Լիդիան Ինթերնեյշնլ ընկերությունը երեկ տարածել է հաղորդագրություն, որով հայտարարել է Ամուլսարի և Ջերմուկի տարածքում ստորերկրյա ջրային համակարգերի իզոտոպային (հիդրոերկրաբանական) հետազոտության արդյունքները:
Նոյեմբերի 18-ին նախաձեռնված հետազոտությունը նպատակ ուներ պատասխանելու շահագրգիռ կողմերի բարձրացված տեխնիկական հարցերին: Ջերմուկի և Ամուլսարի տարածքից 25 ջրի նմուշ է վերցվել նմուշարկման տարբեր կետերից: Նմուշները վերցվել են ՀՀ Կառավարության համապատասխան կենտրոնի ներկայացուցիչների ներկայությամբ: Լիդիանի կողմից վերցված նմուշները հետազոտվել են ALS միջազգային սերտիֆիկացված լաբորատորիայում (Չեխիայի Հանրապետություն), տվյալները մշակվել են Golder Assosiates (Գոլդեր Ասոշիեյթս, Մեծ Բրիտանիա) ընկերության գլխավոր հիդրոերկրաբանի կողմից, որի պաշտոնական եզրակացության մեջ մասնավորապես ասվում է.
«Ջերմուկի աղբյուրների և հանքային ջրերի հորատանցքների քիմիական բաղադրությունը բնորոշ է հիդրոթերմալ ջրերին՝ ըստ ըստ դրանց հիմնական և հավելյալ իոնական քիմիական և բնապահպանական իզոտոպային բնութագրերի: Հիդրոթերմալ ջրերն ունեն d13C բաղադրություն, ինչպես նաև հստակ տարանջատված d180 և d2H, d34S, 87Sr / 86Sr և համախառն ալֆա և բետա ակտիվություն, ինչը հստակորեն տարբերվում է մակերևութային և ստորերկրյա ջրերի նմուշներից և համադրելի է հիդրոթերմալ ծագում ունեցող առանձին հոսքի ռեժիմի հետ: Ջրի այս տեսակը չի համընկնում Ամուլսար լեռան տարածքում արձանագրված ստորգետնյա ջրերին և հաստատում է, այն եզրահանգումը, որ Ամուլսարի ստորգետնյա ջրային համակարգը ամբողջովին տարբեր է Ջերմուկի հիդրոթերմալ համակարգից: Որպես ամփոփում՝ հիմնվելով ստորգետնյա ջրերի հետազոտությունների տվյալների և վերլուծության վրա, որոնք ներկայացված են Ամուլսարի ծրագրի 2016թ.-ի ԲՍԱԳ-ում, զուգորդելով սույն հուշագրով ներկայացված հիմնական իոնային և իզոտոպային տվյալները՝ հաստատվում է, որ Ջերմուկի տաք հանքային ջրերի համակարգը Ամուլսարի ստորգետնյա ջրերի և մակերևութային ջրերի հետ հիդրավլիկ կապ չունի»:
Այս հիդրոերկրաբանական հետազոտությունը վերահաստատում է 2013-ին Լիդիանի կողմից իրականացված հետազոտության արդյունքները, որոնք ներառված են Ամուլսարի ծրագրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) և Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (ԲՍԱԳ) փաստաթղթերում, և միանշանակ հաստատում են, որ Ջերմուկի և Ամուլսարի ստորերկրա ջրային համակարգերի միջև հիդրավլիկ կապ չկա:
Հետազոտությունը նախագծվել և իրականացվել է ընդլայնելու դեռևս 2013 թվականին, որպես ելակետային հավաքագրված տվյալների հետազոտությունը, որն այն ժամանակ իրականացվել էր պարզելու Ջերմուկի և Ամուլսարի ջրային համակարգերի միջև հեդրոերկաբանական կապի առկայությունը կամ բացակայությունը: Ջրի նմուշների հետազոտությունը իրականացվել էր Jones Environmental Laboratory (Մեծ Բրիտանիա) կողմից 2013 թվականին և վերլուծվել էր Golder Associates ընկերության կողմից:
Լիդիանը շեշտում է, որ Ամուլսարը նախագծված է և կառուցվում է ժամանակակից լավագույն չափանիշներով՝ բացառելով հանքի ազդեցությունը շրջակա որևէ ջրային համակարգի վրա:
Հիդրոերկրաբանական հետազոտությունը նաև հստակ ապացուցում է, որ Ամուլսարի և Ջերմուկի ջրային համակարգերը կապված չեն:
Ամուլսարի ծրագրում նախատեսված փորձաքննության վերաբերյալ տեղեկություններ
Տեղեկացնենք նաև, որ Լիդիան Արմենիան ՀՀ քննչական կոմիտեի կողմից պաշտոնապես տեղեկացվել է, որ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկություններ դիտավորությամբ թաքցնելու ենթադրյալ փաստի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ընտրվել է ELARD միջազգային խորհրդատվական ընկերությունը՝ Լիդիանի ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստաթղթերում ներառված հետազոտությունները ուսումնասիրելու և պարզելու Ամուլսարի ծրագրի հնարավոր բացասական ազդեցությունների առկայության հավանականությունը և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների հիմնավորվածությունը։ ELARD ընկերության հետ պայմանագիրը, սակայն, պետք է կնքվի պետական ֆինանսավորմամբ և հետազոտության սկզբի ժամկետները դեռևս հայտարարված չեն: Հետազոտությունը նախատեսվում է իրականացնել մինչև 12 շաբաթվա ընթացքում:
ELARD ընկերության տեխնիկական հանձնարարության մեջ ներառվում է.
Ջրային ռեսուրսների վրա ազդեցության գնահատում,
Երկրաբանության վրա ազդեցության գնահատում,
Կենսաբազմազանության վրա ազդեցության գնահատում,
Օդի որակի վրա ազդեցության գնահատում,
Համալիր փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջ քաշված տեխնիկական հարցերի օբյեկտիվ պարզաբանում:
Լիդիանը վստահ է, որ հետազոտությունը կհաստատի ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստթղթերի լիարժեք արժանահավատությունը և որ Լիդիանի ներկայացրած այս փաստաթղթերը կարող են օրինակ դառնալ հետագայում Հայաստանում այլ ծրագրերում կիրառելու համար:
Մինչ այս փորձաքննության մեկնարկը, Լիդիանը ավարտել է տարածաշրջանի ջրային ռեսուրսների հիդրոերկրաբանական ուսումնասիրությունները՝ ընդլայնելով 2013 թվականին իրականացված ուսումնասիրությունները: Դրանք կրկին անգամ հաստատել են, որ Ամուլսարի ծրագրի և Ջերմուկի ստորերկրյա ջրային համակարգերի միջև կապ չկա:
2018 թ. հունիսի վերջից Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով, Լիդիանը հնարավորություն չի ունեցել մուտք գործելու Ամուլսարի տարածք և իրականացնելու շինարարական կամ հարակից աշխատանքներ: Նոր ձևավորված կառավարությունը վերջին հրապարակային հայտարարություններում խոսել է ճանապարհների ապօրինի շրջափակման անթույլատրելիության մասին և օրենքի գերակայություն ապահովելու ու նման ապօրինի շրջափակումները վերացնելու պատրաստակամության մասին: Հաշվի առնելով այս հայտարարված հանձնառությունը, Լիդիանը ակնկալում է Հայաստանի Հանրապետության կառավարությունից ապահովել օրենքի գերակայությունը, վերացնել Ամուլսարի ծրագրի ճանապարհների շրջափակումը և հնարավորություն ընձեռել Լիդիանին լիարժեք վերսկսել աշխատանքներն Ամուլսարի ծրագրի տարածքում՝ համաձայն Ընկերության ունեցած թույլտվությունների:
Մինչ Ամուլսարում շինարարության վերսկսման հնարավորության առկայությունը, Լիդիանը շարունակելու է գնահատել ֆինասական, ռազմավարական և իրավական բոլոր հնարավորությունները:
Լիդիան Ինթերնեյշնլ