Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղքատը ինչքան էլ հարստանա, վրից աղքատի հոտ է գալիս 10-20 տարի». Ֆելիքս Ցոլակյանի պատասխանը՝ աղքատության կրճատման մասին

Հունվար 30,2019 19:44

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր կառավարության անդամների երդման արարողությանը եկել էր նախարարներից ամենաշուտը:

Նա լրագրողների հետ զրույցում խոսելով պարգեւավճարներին մասին՝ ասաց, որ օրենքի խախտում այդտեղ չկա, բարոյական հարթությունում է խնդիրը: Հարցին՝ երբ իմացաք, որ ՊԵԿ նախագահը 14 մլն դրամով է պարգեւատրվել՝ շոկ ապրեցի՞ք՝ նա պատասխանեց. «Ինչի՞ պիտի ես շոկ ապրեմ, շոկ ապրելու բան չունեմ»:

Նա ասաց, որ պարգեւավճարներ միշտ էլ եղել են, մարզպետարաններն էլ միշտ տվել են, բայց տվել են աշխատավարձերի չափով, ոչ թե ավելի: Հարցին՝ հիմա դուք ձեզ ինչո՞ւ չեք պարգեւատրել, ձեր աշխատանքից գոհ չէի՞ք՝ նա ի պատասխան կատակեց. «Հա, ես ինձնից գոհ չէի»:

Խոսելով կառավարության կառուցվածքի փոփոխության մասին, մասնավորապես այն մասին, թե ինչու իր նախարարությունը չի լուծարվում՝ Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց, որ կարեւոր նախարարություն է, այսօր աշխարհում տեխնածին աղետները, բնակլիմայական փոփոխութունները շատ կարեւորվում են ու այդ տեսակետից այս նախարարության դերը անգնահատելի է, ուստի պետք է ոչ թե կրճատվի, այլ վերազինման հնարավորություն տրվի:

Խոսելով ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նախարարություն դարձնել-չդարձնելու մասին՝ Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ կարող է եւ չդառնան, բայց լինեն հաշվետու ԱԺ-ին, իսկ նախարարություն դարձնելը ռիսկեր ունի. «Նախարարը քաղաքական պաշտոն է, իսկ այդ կառույցները ապաքաղաքական են»:

Aravot.am-ի հարցին՝ ՀՀԿ-ն քննադատում է այս կառավարությանը՝ ասելով, որ սառնարանը շուտով մարդիկ բացելու են, մենակ «Դուխով» գլխարկն է դրված լինելու, համաձա՞յն եք՝ նա պատասխանեց. «ՀՀԿ-ի, թե մեկ ուրիշ կուսակցության քննադատությունը, դա քաղաքական պայքար է, այդ քննադատությունը միշտ էլ լինելու է: Թող քննադատեն, ի՞նչ է եղել, այդ քննադատությանը կառավարությունը պետք է մի բանով պատասխանի՝ աշխատանքով ապացուցի, որ իրենք սխալ են»:

Հարցին՝ այս 8-9 ամսում կառավարությունը ապացուցե՞լ է դա, շոշափելի առաջընթաց գրանցե՞լ է՝ նա պատասխանեց, որ բավականին շատ. «Հիմա թվե՞մ՝ ազատություն, մյուսը, մյուսը»: Երբ լրագրողներն ասացին, որ աղքատությունը չի կրճատվել՝ Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց. «Մի հատ ժողովրդական խոսք կա, ասում են՝ աղքատը ինչքան էլ հարստանա, վրից աղքատի հոտ է գալիս 10-20 տարի, հարուստն ինչքան էլ աղքատանա, վրայից 20-30 տարի  հարուստի հոտ է գալիս: Հիմա դրա շարունակություն է, աղքատ են եղել, աղքատ էլ մնում են շատերը, հիմա հելնենք ասենք՝ ինչի՞ արագ չփոխվեց: Լիքը բաներ կան, պիտի արվի»:

Նա ասաց, որ փրկարարների աշխատավարձերի բարձրացման համար քննարկել են, պետք է դրան առաջիկայում փորձեն ընթացք տալ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Մի հատ ժողովրդական ուրիշ խոսք կա, ասում են՝ հարուստի գլուխը ինչքան եփում էս միեվնույն է ականջները հում է մնում:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031