Վերջին շրջանում ԶԼՄ-երով, սոցիալական ցանցերով, պաստառների միջոցով ագրեսիվ կերպով գովազդվում են «Վարկեր», որոնք, համաձայն Կենտրոնական բանկի ուսումնասիրությունների, որպես կանոն՝ առաջարկվում են, այսպես կոչված, վարկային խորհրդատուների (միջնորդների) կողմից:
Այս կապակցությամբ, կարևորելով ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանությունը՝ Կենտրոնական բանկը տեղեկացնում է.
- Նման կազմակերպությունները (անհատները) իրենց «ծառայությունների» համար գանձում են շատ բարձր միջնորդավճարներ, տրամադրում են խեղաթյուրված խորհրդատվություն և շատ հաճախ չեն մատուցում խոստացված ծառայությունը, նրանց հայտնի են դառնում վարկառուի անձնական տվյալները: Վարկառուի համար շահեկան է անմիջապես և ինքնուրույն դիմել վարկ տրամադրող կազմակերպություններին:
- ՀՀ-ում վարկեր կարող են տրամադրել և դրանց տրամադրման առաջարկով հանդես գալ միայն ԿԲ կողմից լիցենզավորված բանկերը, վարկային կազմակերպությունները և գրավատները:
- ԿԲ կողմից լիցենզավորված վարկ տրամադրող կազմակերպությունները ներկայացված են Հայաստանի ամբողջ տարածքում և իրենց մասնաճյուղային ցանցի միջոցով հնարավորություն են տալիս ստանալ վարկ՝ առաջարկվող պահանջներին բավարարման դեպքում: Բազմաթիվ վարկատու կազմակերպություններ առաջարկում են նաև «օն-լայն» վարկեր:
- Դիմելով անմիջապես լիցենզավորված կազմակերպություններին, հնարավոր է խուսափել խարդախությունների զոհ դառնալուց, ստանալ պահանջներին բավարարող ծառայություններ, լիարժեք տեղեկատվություն վարկի, վարկառուի իրավունքների և պարտականությունների մասին:
- Վարկի տեսակների, դրանց տրամադրման գործընթացների, տոկոսադրույքների, դրանց տեսակների մասին տեղեկանալու և այլ օգտակար խորհուրդներ ստանալու նպատակով կարելի է այցելել ԿԲ-ի abcfinance.am կայք:
- Վարկ տրամադրող կազմակերպությունների ցանկին կարելի է ծանոթանալ ԿԲ պաշտոնական կայքից՝ cba.am:
- Վերջիններիս կողմից առաջարկվող վարկերի պայմանները կարող եք համեմատել՝ այցելելով fininfo.am ֆինանսական տեղեկատու համակարգ:
Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ Կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ նմանատիպ կազմակերպությունների (անհատների) կողմից մատուցվող ծառայություններից և վարկեր ստանալու համար դիմել միայն լիցենզավորված, օրինական գործունեություն իրականացնող կազմակերպություններին, իսկ տուժած սպառողներին՝ անհապաղ դիմել իրավապահ մարմիններին:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն