Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը նախարարություններ դարձնելու մասին

Հունվար 30,2019 19:03

Կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծն ի վերջո ինչո՞ւ չի գալիս ԱԺ եւ ԱԱԾ-ի ու ոստիկանության կարգավիճակն ի՞նչ է լինելու, դառնալո՞ւ են նախարարություն: Այսօր լրագրողների այս հարցերին ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ոստիկանությունում ունեցած կոլեգիալ նիստի իր ելույթում անդրադարձել է դրան.

«Միանշանակ է, որ պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, բայց դա չի նշանակում, որ դրա ճանապարհը նախարարություն դարձնելն է: Ի՞նչ է նշանակում նախարարություն ոստիկանության պարագայում, նշանակում է, որ այդ ուժային կառույցի ղեկավարը պետք է քաղաքական դեմք նշանակվի, սրանից բխում է, որ այդ կառույցն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կուսակցականացվելու է: Այսօրվա կարգավորման արդյունքում ոստիկանության ու ընդհանրապես իրավապահ համակարգի կայունությունը որոշակիորեն պահպանվել է, այնտեղ փոփոխություններ, կադրային փոփոխությունները լինում են բալանսավորված, որ համակարգի կայունությունը ու դրանից նաեւ երկրի անվտանգությունը չխաթարվի: Իսկ նախարարի դեպքում նշանակում է  հայեցողական պաշտոն, նշանակում է ցանկացած մեկին կարելի է նշանակել այդ պաշտոնում: Այս պարագայում կան որոշակի չափանիշներ ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոնյա պետք է լինի: Սա բալանսավորված մոտեցման է բերում: Այն, որ ոստիկանությունը պետք է լինի խորհրդարանական վերահսկողության ներքո, դրա հետ ես համաձայն եմ»:

Փաշինյանը նշեց, որ վերջին տարիների համար աննախադեպ դեպք է տեղի ունեցել, երբ ԱԱԾ տնօրենը անձամբ գնացել է բյուջեի կատարողականի քննարկումներին մասնակցելու:

Քանի որ նախարարությունները պետք է միավորվեն ու 12 նախարարություն լինի, վարչապետն ասաց, որ այդ գործընթացն ուզում են իրականացնել առավել անցնցում ու սահուն ու ուզում են, որ դե ֆակտո գործընթացը պլանավորել, նոր դե յուրե անել. «Եթե կարծում են, որ որեւէ նախարար վարչապետին պակաս ենթակա է, քան ԱԱԾ տնօրենը կամ ոստիկանության պետը, դա սխալ տպավորություն է: Աշխարհում չկա երկիր, որտեղ նախարարը վարչապետին չի ենթարկվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031