ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ խորհրդարանում չկա ընդդիմություն և իշխող մեծամասնությունից բացի, մյուս երկու ուժերը, խոշոր հաշվով, որևէ լուրջ քննադատություն չեն հնչեցրել իշխանության հասցեին: ՀՀԿ խոսնակի հայտարարությունը տարածված տրենդ է, ընդ որում՝ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այն ժամանակի ընթացքում ավելի է ուժգնանալու: Դա կազմում է նոր իշխանության, իսկ ավելի շուտ՝ նոր իրավիճակի դեմ տեղեկատվա-քարոզչական ուժգին արշավի առանցքային գծերից մեկը: Այդ արշավի անթաքույց նպատակը հանրության շրջանում հիասթափության, հուսահատության, ապատիայի, սեփական ձեռքով կամ ոտքով իրականացրած հեղափոխության և փոփոխված իրավիճակի հանդեպ անվստահության առաջացումն է: Մի բան, որի վրա նախկին իշխող համակարգը կառուցել էր իր իշխանությունը և որը հաղթահարելով՝ հնարավոր եղավ առանց որևէ բռնության ու արյունահեղության փոխել իրավիճակը, հեռացնել այդ համակարգն իշխանությունից
Ահա, այդ ռազմավարության կամ մարտավարության առանցքային բաղադրիչներից մեկն էլ այն է, որ Հայաստանում չկա ընդդիմություն, խորհրդարանի մյուս երկու ուժերն այդպիսին չեն և չեն կարող լինել: Դա տարածում են նախկին համակարգի բոլոր մեծ ու փոքր սեգմենտները բավականին հստակ ծրագրված քաղաքական ծուղակը պատրաստելու համար: Ո՞րն է այդ ծուղակը: Խորհրդարանի ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները այդ, այսպես ասած, մեղադրանքին կամ հակաքարոզչությանն ի պատասխան կարող են մտածել հակառակը դրսևորելու մասին, ընկնելով իրենց ընդդիմադիր լինելն ապացուցելու հետևից: Մի բան, ինչը տեղի է ունեցել Հայաստանում տարիներ շարունակ և գործնականում ոչնչացրել ընդդիմություն, քաղաքական դաշտ հասկացությունները: Տարիներ շարունակ ընդդիմություններին ստիպել են ապացուցել, որ իրենք ընդդիմություն են, զբաղվել դրանով: Այդպիսով իշխանությունը կարողացել է հմտորեն կառավարել ընդդիմություններին, անգամ, եթե որևէ կապ չի ունեցել նրանց հետո: Ընդդիմություններն այդպիսով սկսել են գործել ինքնաոչնչացման ռեժիմում:
Ներկայումս գործի է դրվում նույն մեխանիզմը՝ բերել խորհրդարանում հայտնված երկու ուժերին ինքնաոչնչացման ռեժիմ, երբ նրանք ոչ թե կդրսևորվեն իբրև քաղաքական առաջարկի կրող ուժեր, որոնք հանրությանը ներկայանում են ավելի արդյունավետ և համոզիչ քաղաքական պրոդուկտով, այլ ստիպել, որ հանրությանն ապացուցեն իրենց ընդդիմադիր լինելը: Դա նշանակելու է նոր իրավիճակում գործել հին իրողությունների տրամաբանության մեջ: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ խորհրդարան չանցած ՀՀԿ-ն կարողանում է խորհրդարան անցած մյուս ուժերին դե ֆակտո դուրս բերել խորհրդարանից և տանել իր տրամաբանության դաշտ, որտեղ ՀՀԿ-ն կամ նախկին համակարգի ցանկացած ուժ ունի անհամեմատելի փորձառություն, առավելություն և ռեսուրսներ:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում