Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանը պնդում է՝ ՊԵԿ նախագահն ու դատախազը հաշվեհարդար են տեսնում. ՊԵԿ-ը հակադարձում է՝ Կարեն Կարապետյանը մոլորեցնում է հանրությանը

Հունվար 30,2019 20:30

Հունվարի 21-ին Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարել է՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն օգտագործելով իր պաշտոնական դիրքն ու չարաշահելով պաշտոնական լիազորությունները՝ ակնհայտորեն խոչընդոտում է կոռուպցիոն սխեմաների բացահայտումը:

Կարեն Կարապետյանի՝ ՊԵԿ-ում աշխատանքը կասեցված է՝ նրա նկատմամբ ծառայողական քննություն է ընթանում: Տիգրան Հայրապետյանի պնդմամբ՝ «2018-ի հունիս-հուլիս ամիսներին ՊԵԿ-ի Օպերատիվ հետախուզության վարչության պետի պաշտոնում նշանակվել էր Կարեն Կարապետյանը, որը մեկ ամսվա ընթացքում իրականացրել էր մի շարք բացահայտումներ, այդ թվում՝ կոռուպցիոն սխեմաներ, որոնք հանդիսացել են հարկային հանցագործություններ եւ զգալի վնաս են հասցրել տնտեսությանն ու բյուջեին։ Այս ամենը դուր չի եկել, այսպես կոչված, պետական պաշտոնյաներին, որի արդյունքում ՊԵԿ նախագահը ծառայողական քննություն է սկսել Օպերատիվ հետախուզության վարչության նկատմամբ»։

Այսօր «Նոյան տապան» մամուլի սրահում Տիգրան Հայրապետյանը (Կարեն Կարապետյանը ներկա չէր) ներկայացրեց, թե ինչ զարգացումներ են եղել հունվարի 21-ից հետո: Փաստաբանի վստահեցրեց՝ իրենց հրավիրել են ԱԱԾ, հաղորդում են տվել հանցագործության մասին եւ կոռուպցիոն սխեմաների մասին.« Սակայն դրանից հետո մեր նկատմամբ կսկսվեցին ճնշումներ։ Գլխավոր դատախազը որոշեց Կարեն Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործը վերաբացել, ավելին, այդ գործի նախաքննությունը հանձնարարեց ՊԵԿ քննչական վարչությանը»։

Կարապետյանի փաստաբանի կարծիքով՝ ՊԵԿ նախագահի ու ՀՀ գլխավոր դատախազը հաշվեհարդար են տեսնում Կարեն Կարապետյանի նկատմամբ, որովհետեւ, Կարապետյանը համարձակվել է կոռուպցիոն սխեմաները՝ փաստերով զեկուցել վարչապետին։

Հայրապետյանի խոսքերով՝ «Երեկ գլխավոր դատախազությանը մենք 2-րդ հաղորդումն ենք ներկայացրել հանցագործության մասին 4 հանցակազմերով։ ՊԵԿ նախագահն առանց իրավանորմի, բանավոր կերպով կասեցրել է Կարեն Կարապետյանի գործունեությունը եւ միաժամանակ աշխատավարձ վճարել հուլիս ամսից մինչ այժմ՝ 4 միլիոն դրամ գումար՝ կատարելով պետական միջոցների վատնում։ Ստացվում է, որ կամ ՊԵԿ նախագահի որոշումն օրինական է, եւ այդ դեպքում տեղի է ունեցել պետական միջոցների վատնում, կամ տեղի է ունեցել ինքնիրավչություն եւ պաշտոնական լիազորությունների վերազանցում։ Էլ ի՞նչ պիտի անի ՊԵԿ նախագահը, որ նրա նկատմամբ քրեական գործ հարուցվի»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «PHP» աուդիտորական ընկերության հիմնադիրն ու սեփականատերն է եւ բազմաթիվ խոշոր կազմակերպությունների ծառայություններ է մատուցել, հնարավո՞ր է, որ Կարեն Կարապետյանն իր գործունեության ընթացքում հանդիպել է շահերի բախման, Հայրապետյանը դրական պատասխան տվեց՝ «Եթե մարդը ժամանակին եղել է աուդիտոր ու ծառայություններ է մատուցել խոշոր ընկերություններին, ապա ԱԱԾ-ում առաջինը հենց սա պետք է ստուգվի, թե արդյո՞ք շահերի բախում չկա, այդ օրենք խախտող ընկերություններն արդյո՞ք կապ ունեն ՊԵԿ նախագահի հետ»։

Կարապետյանի՝ «Պլենիում» ՍՊԸ պահեստների հետ կապ ու շահագրգռություն ունենալու մասին էլ Հայրապետյանն ասաց՝ եթե իր վստահորդը կապ ունենար դրա հետ, նա ստուգումներ չէր սկսի այդտեղ, ինչի պատճառով նախ՝ ՊԵԿ-ում ծառայողական քննություն սկսվեց, ապա՝ ՀՔԾ-ում գործ հարուցվեց, ինչը կարճվեց։ Բանը հասել էր այնտեղ, որ տարածել էին, թե իբր նշված ՍՊԸ-ն պատկանում է Կարեն Կարապետյանի հորը, ինչը, իհարկե, հերքվեց։

Այսօր ՊԵԿ-ը այս առնչությամբ պարզաբանում է տարածել, որում նշված է.«ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի կողմից պարբերաբար կազմակերպվող մամուլի ասուլիսները նպատակ են հետապնդում վերջինիս ներկայացնել տուժվածի կարգավիճակով եւ մոլորեցնել հասարակությանը: Իրականությանը չեն համապատասխանում Կարեն Կարապետյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանի ներկայացրած հրապարակումները, թե իբր ապրանքների ներկրմամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերությունների գործունեության ընթացքում Կարեն Կարապետյանը բացահայտել է չարաշահումներ եւ դրանք ներկայացրել ՊԵԿ նախագահին, որոնք, ըստ նրա, վերջինիս կողմից գործողություններ չձեռնարկելու արդյունքում անհետեւանք են մնացել: Ավելին՝ ՊԵԿ-ն ամիսներ առաջ հոդվածներ էր հրապարակել, որ ապրանքների ներկրմամբ եւ արտահանմամբ զբաղվող մի շարք ընկերությունների նկատմամբ իրականացվել են հսկողական աշխատանքներ եւ դրանց արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա հարուցվել եւ քննվում են քրեական գործեր, որոշ դրվագներով էլ իրականացվում են ընթացիկ հսկողական աշխատանքներ:

Ինչ վերաբերում է գլխավոր դատախազի կողմից Կարեն Կարապետյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քննված քրեական գործի հետագա նախաքննության իրականացումը ՊԵԿ քննչական վարչությանը հանձնարարելուն, ապա այս առումով ՊԵԿ-ը վստահեցնում է, որ ՊԵԿ քննչական վարչությունը եւ նախաքննության մարմինն ունի բոլոր հնարավորությունները օբյեկտիվ եւ արդարացի քննություն իրականացնելու համար»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031