Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույնիսկ մի հատ հեռավոր գյուղի քահանա իր անտեղի ու անկիրթ գրառմամբ կարող է ալեկոծել մամուլը». Արայիկ Հարությունյանը՝ քննադատությունների մասին

Հունվար 30,2019 20:22

Այսօր Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին հարցրեցինք՝ ձեր հասցեին քննադատությունները շատ են ու վերջերս էլ Դանիել Իոաննիսյանն էր դժգոհել՝ ասելով, որ շատ մեծ հիասթափություն է ապրել, ինչպե՞ս եք վերաբերվում այդ քննադատություններին:

Նա պատասխանեց. «Երբ որ դու գործ ունես մի մեծ համակարգի հետ որտեղ տարբեր խմբերի ու մարդկանց շահեր են բախվում, մանավանդ հիմա մամուլն ազատ է, սոցցանցերն ազատ են, յուրաքանչյուրը կարող է իր կարծիքն արտահայտել, նույնիսկ մի հատ հեռավոր գյուղի քահանա իր անտեղի ու անկիրթ գրառմամբ կարող է ալեկոծի մամուլը, ուրեմն կլինեն նման արձագանքներ: Պետք է վերջնարդյունքով նայել: Մենք ստացել ենք ժողովրդի քվեն բարեփոխումներ իրականացնելու, բարեփոխումները շատ բարդ են, ցավոտ են եւ ցավոտ են լինելու, յուրաքանչյուրիս է այդ խնդիրն առնչվելու: Պետք է պատրաստ լինենք, ես որեւէ արտառոց բան չեմ տեսնում նման քննադատություններում: Երբ որ ես ստանձնում էի պաշտոնն ու իմ գործընկերներից մեկն ասաց՝ դու ամենաբարձր վարկանիշն ունես, ասացի՝ սպասիր մի քանի շաբաթ եւ կտեսնես, որ այդ վարկանիշից շատ քիչ բան կմնա, որովհետեւ վարկանիշը շատ հարաբերական բան է: Երբ որ դու համակարգային փոփոխությունների ես գնում մի ոլորտում, որը քանդվել է սիստեմատիկորեն 27-30 տարի, դու վարկանիշի մասին չպետք է մտածես ընդհանրապես, այլ պետք է գործես քո համոզմունքներին հավատարիմ»:

Նա ասաց, որ այս տարիներին, երբ եղել է ՔՊ վարչության նախագահ, դրանից հետո ու դրանից առաջ իրենց համոզմունքները չեն փոխվել, իրենց առաջ էլ էին քննադատում, երբ սկսեցին քայլել Գյումրիից. «Երբ ունես մի գիծ, մի ուղի եւ հավատում ես դրան, վստահաբար, հաղթում ես»:

Նա ասաց, որ կրթության ոլորտը բարդ ոլորտ է ու փոփոխությունները կարող են երեւալ տարիներ հետո, ուստի հիմա իրենք այդ փոփոխությունների հիմքն են դնում, որ տարիներ հետո մեծ արդյունքը տեսնենք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    քաջութիւնը թող ունեցէք ձեր արտայայտութեան տէրը մնալու, Պարոն Նախարար… սա առաջին անգամը չէ, եւ ամենածանր դէպքն ալ չէ, ուր նոր իշխանաւորներդ, պարզում էք ձեր յատուկ «գաղափարաբանութիւնը», նաեւ այս նիւթին մէջ

    իսկ թէ՝ «տարիներ հետո մեծ արդյունքը պիտի տեսնենք» ձեր գործունէութեան, դա նաեւ նախկին վարչակարգը կարող էր իրաւացիօրէն ըսել. սակայն դուք այսպէս, short-cutով, տիրացած բացարձակ իշխանութեան, ժողովուրդին հաւաստիացնելով որ արագօրէն եւ ամէն բան բարելաւելու էք, հաստատ… կախարդական փայտիկով… դուխով

  2. Սրապիոն Հարությունյան says:

    Այ տղա,ամոթ է………………վախկոտ հակաքրիստոնյա:

  3. gohar says:

    Կրթության նախարարի կողմից սա ամբողջովին դիսկրիմինացիա է։
    Վերագրում պարզ երևում է որ, «Նույնիսկ մի հատ հեռավոր գյուղի քահանա իր անտեղի ու անկիրթ գրառմամբ կարող է ալեկոծել մամուլը». Մի հատ քահանա, հեռավոր գյուղ, անկիրթ գրառում։

  4. Anonymous says:

    Անկեղծ ասած, համամիտ եմ այն մտքին, որ եկեղեցին իր գործունեությունը պետք է ծավալի եկեղեցու ներսում՝ օրհնություն, մկևտություն, քարոզ և այլն և դպրոցը չդարձնել եկեղեցու կցորդ…Բայց նման ձևակերպումը հարիր չէ նախարարին՝ գյուղն ու գյուղական դպրոցը քամահրանքով ներկայացնելը, գյուղացու, գյուղի և գյուղական դպրոցի մասին խոսելիս հպարտությամբ պետք է խոսել, իսկ նախարարը ստորադասում է գյուղացուն, նրա ինտելեկտը, արհամարհում խնդիրները…Երկրորդ՝ մինչ այժմ ոչ մի համակարգային բարեփոխում էդպես էլ առաջ չի քաշվել կրթության ոլորտում, ցաքուցրիվ գործողություններ են միայն, խնդիրների առաջնահերթությունները մշակված չեն, պետական կրթական ծրագիր չկա, մի շարք փոփոխություններ բացահայտ օրենքի խախտումներով են ընթանում, նախարարության վարչությունները և բաժինները միմյանցից անտեղյակ են գործում, բացարձակ շիլաշփոթ է ԿԳՆ ենթակառուցվածքների ներկայիս գործընթացներում…Ցավում եմ, բայց ԿԳ նախարարի այլ տարբերակ պետք է առաջարկի Փաշինյանը՝ առավել կոմպետենտ, բանիմաց, և ամենակարևորը՝ լավ կառավարիչ…

  5. Մանյա Դումանյան says:

    Պարոն այսպես կոչված ԿԳ նախարար, ամենահեռավոր գյուղի քահանան անգամ ավելի լավ կրթություն ունի քան Դուք, եթե որպես ԿԳ նախարար տեղյակ չեք, ապա տեղեկացնենք, որ Գևորգյան ճեմարանը ունի համալսարանի կարգավիճակ: Մեր բոլոր հայտնի մեծերը կրթություն են ստացել ճեմարանում և դաստիարակվել են հայեցի: Դուք այսօր եկել եք որպես նորօրյա “բոլշևիկներ” և ցանկանում եք խաչել քահանաներին իրենց Քրիստոսի հետ: Եթե երեխան մանկուց չդաստիրակվի հավատավոր ու մաքուր հոգեբանությամբ, ապա նա ինչպես հասկանա քրիստոնեության և նրա դերի արժեքը իր կյանքում և ինչու գնա եկեղեցի: Եթե Դուք տեղյակ չեք, թե ինչ դեր է ունեցել եկեղեցին ու հոգևորականը, զինվորն ու ֆիդային մեր պատմության ընթացքում, ապա լավ կլինի մի քիչ հայոց պատմություն ուսումնասիրեք, որպեսզի չխեղաթյուրեք մեր երեխաների հոգեբանությունը այսօրվա ամեն վայրկյան հոգևոր և մարմնավոր պատերազմի շեմին կանգնած մեր երկրում: Որպեսզի քահանան եկեղեցում ունենա իր դերը, ապա այսօրվա երեխան պիտի վաղը հայ քրիստոնյա մեծանա և եկեղեցի հաճախի: Քահանան եկեղեցու պատերի քահանան չէ, այլ ժողովրդի, որպեսզի նրանց մեջ մաքրություն և ազնվություն դաստիարակի, հայ դաստիարակի, որ նրանք հետագայում չդառնան ձեզ նման ապազգային գործիքներ:Թե ցանկանում եք մեր երեխաներին ուղղորդել դեպի աղանդավորական խմբակցությունները, հավանաբար հատուկ հրահանգ ունեք այդ նպատակն իրագործելու համար:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031