Լրահոս
Օրվա լրահոսը

«581 համաներվածից 30-ը կրկին կատարել է 42 հանցագործություն». Արմեն Ղուկասյան

Հունվար 30,2019 13:30

«2018-ի ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվն աճել է 11.2 տոկոսով կամ 2267 դեպքով»,- ՀՀ ոստիկանությունում հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, գնդապետ Արմեն Ղուկասյանը:

Նա ներկայացրեց որոշ վիճակագրական տվյալներ. «2017-ին եղել է 20284 հանցագործության դեպք, 2018-ին՝ 22550: Ընդհանուր հանցագործությունների թվի աճի վրա ազդել է նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվի նկատելի ավելացումը՝ մոտ մեկ քառորդով. 8102-ից դարձել է 10112»:

Դառնալով այն մեղադրանքներին, թե նոր իշխանությունների գալուց հետո հանցագործությունների թիվն աճեց՝ Արմեն Ղուկասյանն ասաց. «2018-ի առաջին եռամսյակում, երբ դեռ նոր իշխանությունները չէին, արձանագրված դեպքերի աճի ցուցանիշը 11.2 տոկոս էր: Ուզում եմ հանրությանը հավաստիացնել, որ հանցավորության նման աճը չպետք է խուճապ առաջացնի հանրության շրջանում, այլ ոստիկանության և հանրության համար ազդակ պիտի լինի դրանց համարժեք արձագանքելու համար»:

Ըստ Արմեն Ղուկասյանի՝ նման աճը բացառիկ չէ. այն արձանագրվել է անկախության տարիներից ի վեր վեց անգամ. «1992-ին 24 տոկոսով աճ, 1996-ին՝ 23.1 տոկոսով, 2000-ին 19.8 տոկոսով աճ, 2008-ին 54.7 տոկոսով՝ բավականին հուժկու աճ, 2013-ին 16.2 տոկոսով և հիմա ունենք 11.2 տոկոս հանցագործությունների թվի աճ»:

ՀՀ ոստիկանության շտաբի պետը հավաստիացրեց՝ ՀՀ ոստիկանությունը լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և ձեռնամուխ է լինում նպատակային միջոցառումների իրականացմանը, այդ թվում նաև գիշերային ծառայությանը:

Դառնալով համաներվածների վարքագծին՝ նա ասաց. «581 համաներվածից 30-ը կրկին կատարել է 42 հանցագործություն՝ մեկը ավազակություն, 28-ը՝ գողություն, որից 10-ը բնակարանային»:

Կրկնահանցագործության և համաներման կապի վերաբերյալ Արմեն Ղուկասյանն ասաց. «Նման հետազոտություն ոստիկանությունում արվել է 10 տարի առաջ: Այդ արդյունքները ցույց են տալիս, որ համաներումից հետո հաջորդ տարի մենք ունենում ենք հանցագործությունների մեծ աճ: Բայց դա բացարձակապես չի նշանակում, որ այդ մարդասիրական քայլը, որ պետությունը հանդես է բերում, չպետք է արվի: Սա քաղաքականություն է, քրեական քաղաքականության մաս է կազմում: Կարծում ենք՝ ուղղակի նման անձինք պետք է գտնվեն տեսադաշտում, լինեն հսկողության տակ: Ցավոք, այսօրվա գործող օրենսդրությունը լիարժեք հնարավորություն չի տալիս նրանց անհրաժեշտ հսկողության տակ պահել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031