Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՊԾ գնդում եղած բուժքույր. «Վիրավոր ոստիկանը կյանքի համար վտանգավոր այտուց ուներ, բայց մեզ արգելեցին տեղափոխել հիվանդանոց»

Հունվար 30,2019 12:53

2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր« խմբի անդամների գործով հերթական դատական նիստում այսօր հարցաքննվեց գործով տուժող ճանաչված Անահիտ Ենգիբարյանը, որը դատարանին հայտնեց՝ գնդի տարածքում է եղել հուլիսի 17-ին, երբ աշխատել է «Շտապօգնություն» ՓԲԸ-ում որպես բուժքույր: Այդ օրը բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի բրիգադը, որի կազմում եղել է Ենգիբարյանը, կանչ է ստացել եւ մեկնել սպասարկելու: «Մտել եմ գունդ, որտեղ երկու շտապօգնության մեքենա կար, որոնք դուրս են եկել, ինչից հետո ես սպասարկել եմ: Համարյա անգիտակից վիճակում տեսել եմ Մխիթար Ավետիսյանին (լուսանկարում՝ ձախից)՝ գլուխն արյան մեջ կորած: Կաթիլային եմ միացրել: Ոստիկաններից մեկն էլ ալերգիա էր ստացել, ինձ նստեցրին մեքենան, որտեղ կաթիլային եմ միացրել նրան, ինչից հետո շտապօգնության բրիգադը նրան դուրս տարավ»,-պատմեց Անահիտ Ենգիբարյանը:

Մխիթար Ավետիսյան

Նա դժվարացավ նկարագրել, թե ՊՊԾ գնդի տարածքում գտնվող անձինք ինչ էին անում, զինված էին արդյոք, թե ոչ. «Ուշադիր չեմ եղել, իմ գործն եմ արել ու գնացել: Տեսել եմ մոտ քսան մարդու, այդ թվում՝ Օսիպյանին, Նիկոլ Փաշինյանին: Ոստիկաններից մեկի ձեռքին էլ քերծվածք կար, որը մշակել եմ: Մյուսն էլ հրազենային վնասվածք ուներ, որը եւս մշակել եմ: Չեմ կարող նկարագրել նրան: Հետո մեզ փոխարինեցին, մենք գնացինք»: Մեղադրող-դատախազը հետաքրքրվեց՝ խմբի անդամները թույլատրե՞լ են դուրս գալ գնդի տարածքից մինչեւ փոխարինող բրիգադի ժամանումը: «Նախ, ես իրավունք չունեի դուրս գալու թույլտվություն հարցնել: Այդպես կստացվեր, որ ես լքում եմ աշխատանքիս վայրը»,-նկատեց բուժքույրը:

Իսկ թե ինչ է իրեն հայտնի ՊՊԾ գնդում զոհերի մասին, Անահիտ Ենգիբարյանը նշեց. «Ասացին՝ փոխադարձ կրակոցներ են եղել, մահացել է մեկ ոստիկան»: Տուժողից հետաքրքրվեցին նաեւ, թե ՊՊԾ գնդում եղած ժամանակ իրեն ինչպես են վերաբերվել զինված խմբի անդամները: «Շատ մարդկային են վերաբերվել»,-վստահեցրեց նա:

Ապա մեղադրյալներից Պավել Մանուկյանը հարցրեց. «Ձեզ գործով տուժող ճանաչո՞ւմ եք»: «Ոչ, չեմ ճանաչել եւ չեմ ճանաչում»,-ասաց Անահիտ Ենգիբարյանը:

Ապա դատախազի միջնորդությամբ հրապարակվեց Անահիտ Ենգիբարյանի նախաքննական ցուցմունքը, քանի որ նա որոշ դրվագներ արդեն չէր հիշում: Նախաքննական ցուցմունքում նա ասել է. «Մեր նկատմամբ բռնություն չի գործադրվել: Չեմ լսել, որ ասեն, թե չի կարելի գնդի տարածքից հեռանալ, բայց հետո բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ մեզ արգելում են հեռանալ, մինչեւ չգա փոխարինող բրիգադը: Ես մշակում էի ոստիկաններից մեկի վերքը, երբ նա հանեց զրահաբաճկոնը, սակայն Արայիկ Խանդոյանը հրահանգեց հագնել, որպեսզի փոխհրաձգության ժամանակ ավելորդ զոհեր չլինեն»:

Նախաքննական ցուցմունքում բուժքույրը նաեւ նշել է, որ վիրավոր ոստիկաններից մեկի մոտ, որի անունը չգիտի, կյանքի համար վտանգավոր այտուց է եղել, եւ իրենք առաջարկել են նրան տեղափոխել հիվանդանոց, սակայն զինված խմբի անդամներն արգելել են՝ հրահանգելով տեղում ցույց տալ բուժօգնություն. «Նաեւ իմացանք, որ հարձակման ժամանակ սպանվել է Արթուր Վանոյանը: Խմբի անդամներն ասում էին, որ ոչ ոքի չէին ուզում սպանել, պարզապես գնդապետը կրակել է իրենց վրա, իրենք էլ պատասխանել են: Իսկ Տեփանոսյանի մահվան մասին իմացել եմ մամուլից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031