Փաստաբան Արա Ղարագյոզյանի համար կալանավայրում 44 օր հացադուլ անելուց հետո Մհեր Եղիազարյանի մահը ապտակ էր ՀՀ արդարադատությանը: Նա հիշեցրեց, որ նրա մահից մեկ շաբաթ առաջ պաշտպանները դատարանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն էին ներկայացրել, բայց դատարանը մերժել էր:
«Հերթական շաբլոնային որոշումն էր, այսօր ստացվում է՝ դատական համակարգում ընտրովի արդարադատության հետեւանքով այդ մարդը 44 օր տեւած հացադուլից դուրս է եկել ու մահացել է: Սա հերթական ապտակն էր դատական իշխանությանը, քանի որ տեսնում ենք, որ հեղափոխությունից հետո դատական համակարգում դեռ փոփոխություններ չկան: Ընտրովի արդարադատություն է իրականացվում, երբ նախկին իշխանության ներկայացուցիչը կարող է 25 միլիոնով դուրս գալ, իսկ այն անձինք, որոնց գործերը հանրությանը հայտնի չեն, մնում են կալանավորված: Բացի այդ, մամուլից եմ տեղեկացել, որ այդ օրը, երբ անձը դուրս է եկել հացադուլից, կալանավայրում բժիշկ, բուժակ չի եղել: Հացադուլավորների խցերի մասին չեմ էլ ուզում խոսել՝ գարշահոտություն, անմարդկային պայմաններ: Պատկերացնում եմ, թե այդ 44-ամյա անձը ինչ վիճակում է գտնվել հացադուլի այդ 44 օրվա ընթացքում»,- այսօր «Նոյյան տապան» ակումբում ասաց փաստաբանը:
«Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Իրինա Կարապետյանն էլ զարմացած է, թե ինչու Մհեր Եղիազարյանի հարցը պատշաճ չի բարձրաձայնվել նրա կենդանության օրոք: Միաժամանակ՝ իրեն հայտնի են պատճառները. «Չեմ մեղադրում որեւէ մեկին, որովհետեւ կա բացատրություն, որ ինքը չի ուզել ուշադրություն գրավել, իր անունն ավելի պախարակել: Բայց պետք է հասկանալ, որ եթե մարդը անցել է հացադուլի, նշանակում է, որ հարց լուծելու իրավական ճանապարհներն արդեն սպառվել են: Սա նշանակում է՝ դատարաններից այլեւս հույս չկա, եթե մի քանի միլիարդ չես գողացել ու չես կարող մի քանի միլիոն գրավի դիմաց մուծել, դու կմնաս անազատության մեջ: Եթե չունես հետեւորդներ, ֆանատներ, հետեւաբար կմնաս անազատության մեջ, քո հարցը որեւէ մեկը չի լուծի»:
Նա դիմեց նաեւ վերանշանակված արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, որը նախարար նշանակվելուց ի վեր, ըստ փաստաբանի՝ պնդում է, թե քրեակատարողական հիմնարկներում ամեն ինչ լավ է. «Ոչ, ժողովուրդ ջան, ամեն ինչ նորմալ չէ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ