«Մենք ողջունում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները: Ցանկություն ենք հայտնել, որ դրանք լինեն շարունակական: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են այդ ուղղությամբ։ Առաջիկայում նոր հանդիպումներ են: Հանդիպումները պետք է լավ պատրաստված լինեն, որպեսզի իրական արդյունքներ բերեն: Հիմա չափազանց կարեւոր է, որ Արցախի շուրջ միջազգային դրությունը լինի կանխատեսելի եւ հանգիստ: Բարեբախտաբար, այս հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահները միակարծիք են`ռազմական սցենարը կատեգորիկ պետք է բացառել: Մենք պետք է իրատես լինենք ու ապավինենք ողջամտությանն ու բանակցություններին, որոնք ընթանում են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության միջեւ՝ միջազգային հանրության օգնությամբ»,- այսօր Հայ-ռուսական համալսարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ Գ փոխնախարար Գրիգորի Կարասինը:
Հարցին`այս տարի հնարավոր է ինչ-որ համաձայնության գալ, Գրիգորի Կարասինը պատասխանեց, որ դա բավական բարդ հարց է. «Բոլորը ցանկանում են, որ Արցախի խնդիրը արագ լուծվի, բայց պետք է հիմնվել ողջամտության եւ այն բանակցությունների վրա, որը վարում են ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները`միջազգային հանրության աջակցությամբ»:
Դիտարկմանը`հնարավո՞ր է հասնել խաղաղության՝ առանց տարածքների կորուստի, Գրիգորի Կարասինն արձագանքեց. «Այդ հարցին պատասխանել չեմ կարող»:
Նա Հայաստանում է աշխատանքային այցով: Հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Հանդիպումը տեւել է բավական երկար. «Շուրջ կես օր քննարկել ենք երկկողմանի հարաբերություններին վերաբերող հարցեր, որի շրջանակում անդրադարձ է եղել եվրասիական ինտեգրացիային, ՀԱՊԿ-ին, Արցախի հարցին»: Պայմանավորվել են, որ միջազգային հարթակներում համագործակցությունը կշարունակվի: Առաջիկայում`փետրվար ամսին նաեւ կկայանա հայ-ռուսական հանձնաժողովի նիստը:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ