Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը փաստաբանների, հաշվապահների, խորհրդատուների շրջանում դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել: Այս համայնքների մասնագետները գտնում են, որ շրջանառության մեջ դրած նախագիծը ավելացնելու է իրենց հարկային բեռը, ինչի հետեւանքով մի շարք ծառայություններ քաղաքացիների համար թանկանալու են, հարկահավաք կառույցին էլ հասանելի են դառնալու փաստաբանական գաղտնիքներ, ինչն անթույլատրելի է:
Այսօր նախագծի վերաբերյալ հանրային քննարկում տեղի ունեցավ, որին մասնակցում էին փաստաբաններ,հաշվապահներ,խորհրդատուներ: Նրանց մտահոգությունները լսելու էին եկել ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը:
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը եւ «Հայաստանում ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» ՀԿ նախագահ Վահագն Համբարձումյանը ֆիննախին մեղադրեցին, որ նախագիծը մինչ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք դնելը չի քննարկվել շահառու խմբերի հետ եւ չի արտահայտում նրանց տեսակետները,ակնկալիքներն ու սպասելիքները:
Կարեն Զադոյանի համոզմամբ, նախագիծը ռիսկեր է պարունակում, որոնցից մեկն, օրինակ, ծառայությունների թանկացումն է. «Փաստաբանների ծառայություններից օգտվողների համար մատչելիության խնդիր է լինելու: Այն անձիք, որոնք որոշակի գումար ունեին եւ մասնավոր իրավաբանների ծառայություններից էին օգտվում, իրենց խնդիրները լուծելու համար, այսուհետեւ չեն կարող եւ պետք է ապավինեն հանրային պաշտպանի գրասենյակին»:
Մանրամասները՝ տեսանյութում
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրեց նախագծի նպատակը՝ նշելով, որ հարկման նախկին մեխանիզմը հարկային պարտավորություններից խուսափելու տեղիք է տվել:
Փոփոխություններով նախատեսվում է շրջանառության հարկից անցումը ավելացված արժեքի հարկի՝ ԱԱՀ-ի եւ շահութահարկի: Ներկայում, կոնկրետ փաստաբանները հարկվում են շրջանառության հինգ տոկոսի չափով:
Պարոն Պողոսյանի մեկնաբանությունները՝ տեսանյութում
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆիննախի ներկայացուցչից հետաքրքրվեց՝ ուսումնասիրություն կատարվե՞լ է, թե որքան փաստաբան ունենք եւ ինչ ծավալի շրջանառություն ունեն, որքա՞ն հարկ են հավաքագրում փաստաբաններից, որքա՞ն են կանխատեսում հավաքագրել, արդյոք ծառայությունները թանկացնելու արդյունքում փաստաբանական ինստիտուտը կզարգանա եւ այլն. «Առանց այս վերլուծությունն անելու, նման հավակնոտ նախագիծ դաշտ գցելը շատ վտանգավոր է եւ առաջացրել է փաստաբանական գործունեությամբ զբաղվողների եւ մյուս մասնագետների դժգոհությունը»:
Արա Զոհրաբյանը հրապարակեց գործողությունների պլանը, եթե կառավարությունը վիճելի դրույթներով նախագիծն ընդունի: Նրա խոսքով, բողոքի ցույցեր են անելու՝ երեք օր հրաժարվելով ՀՀ պետական մարմիններում, այդ թվում դատարաններում, նախաքննության մարմիններում փաստաբանական ծառայություններ մատուցել:
ԱԺ-ի կողմից էլ առաջին ընթերցմամբ ընդունելու դեպքում էլ 7 օր բողոքի ցույց կանեն:
Մանրամասները՝ տեսանյութում
Արա Զոհրաբյանի խոսքով, նախկին իշխանություններն էլ շատ դեպքերում այդպես գաղտնի են նախագծերն անցկացրել, հիմի էլ նոր իշխանություններն են այդպես վարվում:
Մանրամասները շուտով՝ տեսանյութում
Բաբկեն Թունյանը փաստաբաններին, հաշվապահներին կոչ արեց ժամանակից առաջ չընկնել, քանի որ նախագիծը դեռ լայն քննարկումներ է անցնելու եւ իրենք լսելու են բոլոր կողմերի կարծիքներն ու դժգոհությունները: Նրա խոսքով, այնպես չէ, որ կառավարությունն ինչ նախագիծ բերի ԱԺ-ն վավերացնելու է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ