«Խաղաղությանն այլընտրանք չկա, խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է», – նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Այս հայտարարությունը ինքնին, իհարկե, կարելի կլիներ քննարկել խաղաղության և պատերազմի մասին տեսական, բացառապես հասկացությունների շուրջ քննարկումների մակարդակում: Սակայն քաղաքական կոնտեքստը թույլ չի տալիս: Իսկ այդ կոնտեքստը ձևավորվում է իշխանափոխությունից հետո ակտիվացած ղարաբաղյան բանակցային պրոցեսով, այդ պրոցեսում ակնհայտ նկատվող խորհրդավորությամբ, ձևաչափերի ու ձևակերպումների փոփոխությամբ:
Մյուս խնդիրն այն է, որ կես խաղաղություն, կես պատերազմ վիճակում տարիներ շարունակ ապրած Հայաստանն ու հայ հասարակությունը դժվար են ընկալում խաղաղություն կամ աղետ երկընտրանքը: Այն հնչում է վերջնագրի պես: Եվ այս իմաստով իշխանությունները պետք է զգույշ լինեն ու կրեն խոսքի պատասխանատվություն: Խաղաղություն ձևակերպումն ինքնին, ադրբեջանական կողմի վարքագծի պայմաններում, Հայաստանում ընկալվում է որպես թուլության նշան, իսկ այդ կասկածելի խաղաղության այլընտրանք աղետն, ընդհանրապես, կարող է հասարակությանը ներշնչել բացասական ազդակներ, խուճապային տրամադրություններ:
Մեծ հաշվով, իհարկե, խաղաղության այլընտրանքը պատերազմն է: Տեսական իմաստով սա կարելի է քննարկել: Սակայն գործնականում ամեն խաղաղություն չէ, որ պատերազմից հուսալի է: Հայաստանը պատմականորեն տեսել է տարատեսակ խաղաղության պայմանագրեր, որոնք ավարտվել են իրապես աղետով, ավելի մեծ աղետով, քան նույնիսկ պատերազմն էր: Ու սրան զուգահեռ նույն մեր պատմությունը ցույց է տվել, որ ցավալի պատերազմները հաճախ ավելի հուսալի գործիքներ են եղել խաղաղության կամ գոնե հարաբերական խաղաղության հասնելու համար: Եվ այս իմաստով իշխանությունները պետք է հասկանան, որ անկախ միջազգային հարթակներում ընդունելի ձևակերպումների տակ ստորագրելուց, Հայաստանն իր պատմությամբ, այդ պատմության փորձով ու դրա գիտակցական կամ ենթագիտակցական ընկալմամբ այս ձևակերպումները կարող է չմարսել:
ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում