HayNews.am կայքի նախկին պատասխանատու Մհեր Եղիազարյանի մահից օրեր անց Հայաստանի պատկան կառույցները՝ Քննչական կոմիտեն, Արդարադատության նախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը սկսեցին հրապարակել մահվան վերաբերյալ պաշտոնական տեսակետները:
Ու այդ ամենից տպավորություն է ստեղծվում, թե բոլորն անխտիր իրենց գործն արել են «անթերի» ու իրենք «մեղավոր» չեն բանտում 44-օրյա հացադուլի մեջ գտնված ու այն դադարեցնելուց 9 օր հետո մահացած Մհեր Եղիազարյանի մահվան համար:
Մհեր Եղիազարյանը, որը կալանավորվել էր 2018թ.-ի դեկտեմբերի 3-ին, երկու օր անց, դեկտեմբերի 5-ին հայտարարել էր հացադուլ անելու մասին, ներկայացնելով հստակ պահանջներ, դրանցից մեկն էլ մեջբերում եմ. «դիմում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ պաշտպանի հետ հանդիպման խնդրանքով»:
Պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները գուցեև այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, բայց ինչպես երևում է Մհեր Եղիազարյանի հացադուլի մասին հայտարարությունից, նա հանդիպում էր պահանջում անձամբ Արման Թաթոյանի հետ, որը այդպես էլ, Եղիազարյանի կալանավորման 53 օրվա ընթացքում ժամանակ չգտավ այցելել Հայաստանի միակ հացադուլավոր կալանավորին, լսեր նրան: Ու հիմա, որքան էլ որ ՄԻՊ գրասենյակի ամենատարբեր պաշտոնյաներ փորձեն արդարանալ, թե գնացել, տեսել, խոսել են, Եղիազարյանի հնչեցրած խնդիրները հասցեագրել են այլ կառույցների, արժանահավատ չեն գոնե բանտում մահացածի հարազատների համար:
Եղիազարյանի որդին, Վազգեն Եղիազարյանը, կալանավայրում գտնվող հայրիկի մասին տեղեկություններ է իմացել ՄԻՊ աշխատակից Միհրանից, որն իր լիազորությունների շրջանակում հավուր պատշաճի գործակցել է Եղիազարյանի որդիների հետ:
2018թ.-ի դեկտեմբերի 19-ին HayNews.am կայքը հարցումներ էր ուղարկել ՄԻՊ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետին, ի թիվս այլ հարցերի փորձել է ճշտել, թե նախատեսվու՞մ է արդյոք ՄԻՊ Արման Թաթոյանի այցը Մհեր Եղիազարյանին: Մեկ ու կես էջանոց պատասխանի վերջում ասված է. «Մարդու իրավունքների պաշտպանի կամ նրա իրավասուի ներկայացուցչի կատարած այցերի ընթացքում բարձրացված հարցերը, տվյալ դեպքում նաև Մհեր Եղիազարյանին առնչվող հարցերը, գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում»: Այսքանից հետո հետևությունը մեկն է. ՄԻՊ գրասենյակում իմացել են, որ Եղիազարյանի վիճակը օր օրի վատանում է ու սառնասրտորեն թողել են, որ նա մահանա:
Չթերագնահատելով ՄԻՊ աշխատանքը, այդուամենայնիվ նրան ենք ուղղում մի քանի հարց.
1.ՄԻՊ-ը ուներ բոլոր փաստաթղթերը, որոնք վկայում էին Մ. Եղիազարյանի առողջական վիճակի և կալանավորման անհամատեղելիության մասին: Ըստ ՄԻՊ-ի հավաստման՝ դրանք ուղարկվել են քննչական մարմին: Հարց. բա հետո՞:
2.ՄԻՊ ներկայացուցչին դեկտեմբերի 21-ին Մհերը հայտնել է, որ փորձում է սնունդ ընդունել, բայց անընդհատ փսխում է: Այս կապակցությամբ ՔԿՀ-ն պարզաբանել է, որ Մ. Եղիազարյանի մոտ հացադուլի հետևանքով առկա է մարսողության համակարգի խանգարում ու դա վերականգնելու համար նաև իրենց կողմից առաջարկվել է թեթև սննդի ու ապուրների օգտագործում: Հարց. արդյո՞ք այդ անհեթեթ պատասխանը լիովին բավարարել է Պաշտպանին:
3.Տեղեկանալով, որ դատարանը մերժել է Մհեր Եղիազարյանին կալանքը որպես խափանման միջոց փոխելու միջնորդությունը, ի՞նչ կոնկրետ քայլեր կամ միջոցներ է ձեռնարկել Պաշտպանը, ունենալով հստակ փաստաթղթեր, որ կալանքը անհամատեղելի է Մ. Եղիազարյանի առողջական վիճակի հետ:
4.Արդյո՞ք Պաշտպանի՝ Մ. Եղիազարյանին անձամբ չայցելելը պայմանավորված է Մհերի՝ «ոչ բավարար հայտնի հանրային անձ» լինելով:
HayNews.am