ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց Ջոն Կարապետյանը հունվարի 30-ի ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում:
Ջոն Կարապետյանը ծնվել է 1982թ-ին` Գյումրիում: Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանն ավարտելուց հետո սկսել է աշխատել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Նազարովի անվան Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում: 2010թ-ին պաշտպանել է «Գրունտների տատանումների քանակական պարամետրերի համեմատական գնահատումը ուժեղ երկրաշարժերի ժամանակ» թեմայով ատենախոսությունը:
Ջոն Կարապետյանը ինստիտուտի տնօրենի պաշտոնը նա զբաղեցնում է 2013թ-ից: Նա 55 գիտական աշխատությունների և մեկ պատենտի հեղինակ է: Նրա գիտական գործունեության ոլորտը ներառում է` երկրաֆիզիկա, ինժեներային սեյսմաբանություն, սեյսմակայուն շինարարություն, երկրաֆիզիկական սարքաշինություն. սեյսմիկ վտանգի ու ռիսկի գնահատման մեթոդների, սեյսմիկ սանդղակների մշակում և կատարելագործում:
Ջոն Կարապետյանի կողմից ստացված հաշվարկային աքսելերոգրամները տարբեր նախագծային կազմակերպությունների կողմից օգտագործվել են տարբեր մարզերի դպրոցների մասնաշենքների նախագծման ժամանակ:
Ջոն Կարապետյանը ճանաչվել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից 2011 թ-ին հայտարարված «Լավագույն գիտական աշխատանք» մրցանակաբաշխության դափնեկիր երկրաբանություն անվանակարգում: 2013թ-ին դարձել է Երկրի մասին գիտություններ բնագավառում ակադեմիկոս Ա. Նազարովի երկրորդ կարգի մրցանակի դափնեկիր, բազմիցս ստացել է պատվոգրեր և շնորհակալագրեր:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն