Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում խոսելով սուպերվարչապետ լինելու քննադատությունների մասին՝ ասաց. «Այն, որ ժողովրդավարությունը մեր արժեքային համակարգն է ու մեր հավատամքն է, եւ այն, որ մենք սուպերվարչապետական համակարգից բալանսավորման պետք է գնանք՝ միանշանակ: Բայց մարդիկ ուզում են, որ մի օրում դա տեղի ունենա: Այո, մի օրում դա կարելի է անել, բայց կարող է պարզվի, որ ամբողջ իշխանությունը կաթվածահար եղավ ու երկրում անիշխանություն ստեղծվեց: Եկեք ասեք՝ էդ ի՞նչ սպառնալիք ենք մենք ստեղծում այսօր ՀՀ-ում օրինականության, ժողովրդավարության, թափանցիկության համար»: Նա վստահեցրեց, որ այսօր ՀՀ-ում պետական կառավարման համակարգը թափանցիկ է ավելի, քան երբեւէ, այն, ինչ հեղափոխության հարթակից ասել են, իրենց արժեքներն են մնում ու այնպես չի, որ հասել է կառավարական պաշտոնների, հետ են շրջում դա. «Վերջին 8-9 ամիսներին համոզվեցիք, որ Հայաստանում դիկտատուրա՞ է հաստատվել»:
Մեր հարցին՝ երբ պատգամավոր էիք, ասում էի՝ «կառավարությանը ասող է պետք»: Նա արձագանքեց՝ «հիմա կա ասող, ես եմ ասողը»: Դիտարկմանը, որ ասողն էլ եք դուք, լսողն էլ եք դուք, բոլոր գործիքները ձեր ձեռքին են՝ վարչապետը պատասխանեց. «Կառավարությանը ասող կա, խորհրդարանն այդ դերը ստանձնել է ու կշարունակի ստանձնել: Երեկ աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ, երբ խորհրդարանական մեծամասնությունը հրավիրեց ՊԵԿ նախագահին ու պարզաբանումներ ստացավ»:
Պարգեւավճարների խնդրին անդրադառնալով՝ վարչապետն ասաց, որ խնդիրները պետք է արձանագրել ու լուծել այնպես, որ հոնքը սարքելու փոխարեն աչքը չհանեն: Լրագրողներն ասացին, որ այդ առումով պետք է տարբերվեին նախկին իշխանություններից, ինչը չեն արել, պարգեւավճարների պրակտիկայից չեն հրաժարարվել՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չգիտի, նախկինում կա՞ր մարզպետ, օրինակ, որի համար իր աշխատավարձը կարեւոր էր, բայց այսօր ՀՀ մարզպետների 90 եւ ավելի տոկոսի համար այդ աշխատավարձը կարեւոր էր: Վարչապետն ասաց, որ հաջորդ տարվա համար ՊԵԿ պարգեւավճարների բյուջեն կիսով չափ կրճատել են 2019-ի բյուջեում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ