«Բացառված է, որ լինի տեղեկատվություն ու հանրությունը դրա վերաբերյալ տեղյակ չլինի: Բոլթոնի հետ, մեր հեռախոսային խոսակցության ընթացքում Ղարաբաղի հարց չի քննարկվել, Արցախի անունը չի շոշափվել, Ադրբեջանի անունը չի շոշափվել: Ալիեւի հետ հանդիպմանը ես ասել եմ, որ դրանք բանակցություններ չեն, ոչ պաշտոնական շփումներ են, որոնց ընթացքում ուղղակի տեղի է ունենում մտքերի փոխանակություն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հարցին՝ Բոլթոնի հետ ի՞նչ օրակարգ պետք է ունենա մեր վարչապետը, եթե ոչ ամենակարեւոր օրակարգը՝ Ղարաբաղի հարցը՝ Փաշինյանը պատասխանեց, որ կոռեկտ չի, որ մանրամասներ ներկայացնի զրույցից, եղել է իր գրառումը, Բոլթոնի թվիթերյան գրառումը:
Հարցին՝ համանախագահողների կողմից կա՞ նախաձեռնություն ի վերջո թափ հաղորդել ղարաբաղյան պրոցեսին՝ վարչապետը պատասխանեց, որ այդ հարցը արտգործնախարարների քննարկման օրակարգում է:
Aravot.am-ի հարցին՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն իր զեկույցում Մարտի 1-ի գործի մասին է անդրադարձել ու նշել նաեւ վրեժխնդրության քաղաքականության մասին, դա վատ ազդակ չէ՞՝ Փաշինյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, ես չեմ կարդացել, տեղյակ չեմ, մինչեւ ինքս չկարդամ, չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ խիստ կասկածում եմ, որ այդպիսի ձեւակերպում լինի»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզն է նորից շրջանառության մեջ դրվել, ի՞նչ կասեք՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք չենք կարող քննարկել նույնիսկ տարածքներ խաղաղության դիմաց բանաձեւը»:
Այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ թեզն իր աջակցությունն է գտնում այս կառավարությունում՝ Փաշինյանը չհամաձայնեց. «Մեր կառավարությունը Ղարաբաղի հարցում վարում է մի քաղաքականություն, որ նախկինում ոչ մի կառավարություն չի վարել ու որեւէ զուգահեռ եւ ընդհանրություն գտնելու փորձերը նախկինում վարված որեւէ քաղաքական ուղեգծի հետ միանգամից ասեմ, որ կատարյալ մոլորություն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ