Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով պարգեւավճարների մասին՝ ասաց, որ մոտ 20 տարի է՝ ֆինանսների նախարարի աշխատակիցների համար նախատեսված է պարգեւատրում՝ օրենքով. «Մի անգամ առիթ եղե՞լ է նայեք դա, թե՞ ոչ»: Դիտարկմանը, որ նախկին իշխանությունն ինչ արել է՝ հիմա չենք ուզում, որ լինի ու դա է աղմուկի պատճառը՝ Ջանջուղազյանը պատասխանեց.
«Նախկինի ու ներկայի հարցը չի: Շատ նորմալ է, եթե գոնե հիմա տեսել ենք,որ կա պարգեւատրման համար նախատեսված տող ու այդ պարգեւատրումը որոշակի տրամաբանությամբ բաշխվել է: Հիմա, եթե այդ տրամաբանության մեջ դուք իմ բարեկամներին եք փնտրում, ապա շատ երկար կփնտրեք: Ֆիննախում բոլոր աշխատակիցներին կարող եք դասակարգել՝ որպես իմ բարեկամներ, գիտե՞ք որ թվից եմ աշխատում: Ուշադրություն դարձրեք մի հանգամանքի վրա, որ դեկտեմբերը առանձնահատուկ է մնացած ամիսների համեմատ, երկու աշխատավարձ է վճարվում, մեկը՝ նոյեմբեր ամսվա, մյուսը՝ դեկտեմբերի: Կա օրենքով նախատեսված դրույթ, ըստ որի, 13-րդ աշխատավարձը, նաեւ տնտեսված միջոցները աշխատանքային ֆոնդի կարող են տրամադրվել պարգեւատրման համար»:
Լրագրողների հարցին, թե որքա՞ն պարգեւատրում եք ձեզ տվել՝ պարոն Ջանջուղազյանը պատասխանեց. «Ինքս ինձ չէ, դա կոչվում է՝ գործատուն գործատուի կողմից: Եթե իմն է ձեզ հետաքրքրում, իմ վաստակած աշխատավարձը 2017-ի հետ համեմատած աճել է մոտ 10 տոկոսով եւ ես կարծում եմ, որ իմ պատասխանատվությունը նույնպես առնվազն 10 տոկոսով աճել է»:
Ատոմ Ջանջուղազյանը չասաց, թե քանի տոկոսով է պարգեւատրել, ում ու ինչքան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ