Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ալավերդյան. «Մի քանի օր ունենք հաստատելու կամ խայտառակվելու համար»

Հունվար 30,2019 14:31

«Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը ահազանգում է` «Փարոս» ներառական երգչախումբը խնդիր ունի եւ կանգնած է խայտառակվելու վտանգի առաջ, եթե միջոցներ չգտնվեն մեկնելու առաջիկա արտասահմանյան հյուրախաղին:

«Երգչախումբը բացառիկ է նրանով, որ երգչախմբի մեծ մասը սայլակ օգտագործող, չտեսնող եւ այլ հաշմանդամություն ունեցող երգիչներ են: Երգչախումբն ունի 25 տարվա պատմություն: Ես հավատացնում եմ ձեզ, որ այդպիսի կարգավիճակով նման երկարատեւ կոլեկտիվ` այդպիսի հաջողություններով գոյություն չունի»,-ասաց Արմեն Ալավերդյանը:

Բազմաթիվ միջազգային պարգեւների արժանացած «Փարոս» երգչախումբը, Արմեն Ալավերդյանի հավաստմամբ, գոյության 25 տարիների ընթացքում լուրջ մրցույթների ու հյուրախաղերի է մասնակցել, ու միշտ իրենց աջակցել են տարբեր կազմակերպություններ, սակայն հիմնական աջակիցը եղել է պետությունը:

«Դա տրամաբանական է, ճիշտ է, դա նաեւ պատվաբեր է եւ մեր եւ պետության համար, որովհետեւ «Փարոս» երգչախումբը երկիր է ներկայացնում եւ ոչ թե տուրիստական նպատակներով է գնում այլ երկրներ: Անցյալ տարի աշնանը Ֆրանկոֆոնիայի օրերի ժամանակ ֆրանսիական Vox Sirenis հայտի երգչախումբը ցանկություն հայտնեց մեզ հետ հանդես գալ Երեւանում, եւ այնքան տպավորված էին, որ ցանկացան մեծ հրավիրել Փարիզ:

Ես մի քիչ հոռետեսությամբ էի նայում հրավերին, որովհետեւ միշտ էլ լինում են ձեւական հրավերներ, բայց, իսկապես ստացանք պաշտոնական հրավերը ու տեղեկացանք, թե ինչեր են արել այդ մարդիկ: Փաստորեն նախատեսված է 3 համերգ հունիսին, այն էլ ինչ վայրերում, մի համերգը հենց Փարիզի Հաշմանդամների պալատում է, որը հանրահայտ եւ հեղինակավոր վայր է, այնտեղ տեղի է ունեցել Ազնավուրի հրաժեշտի արարողությունը:

Եվս երկու համերգ նախատեսված է հայ համայնքի եւ ֆրանսիացի լսարանի համար: Ես, իհարկե, սովորական ձեւերով կդիմեի գումարի համար, մանավանդ պետությունը երբեք չի մերժել: Ուղղակի հիմա իրավիճակն այնպիսին է, որ նախարարությունները վերակազմավորման մեջ են, չգիտենք կլինի, թե չի լինի մշակույթի նախարարություն:

Առայժմ հարցը քննարկման փուլում է, իսկ Ֆրանսիայում շատ լուրջ մարդիկ պատվիրում են տոմսեր մեր համերգների համար, եւ խայտառակություն կլինի, եթե չգնանք: Մեզ շատ հարմար կլիներ ուղիղ չվերթով մեկնել Փարիզ, բայց մենք հարմարվող ենք, հասկանում ենք, որ դա շատ թանկ է եւ գտել ենք շատ ավելի մատչելի տարբերակ Ստամբուլով թռչելու, ինչն ընդհանուր մեր խմբի համար կկազմի 16600 եվրո, ինչը 10 մլն դրամի չափերում է եւ այն թիվը չի, որ խայտառակության առաջ կանգնենք:

Մենք պետք է անպայման աջակցություն ստանանք համապատասխան պետական մարմնից նաեւ ինչու չէ` երկրի ղեկավարից… Գուցե մի մասն էլ մասնավորը վերցնի իր վրա: Անուններ չեմ հնչեցնի, բայց բոլորս գիտենք, թե ովքեր են հակված եւ անում նման մշակութային եւ սոցիալական ծրագրեր»,- ասաց «Ունիսոնի» ղեկավարը:

Արմեն Ալավերդյանը հստակեցրեց, որ հրավերը հունիսի 16-23-ն ընկած ժամանակահատվածին է վերաբերվում: Նա ընդգծեց, որ իրենք չեն զլանում դիմել սահմանված թղթաբանությանը, սակայն, նրա վկայությամբ, դա բավականին ժամանակատար է. «Մենք ընդամենը մի քանի օր ունենք հաստատելու կամ խայտառակվելու համար»: Նրա հավաստմամբ, ֆրանսիական կողմին իրենք պետք է պատասխանեն մինչեւ փետրվարի առաջին օրերը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031