«Կոռուպցիայի դեմ պայքարը, իհարկե, հռչակված է, բայց կոռուպցիան պետք է նկատեմ, որ միայն կաշառակերությունը չէ: Միայն էն դեպքերը չեն, որոնք բացահայտվել եւ ի ցույց են դրվել: Կոռուպցիան, իմ խորին համոզմամբ, նաև սխալ նշանակումներն են, կամայական նշանակումներն են. առանց մրցույթի, առանց կենսագրություն, հետագիծ ունեցող մարդկանց պատասխանատու ոլորտներում նշանակումներն են եւ նրանց կողմից կայացված այն որոշումները, որոնք բազմաթիվ օրինախախտումներով են ուղեկցվում»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Նրա խոսքով, ինքը գիտության զարգացման ուղղությամբ համագործակցության քայլեր է ձեռնարկել, բայց՝ ապարդյուն. «Ամբողջ գիտության համակարգը այսօր ողբալի վիճակի մեջ է: Եթե Հայաստանն ունի մրցակցային վառ արտահայտված ներուժ, դա մտավոր կարողությունն է, գիտությունն է: Եթե մենք էսպես ենք վերաբերում գիտությանը, ապա ես չեմ կարծում, որ կարող ենք շատ շոշափելի արդյունքներ ունենալ մոտ ժամանակներս, թեեւ կան միտումներ, առանձին մարդիկ, որ իրենցից կախվածն անում են»:
Տնտեսագետ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ ասաց՝ ինքն էլ է մտահոգված պետական կառավարման համակարգի խնդիրներով. «Չենք տեսնում շարժում դեպի լավի, դեպի արդիականի ուղղությամբ, սրա վերաբերյալ բազմաթիվների մոտ կա մեծ մտահոգություն՝ առավել ևս այսօրվա կադրային ներուժի կամ ներուժի, որը օգտագործում են, չակերտավոր եմ ասում, քանի որ տեսնում ենք էստեղ լիրիկականություն, տեսնում ենք սիրողականություն, ամենատարբեր նման մոտեցումներ, որի պարագայում, ակնկալել, թե շուտափույթ ունենալու ենք բարեփոխումներ դեպի դրականի ուղղությամբ, կասկածում եմ»:
Թաթուլ Մանասերյանն էլ շարունակեց, թե օպտիմալացումը ոչ թե նախարարությունների կրճատում պետք է լիներ, այլ տեսլականի մշակում. «Այն, ինչ որ իրականացվում է, թույլ տվեք նկատել, որ մեր կողմից բազմիցս անդրադարձ արվել է օպտիմալացմանը և արդյունավետության բարձրացմանը: Բայց մենք մի քիչ ավելի պետք է լայն դիտարկենք այս խնդիրը: Ոչ միայն նախարարությունների կրճատում, միացում և այլն, այլ՝ ընդհանրապես տեսլականի մշակում, որը բացակայում է այսօր: Եթե մենք չունենք վաղվա տեսիլքը, էդ նպատակը դեպի ուր ենք գնում, ինքնին արդեն տնտեսական սպառնալիք է: Եվ տնտեսական անվտանգությունն իսկապես այսօր լուրջ խնդիր է մեզ համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ