«Հետհեղափոխական շրջանում նվազել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների թիվը: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո այլևս բռնություններ չեղան: Չորրորդ եռամսյակում ոչ մի բռնության դեպք չի գրանցվել, երրորդ եռամսյակում գրանցվել է 2, այն դեպքում, երբ երկրորդ եռամսյակում դրանք 19 էին»,- «Խոսքի ազատության և լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների պաշտպանության խնդիրները Հայաստանում» թեմայով «կլոր սեղանի» ընթացքում հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը:
Ներկայացվեց ԽԱՊԿ 2018 թ. զեկույցը՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին: Ըստ այդմ՝ ընդհանուր առմամբ, 2018-ի ընթացքում գրանցվել է լրագրողների ու օպերատորների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 21 դեպք, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների թիվը 67 է, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներինը՝ 98։
2018 թվականին ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների ներկայացվել է 13 նոր դատական հայց։ Դրանք բոլորը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի եւ զրպարտության հիմքով են։ 2018-ի ընթացքում դատարանները 9 վճիռ կայացրել են ի վնաս ԶԼՄ-ների ու լրագրողների և 10 վճիռ՝ հօգուտ նրանց։
Աշոտ Մելիքյանի բնորոշմամբ՝ ուրախալի փաստ էր, որ ընտրությունների ժամանակ չգրանցվեցին բռնություններ. «Դա աննախադեպ երևույթ էր, քանի որ նման բան իսկապես չէր գրանցվել: Բայց դա չի նշանակում, որ այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել նախորդ ժամանակաշրջանում, դրանցում մեղավոր անձինք չպետք է պատասխանատվության ենթարկվեն»:
Այս համատեքստում Աշոտ Մելիքյանը մտահոգություն հայտնեց Էլեկտրիկ Երևանի գործի ճակատագրով՝ տեղեկացնելով, որ առաջընթաց չկա:
Իրավապահ մարմինների կամայականությունները ևս մտահոգիչ են. «Իհարկե, դրանք այնքան չեն, ինչքան նախորդ տասնամյակում էր, բայց, միևնույն է, անընդունելի է, որ ժողովրդավարական գործընթացների պայմաններում, ոստիկանության ներկայացուցիչները կարող են մտնել խմբագրություն և ասել՝ այ, էն լայվի տեսագրությունը և բովանդակության հիմքերն ասեք: Սա ուղղակի աբսուրդ է: Նույն Շարմազանովի ասած փառահեղ մտքերի հիմնավորումը խմբագրությունը ո՞նց տա»:
Ատելության խոսքի տարածումը ևս լուրջ մտահոգության առարկա է: Աշոտ Մելիքյանն ասաց՝ կամաց-կամաց լուրջ քննարկումներ են ընթանում, թե ինչպես պետք է պայքարել ֆեյքերի դեմ:
Ըստ Աշոտ Մելիքյանի՝ բավականին շատ են տեղեկություն ստանալու խախտումները. դրանք ավելացել են նախքան հեղափոխությունն ընկած ժամանակահատվածի համեմատ. «Լրագրողները բավականին շատ բարդությունների են հանդիպում, երբ փորձում են պետական մարմիններից հանրային նշանակության տեղեկություններ հայթայթել: Օրենքով սահմանված ժամկետից ուշացնում են, անհիմն մերժում, լղոզված պատասխաններ տալիս: Միգուցե դա կարելի է կապել այն հանգամանքի հետ, որ բազմաթիվ պաշտոնյաներ՝ սկսած վարչապետից, գերադասում են քաղաքացիների հետ խոսել ֆեյսբուքյան էջերով, լայվերով, և հաճախ համարվում է, որ այն, ինչ պետք է այդ պաշտոնյան ասեր, ասել է: Մինչդեռ դա չի կարող փոխել պետական մարմինների համապատասխան ստորաբաժանումների աշխատանքը»:
Ազատ խոսքի հարցերով միջազգային փորձագետ Արա Ղազարյանը մտահոգություն հայտնեց, որ լրագրողների իրավունքների խախտումներին վերաբերյալ գործերի քննությունը ձգձգվում է: Միևնույն ժամանակ փաստեց՝ այդ գործերը՝ կապված լրագրողների հետ, այդքան էլ դժվար չէ բացահայտելը. «Դրանք լատենտային բնույթի հանցագործություններ են. որպես կանոն տեղի են ունենում հանրային միջավայրում, և լրագրողներին հաջողվում է ֆիքսել որոշ չափի փաստական տվյալներ, որոնք կարող են դառնալ ապացույց»:
Արա Ղազարյանը հիշեցրեց Էլեկտրիկ Երևանի գործը ու նշեց, որ կես տարի է անցել նոր իշխանության գործունեությունից, բայց դեռ տեղաշարժ չկա: Դառնալով գործին նշեց. «Շուտով արդեն կլինի չորս տարի, բայց Էլեկտրիկ Երևանի, Սարի թաղի գործերի վերաբերյալ մենք դեռ չունենք արդյունքներ: Նախկին իշխանությունների օրոք չորս գործ ուղարկվեց դատարան: 23 լրագրողներ էին բռնության ենթարկվել. վերջերս էլ ՀՔԾ-ի կողմից հայտարարվեց, որ կասեցվում է այդ գործերի քննությունը: Սա խնդրահարույց է: Այս իմաստով պրակտիկան չի տարբերվում նախորդ պրակտիկայից: Սա նշանակում է՝ լրագրողների իրավունքները պաշտպանված չեն, եթե բռնության դեպքերով քրեական դատավարություն չի իրականացվում»:
Արա Ղազարյանի համար խնդրահարույց են խմբագրություններում մասկի շուոները. «Դատապարտելի է, երբ դիմակներով ներխուժում են խմբագրություն, առևանգում լրատվական նյութերը: Լավ է՝ մեկ-երկու դեպք եղավ, դա լայն արձագանք ստացավ, և կարող էր համընդհանուր կանխարգելիչ ազդեցություն ունենալ: Կարծես այդ պրակտիկան դադարեց. մասկի շոուներ չենք տեսնում»:
Արա Ղազարյանի տեղեկացմամբ՝ ո′չ միջազգային ատյաններում, ո′չ ներպետական դատարաններում լրագրողների նկատմամբ բռնությունների գործերն արագ չեն քննվում: Դա նշանակում է՝ հաջորդ անգամ լրագրողն իր իրավունքների պաշտպանության միջոցի չի դիմի: Կարևոր է՝ արագորեն լուծվեն այդ գործերը: Այդ դեպքում մենք ունենք ուղղակի անգործություն: Պրակտիկան այս առումով չի տարբերվում նախկին պրակտիկայից»:
Հարցին՝ քաղաքական կամքի բացակայությո՞ւնն է դրա պատճառը, Արա Ղազարյանը պատասխանեց. «Այսօր դժվար է ասել, որ չկա քաղաքական կամք: Բազմիցս նոր իշխանությունները հայտարարել են, որ լրագրողական ազատությունների նկատմամբ լիբերալ են լինելու, բայց մի քանի ամիս առաջ տեղի ունեցած որոշակի դեպքերը մտածելու առիթ տվեցին: Գործադիրի ղեկավարի որոշ հայտարարություններ որոշ լրատվամիջոցների նկատմամբ նույնպես խնդրահարույց են, բայց չես համեմատի դա բռնության կամ սպառնալիքի հետ: Բայց նույն իշխանության գործադիր թևը, որն ունի բոլոր ռեսուրսները քննություն իրականացնելու, քննություն չի իրականացնում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ