Apple Corps-ը և WingNut Films-ը Փիթեր Ջեքսոնի հետ համատեղ սկսել են աշխատել փաստավավերագրական ֆիլմի վրա, որը կպատմի «Բիթլզ» խմբի Let It Be ալբոմի ստեղծման մասին: Ֆիլմում կօգտագործվի 55 ժամ տևողությամբ տեսանյութ, որը նկարահանվել է 1969 թվականին և դեռևս որևէ տեղ չի ցուցադրվել:
Let It Be-ն խմբի 13-րդ և ստուդիայում ձայնագրված վերջին ալբոմն է, որի ձայնագրման աշխատանքների մասին «Բիթլզըի» որոշել էր ֆիլմ նկարել և թողարկել ալբոմի հետ միաժամանակ: Մեկ ամիս շարունակ օպերատորները մանրամասն նկարել էին, թե ինչպես են երաժշիտները ձայնագրում երգերը: Սակայն ալբոմի ձայնագրման աշխատանքների փաստագրական ֆիլմն այդպես էլ չէր թողարկվել:
«Մեզ տրամադրված 55 ժամանոց մինչ այժմ չցուցադրված տեսանյութերը և 140 ժամ ձայնագրությունները երաշխավորում են, որ ֆիլմը «Բիթլզի» երկրպագուներին կտա այն, ինչի մասին նրանք միշտ երազել են,- ասվում է Ջեքսոնի հայտարարության մեջ:- Կարծես ժամանակի մեքենայով՝ մենք կտեղափոխվենք 1969թ., որտեղ կկարողանանք հայտնվել ստուդիայում և սեփական աչքերով տեսնել, թե ինչպես են չորս ընկերները միասին ստեղծում երաժշտություն»:
Ծրագիրն անցկացվում է Փոլ ՄաքՔարթնիի, Ռինգո Սթարրի, Յոկո Օնոյի և Օլիվիա Հարիսոնի աջակցությամբ:
Ֆիլմի թողարկման ամսաթիվ դեռևս չի նշվում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ