեւը, հիմա ո՞նց հասկանան: Ի պատասխան՝ նախարարն ասաց. «Այդպիսի սահմանափակում չկա: Յուրաքանչյուր ուսուցիչ իր պատշաճության մակարդակում է հագնվում»:
Հարցին՝ ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ կոնկրետ քայլեր նախատեսվո՞ւմ են, օրինակ, Սերժ Սարգսյանը խոստանում էր ուսուցիչների աշխատավարձը հասցնել 200 հազարի, հիմա այդ մասին խոսք չկա՝ Արայիկ Հարությունյանը պատասխանեց՝ լավ օրինակ չէր Սերժ Սարգսյանին մեջբերելը, որովհետեւ 10 տարվա ընթացքում որեւէ մեկի աշխատավարձը չի բարձրացվել»: Նա ասաց, որ հնարավորության դեպքում կբարձրացնեն, դա ուղիղ կապ ունի երկրի ընդհանուր տնտեսական զարգացման հետ. «Սուտ կասենք, եթե ասենք, որ կարող ենք հենց այս պահին աշխատավարձերը բարձրացնել: Մենք փորձում ենք քայլեր ձեռնարկել, գործողություններ կանենք, պետք է սպասենք տնտեսական փոփոխությունների»:
Մեր հարցին՝ այն, որ պատահական այցելում եք դպրոցներ ու տնօրեններին նկատողությունները ձեր ֆեյսբուքյան էջի պատին դնում եք, այն դեպքում, երբ աշակերտները նույնպես ֆեյսբուքյան օգտատերեր են, դուք դրանով ավելի շատ օգնո՞ւմ եք ձեր կարծիքով, թե՞ վնասում՝ Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Հիմա, երբ հրապարակային նախարարություններին քննադատում են, վարչապետին քննադատում են, դա օգնո՞ւմ է, թե՞ վնասում»: Նախարարն ասաց, որ երբ ինքը Երեւանի ավագանու անդամ էր ու քննադատում էր բռնություն կիրառող որոշ ուսուցիչների, որեւէ մեկի մտքով չէր անցնում ասել՝ ոլորտը փչացնում ես, ինչո՞ւ ես քննադատում:
Երբ ասացինք, որ խոսքը չքննադատելու մասին չէ, այլ այն մասին, որ նախարարը ֆեյսբուքյան էջում գրում է՝ նկատողություն եմ տվել այսինչ տնօրենին ու նկատողության խստությունը կախված է իր զեկուցագրից, տպավորություն է, որ եթե մեղայականով հանդես գա, կներվի, դա ինչքանո՞վ էր ճիշտ՝ նախարարը պատասխանեց. «Իմ գործունեության արդյունքում տնօրեններն ու ուսուցիչներն այնքան ազատություն են ստացել, որքան չեն ունեցել երբեւէ: Երբեւէ ուսուցիչը եւ տնօրենն այսքան ազատություն չի ունեցել եւ դա իմ ամենամեծ ձեռքբերումներից մեկն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ