ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ոստիկանությունում հրավիրված ասուլիսին պարզաբանեց, թե ինչպես է Իոսիֆ Աղաջանովի սպանության՝ Մհեր Ենոքյանի խոստովանության վերաբերյալ ահասարսուռ կադրերով տեսանյութը հայտնվել համացանցում:
Հարցին՝ իսկապես հե՞շտ է ՀՀ ոստիկանության արխիվից նման տեսագրությունները վերցնելը, Աշոտ Ահարոնյանը պատասխանեց. «Հեշտ է, երբ դիմում է փաստաբանը: Քաղաքացուն չի տրամադրվի, բայց փաստաբանին տրամադրվում է: Ես չգիտեմ՝ Նարեկ Մալյանն ինչպես է վերցրել: Հրապարակումից հետո մեր քարտուղարությունում նայել ենք. գրությունն ուղարկել է փաստաբանը: Մենք տրամադրել ենք փաստաբանին. գուցե փաստաբանն է տվել: Եթե չեմ սխալվում Նարեկ Մալյանը գրությամբ հայտնել էր, թե ումից է վերցրել տեսագրությունը»:
Լրագրողները հնչեցրին նաև «օրենքով գողերի» Հայաստան մուտք գործելու, ազատ տեղաշարժի հարցը: Աշոտ Ահարոնյանն այս առիթով նշեց. «ՀՀ իրավապահների և հարևան երկրների իրավապահների համար մարդու տեղաշարժի սահմանափակման օրինական միջոցներ կան: Մեր վրացի գործընկերների հետ ամենօրյա համագործակցության մեջ ենք: Մարդու քրեական անցյալը կամ քրեական հեղինակություն լինելը նրա տեղաշարժի սահմանափակման համար հիմք լինել չեն կարող: Կան օրինական հիմքեր, ուստի սահմանափակման նախաձեռնողականությանն ուղղված քայլեր չեն գործադրել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ