Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականացված բարեփոխումների արդյունավետությունը բավարար չի եղել Հայաստանի Հանրապետությունում  դատավորների անհատական և համակարգային  անկախությունն ապահովելու  համար. Հետազոտություն

Հունվար 30,2019 16:25

Դատական և իրավական բարեփոխումների ծրագրերի ազդեցությունը ՀՀում դատական իշխանության անկախության հաստատման վրա

Անկախացումից  ի վեր Հայաստանում իրականացված դատական և իրավական բարեփոխումների շարունակական ծրագրերը հասցեագրել են մեկ հիմնական խնդիր՝ մեծացնել դատական իշխանության անկախությունը:

Չնայած շուրջ 23 տարիների ընթացքում 3 փուլով իրականացրած 4 (5-րդը` դեռևս ընթացքի մեջ) երկարաժամկետ ծրագրերի գործողություններին` դատական իշխանության անկախության խնդիրը շարունակում է հանդիսանալ Հայաստանում արդարադատության իրացման առանցքային խոչընդոտ:

Ուսումնասիրության շրջանակներում առանձնացված դատական իշխանության ինքնակառավարման մարմինների ու գործառույթների արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների համեմատությունը հնարավորություն է տալիս առանձնացնել 3 խումբ պատճառներ, որոնք ազդեցություն են ունեցել դատական իշխանության անկախության բացակայության վրա:

Օրենսդրության և պրակտիկայի անհամապատասխանելիություն

Բարեփոխումների ծրագրերի շրջանակներում իրականացված օրենսդրական փոփոխությունները հիմնականում համակարգային փոփոխության չեն հանգեցրել: Մի կողմից, դրանք պրակտիկայում ամբողջությամբ կիրառելիություն չեն ստացել, մյուս կողմից՝ օրենքներում կատարված փոփոխությունները վերաբերել են կոնկրետ խնդիրների, որոնց միջոցով հնարավոր չի եղել ապահովել բարեփոխումների ծրագրերով ակնկալվող արդյունքները:

Իրականացված ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ դատավորների անկախության հետ կապված խնդիրների գերակշիռ մասը շարունակվում է օրենսդրական այնպիսի խնդիրների առկայության հետևանքով, ինչպիսին են, օրինակ, դատավորների կարգապահական պատասխանատվության համակարգը, դրան առնչվող իրավական կարգավորումների անհստակությունը,  կիրառման պրակտիկան:

Դատական և իրավական ծրագրերի արդյունավետությունն էականորեն կախված է եղել նաև դրա շրջանակներում իրականացված օրենսդրական փոփոխությունների պրակտիկ կիրառելիությունից:

Հետազոտությունը վեր է հանել նաև, որ նույնիսկ օրենսդրական փոփոխություններն ամբողջությամբ չեն արտացոլել պրակտիկայում գոյություն ունեցող իրական խնդիրները կամ չեն ներառել դրանց առնչությամբ ներկայացված միջազգային առաջարկությունները, խորհրդատվական կարծիքները:

Ծրագրային միջոցառումների կրկնություններ

Դատական և իրավական բարեփոխումների ծրագրերի ուսումնասիրությունը փաստում է, որ տարիներ շարունակ ընթացող գործընթացի շրջանակներում տեղ գտած խնդիրները և դրանց ուղղված գործողություններն ու միջոցառումները կրկնվել են: Օրինակ՝ դատավորների նշանակման, կարգապահական պատասխանատվության ինստիտուտի և արդարադատության խորհրդի գործունեությանն առնչվող խնդիրները, դրանց վերաբերող միջոցառումների ծրագրերը: Թեև խնդիրների ծավալը և ծանրակշռությունը ենթադրում է շարունակական գործողություններ և հետևողականություն, այնուամենյանիվ, արդյունքների արդյունավետություն չի ապահովվել:

Որպես օրինաչափություն՝ նախորդին հաջորդող ծրագրերը կրկնվող թիրախային ոլորտների և միջոցառումների համար որպես հիմնավորում ներկայացրել են արդեն իրականացված ծրագրերի ընթացքում միջոցառումների ոչ բավարար կամ անարդյունավետ իրականացումը: Սակայն դրանց անարդյունավետության պատճառները վեր չեն հանել, և հաջորդ ծրագրերի շրջանակներում նման հնարավոր պատճառների ազդեցությունը չի չեզոքացվել:

Ավելին, նշված ոլորտների և դրանցում արձանագրված խնդիրների լուծման կապակցությամբ շուրջ 20 տարի տարբեր միջազգային կառույցների կողմից տրվել են նույնանման հանձնարարարակններ՝ օժանդակելով բարեփոխումների արդյունավետությանն ու առավել թիրախավորված գործողություններ ստանձնելուն: Սակայն, ինչպես ցույց են տալիս ծրագրային միջոցառումները, դրանք բարեփոխումների ծրագրերում ամբողջությամբ չեն ներառվել՝ թե՛ օրենսդրական, թե՛ պրակտիկային ուղղված քաղաքականության մակարդակներում:

Հաշվետվողականության և հանրային ներգրավվածության բացակայություն

Իրականացված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատական և իրավական բարեփոխումների ծրագրերի վերաբերյալ կատարողական և ազդեցության գնահատման հաշվետվողականությունը հիմնականում բացակայել է: Բացի այդ, ծրագրերի մշակման գործընթացը լայն հանրային մասնագիտական ներգրավվածություն չի ապահովել: Հաշվետվողականությունն էական նշանակություն կունենար ծրագրային խնդիրների կամ գործողությունների անարդյունավետությունը հաշվի առնելու և դրանց կրկնությունը բացառելու գործում:

Թեև իրականացված բարեփոխումների ծրագրերը, դրանց  միջոցառումները ողջունելի են, և արձանագրվել են նաև դրական տեղաշարժեր, այնուհանդերձ, դրանց արդյունավետությունը բավարար չի եղել Հայաստանի Հանրապետությունում  դատավորների անհատական և համակարգային  անկախությունն ապահովելու  համար: Նույնիսկ այն դեպքում, երբ ծրագրի շրջանակներում թիրախավորվել են իրական խնդիրներ, դրանց լուծմանն ուղղված միջոցառումները հանդիսացել են  հատային կամ իրավիճակային: Նման մոտեցումը, կարելի է արձանագրել, պայմանավորված է եղել համակարգի իրական բարեփոխմանն ուղղված քաղաքական կամքի բացակայությամբ:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031